Ի՞նչ են պատմում Նիսից զոհված հայ կնոջ և ահաբեկչության մասին

Ի՞նչ են պատմում Նիսից զոհված հայ կնոջ և ահաբեկչության մասին

Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով այս պահին երկու հայ զոհի անուն է շրջանառվում, երկուսն էլ երիտասարդ կանայք՝ Արևիկ և Նարինե անուններով։ Քիչ առաջ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ երկրորդ զոհի մասին լուրը հերքվել է, որը, ըստ երեւույթին, Արեւիկն է:



Նիսում բնակվող Hraparak.am-ի մեր հայ զրուցակիցը պատմեց, որ Նարինեն մեկ երեխա ուներ, ամուսնուց էլ նոր էր բաժանվել, ապրում էր միայնակ։



«Քաղաքը տուրիստական, ուրախ քաղաք էր, հիմա դարձել է ստվերների քաղաք, մարդիկ շոկի մեջ են, քարացած են մարդկանց միմիկաները։ Քաղաքի կենտրոնական ծովափի տարածքը ամբողջությամբ փակել են, երեկ գիշերն էլ մարդկանց սրճարաններից չէին թողնում դուրս գալ, մինչև չխաղաղվեր»,- հուզված պատմեց մեր զրուցակիցը։ Ի դեպ, նա էլ էր պատրաստվում իր երեխայի և ամուսնու հետ այդ օրը մեկնել Նիսի Անգլիական զբոսափ՝ մասնակցելու Ֆրանսիայի անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Բայց եղանակը լավ չի եղել, ասում է՝ շատ ուժեղ քամի էր, ու երջանիկ պատահականությամբ հրաժարվել են այդ մտքից, մնացել են տանը։



Նշենք, որ ահաբեկչություն իրականացնողը եղել է Թունիսի և Ֆրանսիայի քաղաքացի։ Նա հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, բեռնատարով մեծ արագությամբ մխրճվել է Նիսի Անգլիական զբոսափին հավաքված մարդկանց հոծ բազմության մեջ։ Զիգզագաձև մոտ 2 կմ առաջ շարժվելով՝ մարդկանց ճզմելուց հետո վարորդը նաև կրակ է բացել նրանց վրա:



«Ոստիկաններին առաջին հայացքից թվացել է, թե մեքենան խնդիր ունի, չի կառավարվում, գոռացել են՝ կանգնիր, կանգնիր, հետո կրակել են մեքենայի կողքերը, ոչ՝ վարորդի վրա, սկզբում չեն մտածել, որ սա ահաբեկչություն կլինի, հետո, երբ հասկացել են՝ ինչ է կատավում, կրակել, սպանել են»,-պատմեցին Նիսից։



Նա նաև նշեց, որ այսօր առավոտյան ինքը մեկնել է արյուն հանձնելու, բայց ասել են՝ առայժմ կարիք չկա։ Նշենք, որ ահաբեկչության արդյունքում զոհվել է ավելի քան 80 մարդ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ