Սա նրանց «ռազբոռկան է», և մենք այստեղ շահելու ոչինչ չունենք. Ախոյանը Թուրքիայի դեպքերի մասին

Սա նրանց «ռազբոռկան է», և մենք այստեղ շահելու ոչինչ չունենք. Ախոյանը Թուրքիայի դեպքերի մասին

ԱԺ պատգամավոր, «Արևմտահայոց ազգային համագումարի» հիմնադիր Արագած Ախոյան Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառների վերաբերյալ մի քանի վարկած ունի։



«Ես կարծում եմ, որ ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո, բնականաբար, որոշակի պռոյեկտներ գծագրվեց՝ Թուրքիայի հետագա կյանքի վրա ազդելու։ Սա՝ մեկ։ Երկրորդը, գոյություն ունի մի քանի պրոյեկտ Թուրքիայի մասով։ Մեկը ամերիկյան պրոյեկտն է, որի մասին խոսում են, դա ֆեդերատիվ Թուրքիայի մասին է, կարծում եմ, և կար նաև ռուսական պրոյեկտը, որն ավելի թույլ էր, որովհետև ռուսական պրոյեկտի մեջ մտնում էր միայն իշխանությունների դեմ լուծվող խնդիրը, այսինքն՝ քաղաքական կամ հետագա աշխարհաքաղաքական խնդիրներ չկային Թուրքիայի հետ կապված»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Ախոյանը։



Հետո նա տրամաբանություն տեսավ նաև Էդողանի և Պուտինի հարաբերությունների մերձեցման հարցում՝ որպես նմանօրինակ իրադարձությունների վտանգի կանխազգացում։
«Ինչու՞, օրինակ, Էրդողանը փարվեց Պուտինի ոտքերին և աղաչեց, որ ների իրեն։ Որովհետև այս վտանգն իրենք արդեն կանխատեսում էին, սա արդեն հասունացած բան էր, և ոչ ոքի թող չթվա, որ սա անհաջող փորձ էր և ավարտվեց։ Սա դեռ սկիզբն է բոլոր այն ծրագրերի, որոնք նախատեսված են»,- նկատեց պատգամավորը։



Ախոյանը նաև խորհուրդ տվեց չոգևորվել Թուրքիայի իրադարձություներից և ավելորդ չհրճվել այն մտայնությամբ, թե այն, ինչ Թուրքիայի համար վատ է, մեզ համար լավ է։
«Մենք այստեղ ոչ մի բան չունենք շահելու, որովհետև սա ուղղակի գյուլենիստների և քեմալիստների «ռազբոռկան է», կոպիտ ասած, և էստեղ մենք անելու ոչինչ չունենք. Ոչ պետք է նրանով հիանալ, ոչ՝ մյուսով։ Նույնիսկ քրդերի առաջնորդ Դեմիրթաշն ուղղակի կարգադրել է, որ ոչ ոք նույնիսկ փողոց դուրս չգա և չխառնվի, որովհետև սա իրենց խնդիրը չի։ Թուրքիայում իշխանության խնդիր է, որտեղ մենք շատ քիչ անելիք ունենք, սա ազգամիջյան խնդիր չէ»,- ընդգծեց պարոն Ախոյանը։



Մեր հարցին, թե ու՞մ կողմից էր կազմակերպված այս ամենը, Ախոյանն ասաց, որ սա ուղղակի իսլամական քարոզիչ Ֆաթհուլլահ Գյուլենի թիմակիցների կազմակերպածն է, Գյուլենն էլ ամերիկյան հովանավորչություն ունի, ուստի, հետքերը տանում են դեպի ԱՄՆ։
«Բայց էն, որ Թուրքիայի ներսում սրանք ընդամենը ձնծաղիկներն են, դա փաստ է»,-նկատեց նա։



Այնուհետև նա զուգահեռներ տարավ ապրիլյան պատերազմում մեր զինվորներին ադրբեջանական բանակի կողմից գլխատելու, Իսլամական պետության կողմից մարդկանց գլխատելու և Թուրքիայում երեկ զինվորականներին գլխատելու միջև։
Ըստ նրա՝ այս ամենի մեջ կապ կա. «Նույն ձեռագիրն է, անողները նույն Թուրքիայի այսօրվա իշխանության ներկայացուցիչներն են։ Եվ Աստված չանի, եթե փախստականների հոսք սկսվի հարևան երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան, և այդ փախստականների քողի տակ իսլամիստներ կարողանան ներթափանցել նաև Հայաստան, չնայած որ մեր սահմաններն այդ առումով բավականին ամուր են»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ