Ինչո՞ւ է Էրեբունիում ինտերնետը վատ աշխատում. Ucom-ը պարզաբանում է

Ինչո՞ւ է Էրեբունիում ինտերնետը վատ աշխատում. Ucom-ը պարզաբանում է

«Յուքոմ» ընկերության 3G շարժական ինտերնետը արդեն 3-րդ օրն է, ինչ Նար-Դոս, Խորենացի փողոցերում հասանելի չէ։ Այս ամենը խնդիրներ է ստեղծում այս համակարգից օգտվող լրատվամիջոցների ներկայացուցիչների և տարածքի բնակիչների համար։ 



Քաղաքացիները զանգահարել են «Յուքոմ»-ի օպերատորներին և ստացել նման պատասխան. «Զանգում ենք, ասում են՝ որտեղ եք գտնվում, ասում ենք՝ Նար-Դոս, ասում են՝ տեղանքից է, վերջին իրադարձությունների հետ կապված, չգիտենք, թե ինչ է եղել, մասնագետները պարզում են։ Չգիտենք ինչ Գյուլնազ տատու հեքիաթներն են պատմում, նույն պատասխանն էլ այսօր են տալիս, նույնն էլ Էրեբունի համայնքում, Տիգրան Մեծի պողոտայում։ Կարծում ենք՝ վերևից հրահանգ ունեն անջատեն, կամ տվյալ տարածքում գերծանրաբեռնված է, որը շատ քիչ հավանական է»։



Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք «Յուքոմ» ընկերության մարքետինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանի հետ։ Վերջինիս խոսքերով՝տեխնիկական խնդիրներ մշտապես ունենում են, բայց առանձնահատուկ ոչինչ չկա, ենթադրվում է, որ խնդիրը զուտ ծանրաբեռնվածության մեջ է, որը փորձում են լուծել վերջին 4 օրերի ընթացքում։ «Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մենք էլ անընդմեջ ճշտում ենք, թե ինչ է կատարվում, տեխնիկական խնդիրներ կան, բայց այդպես առանձնահատուկ ոչինչ։ «Յուքոմ» ընկերության կողմից տեխնիկական խնդիրներ նկատվում են, այլ բան չեմ կարող ասել։ Որևիցե այլ խնդիր մեզ մոտ չկա, տեխնիկական խնդիրները փորձում ենք վերացնել, անընդմեջ վերացնում ենք, հնարավոր է մեծ կուտակումների պատճառով է լինում՝ չենք կարող ասել։ Խնդիրը չենք կարողանում հասկանալ, չեմ կարող ասել, երբ կվերջանա դա»։



Տիգրան Սաֆարյանի խոսքերով՝ հավանաբար ինչ որ խնդիր կամ խանգարող հանգամանք կա, որը խափանում է ծառայության աշխատանքը, բայց «Յուքոմ» ընկերության կողմից ոչինչ անջատված չէ, ամեն ինչ նորմալ է։ Նա նաև նշեց, որ այս խնդրի վերաբերյալ հատկապես Էրեբունու տարածքից իրենց գրասենյակ ահազանգերը բազմաթիվ են եղել։