Մի քանի ժամ ՊՊԾ գնդում (ֆոտոշարք)

Մի քանի ժամ ՊՊԾ գնդում (ֆոտոշարք)

«Իմ հայ ժողովուրդ, մեռնեմ Ձեզ», ահա այս խոսքերով այսօր ՊՊԾ գնդում լրագրողներին դիմավորեց Արայիկ Խանդոյանը, նույն ինքը՝ Միայնակ Գայլը: Բայց մինչ գնդում տեղի ունեցածի մասին, անդրադառնանք դրանից առաջ տեղի ունեցած իրադարձություններին` մամուլի կենտրոնի ստեղծմանը, լրագրողներին այնտեղ տեղափոխելուն:



Ինչո՞ւ ստեղծվեց մամուլի կենտրոն, ինչպե՞ս լրատվամիջոցները հայտնեցին գրավված գնդում



Հուլիսի 23-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել է, որ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: Այս տեղեկությունը անմիջապես շրջանառվեց բոլոր լրատվամիջոցներում և վայրկյան առաջ փորձում էին կապ հաստատել Վարուժան Ավետիսյանի հետ՝ իրենց անունը ԱԱԾ-ին ներկայացրած ցանկում ապահովելու համար: Ժամը՝ 14:50, բոլոր լրագրողները պետք է կազմ ու պատրաստ լինեին Խորենացի փողոցում՝ անտեղից գնդի տարածք մեկնելու համար: Եվ ահա վրա հասավ սպասվածպահը, և ոստիկանական հատուկ միկրոավոբուսներով՝ ԶԼՄ ներկայացուցիչները շարժվեցին դեպքի վայր, բայց այստեղ «փորձություններ» կային հաղթահարելու: Ոտքից գլուխ զննում անցնելուց հետո, բոլորս պետք է թողնեինք մեր իրերը, բոլոր տեսակի կապի միջոցները, միայն իրավունք ունեինք վերցնել ձայնագրիչ, տեսախցիկ, ասացին` ուղիղ եթերը բացառված է: 



Պայմանավորվածությունը խախտել էին 



Ինչպես Վարուժան Ավետիսյանը նշեց՝ խախտվել է իրենց պայմանավորվածությունը, նրանք պայման էին դրել, որ լրագրողները կարող են մտնել տարածք՝ իրենց բոլոր տեխնիկական միջոցներով, այդ թվում շեշտել էին՝ ուղիղ եթերի առկայությունը, բայց...:Այս ամենը բարկացրեց Արայիկ Խանդոյանին, վերջինս էլ՝ պահանջեց, որպեսզի լրագրողներին վերադարձվի տեխնիկան: Մոտ մեկ ժամ անց բոլորն արդեն կարող էին վերցնել իրենց հեռախոսները, կապի միջոցները, պայուսակները:



Կիսաքանդ բակ, նախագահի պատռված նկար



Գնդի բակ մտնելուն պես՝ կարող ես տեսնել մի հատված, որտեղ փլուզվել է պատը, նաև այն մեքենան, որով «Սասնա ծռերի» անդամները մուտք էին գործել տարածք: Գրեթե ամեն տեղ փակցվել էր «100 ամյակը առանց ռեժիմի» գրությամբ դրոշը: Իսկ փողոցի մեջտեղում էլ ՀՀ նախագահ Սերժ Սագսյանի նկարն էր՝ շրջանակը կոտրված, պատառոտված վիճակով:



Միջադեպ լրագրողների հետ, իսկ վերջում` կրակոցներ



Մի քանի ժամ գնդի տարածքում մնալուց, անդամների հետ զրուցելուց հետո պահն էր հասել հրաժեշտի: Երբ լրագրողները իրենց աշխատանքն էին կատարում, ԼՂ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտնեց, որ արագացնեն, չշարունակեն նկարելը և հեռանան տարածքից, ինչն էլ վիճաբանության պատճառ դարձավ: Իսկ վերջում, երբ արդեն հեռանում էին լրագրողները, «Սասնա Ծռեր» անդամների կողմից հնչեցին կրակոցներ` ուղղված երկինք: Սասնա ծռեր խմբի անդամ Աշոտ Պետրոսյանն իր ձեռքում եղած ատրճանակից կրակահերթ արձակեց: Նա հայտարարեց, որ կրակում է ազատ խոսքի համար: Եւս մի քանի կրակոց էլ հնչեց ՊՊԾ գնդի դարպասների մոտ: ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը կրակոցներից հետո սկսեց բղավել խմբի անդամների վրա: Լրագրողներին արագ հեռացրին միջանկյալ տարածքից: ՊՊԾ գունդը գրաված զինյալները ձեռքով հրաժեշտ տվեցին լրագրողներին: