Հաճելի բռնատիրություն

Հաճելի բռնատիրություն

Մեր օրը լիքն է բանտերից ու կալանավայրերից եկող ուղերձներով, հայտարարություններով, պայքարի կոչերով, քաղբանտարկյալների առողջական խնդիրների մասին տեղեկանքներով: Անգամ գյուղապետ դառնալու ցանկության մասին հայտարարություն կա: Վատ չէ, իհարկե, որ հասարակությունը տեղեկացված է ճաղավանդակից անդին հայտնված իր զավակների առօրյային: Փաստաբաններն ու ՄԻՊ ներկայացուցիչներն էլ կողքներին են՝ 24-ժամյա ռեժիմով: Նկատվում է, որ ներսիններն էլ դրսից են անարգել ինֆորմացիա ստանում, թերթեր, համացանց, ոմանց դեպքում՝ նույնիսկ հատուկ բանավոր փոխանցումներ, բանագնացներ, շփումներ պաշտոնյաների հետ եւ այլն:
ՔԿՀ-ից տեղ հասնող հայտարարություններում եւ ուղերձներում, սակայն, կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ մեր երկրում բռնատիրություն է հաստատվել, իսկ ղեկավարներն էլ բռնակալներ են: Իմ կարծիքով, այստեղ ակնհայտորեն ինչ-որ բան սխալ է: Բռնապետության ու բռնատիրության պայմաններում մենք այդ ուղերձ-հայտարարությունների հեղինակների տեղը կարող էինք նույնիսկ չիմանալ, մինչդեռ... ՔԿՀ-ից, ինչպես Իլյիչը աքսորավայրից, Վարուժան Ավետիսյանը հեղափոխություն է ղեկավարում: Ընդ որում՝ ոչ թե ընդհատակյա կապավորների միջոցով, այլ՝ մամուլով: Գարեգին Չուգասզյանն ընդհատակից ավելի շատ հարցազրույցներ է տալիս, քան անում էր իր ազատության բորբ օրերին: Հարգելիներս, իմ տանջված հեղափոխականներ եւ քաղբանտարկյալներ, եթե Հայաստանը, այնուամենայնիվ, բռնապետություն է, իսկ ղեկավարները՝ բռնակալներ, ապա, դատելով ՔԿՀ-ների եւ ընդհատակի միջեւ հասարակության ակտիվ կապից, պետք է ասել, որ մենք ունենք բավականին հաճելի բռնատիրություն եւ շատ համակրելի բռնակալներ:



Անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ձեր պայքարին, դուք շատ համոզիչ եք:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ