«Ժառանգությունում» գնա՞ցք է շրջվել

«Ժառանգությունում» գնա՞ցք է շրջվել

«Ժառանգություն» կուսակցությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին չի մասնակցելու տեխնիկական պատճառներով: Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում հենց այսպես է բացատրել կուսակցության բացակայությունը՝ չնշելով, թե այդ ինչ տեխնիկական պատճառ է ի հայտ եկել, որ խորհրդարանական քաղաքական ուժը չի կարողանում մասնակցել քաղաքական պրոցեսին:



Միանգամից նշեմ, որ Արմեն Մարտիրոսյանն այնքան էլ հաջող բան չի ասել: Ի՞նչ է նշանակում՝ տեխնիկական պատճառը քաղաքական ուժի պարագայում: Գրասենյա՞կն է փլվել, խոշոր դե՞մք է ոչ ևս եղել, փո՞ղը տեղ չի հասել, իսկ գուցե այս իշխանությունե՞րն են տեխնիկական արգելքներ հարուցել: Եվ ապա, եթե որևէ կուսակցության համար անլուծելի է սեփական տեխնիկական խնդիրը, ապա ինչպե՞ս պետք է այդ կուսակցությունը լուծի մի ամբողջ քաղաքի տեխնիկական և մնացած բնույթի խնդիրները:



Արմեն Մարտիրոսյանը փորձել է կոծկել բուն խնդիրը՝ մարդուժի պակասը կամ բացակայությունը: Եվ, որպեսզի դա անի շատ համոզիչ, հայտարարում է, թե միայն Վանաձորում հանձնաժողովի 500 անդամ են լիցենզավորել: Թիվը, ինչպես նկատեցիք, կլոր է, բայց, գրողը տանի, թիվ կրակելու հարցում իրենց հավասարը չունեցող «Հայկական վերածնունդի (նախկին ՕԵԿ) առաջնորդներն անգամ վեր թռան: Պարոն Մարտիրոսյան, եթե հաշվի առնենք, որ Երևանը Վանաձորից 15 անգամ մեծ է, կարելի է ասել, որ Երևանում մոտ 7500 հանձնաժողովական եք լիցենզավորել արդեն: Տպավորիչ է, այնպես չէ՞: Երևի որոշել եք հանձնաժողովներում բոլոր տեղերը վերցնել:



Պարոն Մարտիրոսյան, քաղաքական կուսակցությունը միայն մեկ դեպքում կարող է խոսել տեխնիկական խոչընդոտի մասին: Դա այն դեպքն է, երբ նույն կուսակցության յուրաքանչյուր անդամ իր սեփական գաղափարախոսությունն ու մարտավարությունն ունի, որոնք հակասության մեջ են մյուս կուսակցականների գաղափարախոսության և մարտավարության հետ:



Ես ավարտեցի:



Հուսամ՝ «Ժառանգությունում» գնացք չի շրջվել «Սասնա ծռերի» պատճառով: Այդպես երբեմն պատահում է, երբ քաղաքական ուժը դառնում է պատահական հարթակի, շատ ներողություն, ծաղրածու:



Էդիկ Անդրեասյան