Ինչպես փրկել Հայրենիքը կործանումից

Ինչպես փրկել Հայրենիքը կործանումից

Հոդվածում արծարծված «Ուտոպիան» մտահղացվել է շատ վաղուց (տես՝ Հետգրությունը) և գրի առնվել շուրջ չորս ամիս առաջ՝ ի աջակցություն ՀՀ վայ-իշխանավորաց (տես՝ Հոդվածը), ապա ներկայացվել հայտնի կայքերից մեկին, սակայն հեղինակին անհայտ պատճառներով չի հրապարակվել: Հոդվածը «Հրապարակին» է ներկայացվել 22.07.2016թ. և հրապարակվում է՝ հուսալով, որ վերջին օրերի «ահաբեկչական» (իրականում՝ ապստամբական) դեպքերի լույսի ներքո այն ամենևին էլ չի կորցրել իր արդիականությունն ու հրատապությունը: Ինչ ավարտ ու հանգուցալուծում էլ ունենա ներկա խոլ ընդվզումը (որ հավանաբար դեռ շարունակություն է ունենալու, քանզի բանը ձերբակալություններով ու կալանավորումներով չի սահմանափակվում լոկ), այդուհանդերձ ոչ մի բիրտ բռնություն այլևս երբեք դույզն իսկ չի կարող ստիպել, որ դուրս պրծած ջինը վերադառնա նեղլիկ ծակուռն իր, որովհետև շշի բերանը խցող խցանը կորել է անդարձ (վկա՝ «մեծավորաց» խոսուն լռությունը): Ահավասիկ, սա էլ «ցնդած» հեղինակի այս «ուտոպիաշունչ» հոդվածի ուշ (բայց ոչ ուշացած) հրապարակման մեն-միակ պատճառը:



ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ



(Բաց նամակ-առաջարկություն՝ ի պատասխան ՀՀ վարչապետի գարնանային առաջարկի)




ԳԻՏԱԿՑՎԱԾ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱՆ՝
ՈՐՊԵՍ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔ ԵՎ
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ



Ցանկացած հետույք հնարավոր է տեղավորել ցանկացած
գահավորակի մեջ, բայց ամեն գլուխ չէ, որ արժանի է թագադրման:



/սկիզբ/



Երկրի առջև ծառացած խնդիրները պահանջում են շուտափույթ և ոչ ստանդարտ լուծումներ, ինչին կարելի է հասնել մի զարկով՝ ինդուլգենցիայի միջոցով: Նորեն ու նորեն կրկնում ենք՝ եթե առկա է գեթ մազաչափ կամք ու պատասխանատվության զգացում, եթե իշխանավորներն իրապես դասեր են քաղել (եթե իրականում ընդունակ են այդպիսի դասեր քաղել) վերջին անբարենպաստ իրադարձություններից՝ ապրիլյան պատերազմական թոհուբոհից ու դրա հետևանքներից (միայն թե՝ պետք չէ հաղթական ուռա-ճամարտակություններ), եթե «ընտրյալների» մեջ իսպառ չի մեռել հայն ու մարդը: Հայ մարդը:



Իհարկե, այդչափ միամիտ չենք՝ մտածելու, թե այդպիսի որոշումն առանձնակի հեշտությամբ կտրվի նրանց: Ավելին՝ բոլորովին էլ հակված չենք կարծելու, թե ընդհանրապես այդօրինակ հավաք կազմակերպելն ինչ-որ դյուրին ակնկալվող մի բան է: Չէ՞ որ այդ դեպքում՝ ինդուլգենցիայի իրականացմամբ, նախ գրողի ծոցը կկորչեն բոլոր կոմպրոմատները և այլևս ոչ ոք ոչ ոքի չի կարողան սպառնալ դրանցով: Արդյոք հենց միայն դա չէ՞ առաջարկվող ձեռնարկումը կանխող, հենց խանձարուրում այն մի շնչում խեղդամահ անող ամենալուրջ հանգամանքը:



Սակայն մյուս կողմից էլ կուզեինք հավատալ, որ խոշոր կապիտալի մեր նորօրյա տերերն ավելի հասուն կգտնվեն իլֆ-պետրովյան ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոյից, գիտակցելու համար, որ մասը փոքր է ամբողջից, և որպեսզի չկորցնեն ամբողջը, պիտի զիջեն մասը: Ու որ այսուայն կողմ փախուստն էլ ի վերջո չի փրկելու իրենց, ինչպես և ժամանակին չփրկեց հենց նույն Կորեյկոյին: Հարկ է ամենից առաջ գիտակցել նաև, որ ինդուլգենցիայի արդյունքները սակավ գրավիչ, նվազ հրապուրիչ չեն, կրկնում ենք՝ հենց իրենց համար. ամենքը կսկսեն ավելի ազատ գործել: Առավել արդյունավետ կլինեն իրականացվող ներդրումները, նախ՝ որ ասպարեզ կիջնեն բազմամիլիոն թաքցված գումարներ (չգիտես՝ ո՞ր օֆշորներում) և իհարկե ազատորեն ու անկաշկանդ կգործեն դրանց փրկագնված տերերը, ապա և այդուհետ նվազագույնի կհասցվի ներդրումների փոշիացման վտանգը, քանի որ իրականում արդեն կգործի տիրոջ սրտացավության սինդրոմը, իսկ նոր թալանի գայթակղություն ունեցողների՝ մոլուցքի վերածված այդ կարգի մղումները շատ արագ կկանխվեն իրոք սրտացավ տերերի կողմից: Իսկ թե ինչ կարող է տալ ներդրումների արդյունավետությունը՝ զուտ շղթայական ռեակցիայի սկզբունքով, ավելորդ մեկնաբանությունների կարիք չի զգացվում:



Այնպես որ նրանք ոչ միայն կարող են, այլև ամենեքյան պարտավոր են այդպիսի մի հավաք անհրաժեշտաբար իրականացնել, դարձյալ չխուսափենք կրկնել, եթե իրոք իրենց համարում են մեր Երկրի տերերը, եթե չեն պատրաստվում ինչ-որ մի միջոցի հանկարծ ու ճողոպրել (չէ՞ թե արդեն ասացինք, որ ճողոպրելը փրկություն չէ, վկա՝ Կորեյկոն): Այդ պարագայում նրանք հիրավի տիրոջ սրտացավությամբ (և ոչ թե՝ երևութապես) պիտի մոտենան Երկրին վերաբերող ցանկացած հարցի: Այս առումով, եթե մեր Երկիրը դիտենք որպես մի մեծ ընտանիք, անտարակույս մեծ մեղք գործած չենք լինի: Իսկ ամեն ընտանիքի հոր ամենաուղղակի և սուրբ պարտականությունների մեջ ամենաառաջնահերթը հենց ընտանիքի հոգսերը հոգալն է, ինչն իր մեջ ներառում է ընտանիքը պահել-պահպանելը, սնելը, գուրգուրելը, մի խոսքով՝ արժանավայել խնամելն ու պաշտպանելը, ինչու չէ՝ նաև ընդարձակելը: Այնպես որ այս առումով մեր իշխանավորներին հարկ է դիտել ոչ թե Երկրի «տերեր», այլ հենց Երկրի հայրեր (ինչպիսին իրենք էլ իրենց չեն պատկերացնում)՝ դրանից բխող բոլոր իրավունքներով ու անկասկած նաև պարտականություններով: Թեպետև ցավոք նրանք իրենց վերապահել են առայժմ միայն իրավունքները՝ փիս հարբեցող ու միանգամայն անարժան հայրերի հանգույն: Ահա թե ի՞նչու հակված ենք կարծելու, որ ժամանակն է հիշել նաև սեփական հայրական պարտականությունների մասին:



Եվ ի վերջո փորձենք նաև հարցին մոտենալ զուտ քրիստոնեաբար՝ ավելի քան 17 դարերի բարձունքից: Հետո՞ ինչ, որ մեր հոգևոր դասը՝ տարաստիճան հոգևոր շատ հայրեր նույնպես, այս կամ այն չափով այս կամ այն կերպ, միջնորդավորված կամ անմիջականորեն մասնակից են բիզնես գործընթացներին, հատկապես շինարարության տեսքով, ուստի և նրանք էլ ինդուլգենցիայի կարիք և հնարավորություն կունենան: Այնպես որ, եթե մենք իրոք ամենահին քրիստոնյա ազգն ենք, իսկ դա այդպես էլ կա, գոնե մենք մեզ այդպիսին ենք համարում, ուրեմն ապացուցենք: Ապացուցենք ոչ միայն խոսքով՝ կղերական քարոզներով ու կոմսոմոլաշունչ ճառերով, այլ նաև՝ իրական գործով: Գործով, ինչպիսին կարող է լինել և պիտի լինի հենց առաջարկվող գիտակցված և կամավոր ֆինանսական ինդուլգենցիայի կիրառումը:



Ո՞րն է մեր մեկնակետն այս առումով: Նախ և առաջ՝ աներկբայորեն այն, որ Քրիստոսն արգելում է անխորհրդաբար դատելը, ինչն անկասկած կարելի է դիտել որպես նրա՝ ընդհանուր առմամբ մարդասիրական ուսմունքի առավել ուշագրավ և առանցքային քարոզներից մեկը, և դա վկայված է կարծես թե բոլոր Ավետարաններում: Այնպես որ ինդուլգենցիայի մեր պնդումը բխում է հենց իսկ աստվածաշնչյան անառարկելի ճշմարտությունների գիտակցումից և առավելապես հենվում է այդ նույն և անանց ճշմարտությունների ընկալման վրա, քանզի դրանք անհերքելի են:



Այսպես, թեև մի տեղ ուղղակի ասվում է. «Մի դատէք, որ չ̓դատուիք: Որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, նորանով պիտի դատուիք. եւ ինչ չափով որ չափում էք, նորանով կ̓չափուի ձեզ»:



Ապա նաև հորդորում, թե՝ «Բարութիւնը մի խնայիր որին որ կ̓վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու»:**



Իսկ ի վերջո՝ չանսալու դեպքում՝ նախազգուշացնում. «Եթէ մէկն ականջ ունի թող լսէ: Եթէ մէկը գերութեան քաշէ, գերութեան պիտի քաշուի. եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի. այստեղ է սուրբերի համբերութիւնը եւ հաւատքը»:***



Վերջում չենք կարող ևս մեկ զեղում թույլ չտալ մեզ, իհարկե՝ որպես ամփոփում: Հայկական դիցաբանության առավել հակասական կերպարներից է արքայազն Արտավազդը, որ իր հոր հուղարկավորության ժամանակ դժգոհում է, թե՝ «Մինչ դու գնացեր, Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, Ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ», ինչի համար հոր հոգին անիծում է նրան:****



Այդ պատճառով էլ Պատմահայր Խորենացին և ընդհանրապես հայ բանասիրական գիտությունը քննադատաբար են մոտենում Արտավազդի կերպարին: Բնավ մտադրություն չունենալով առարկել հիրավի հայ մտքի և հոգու հզորագույն այրերից մեկին կամ բանասիրական քննարկում առաջարկել ու բանավեճ հարուցել, այնուամենայնիվ կարծում ենք, որ Արտավազդի բողոքը պետք չէ այդչափ արգահատելի դիտել: Ո՞ւր էր՝ թե մեր ներկա իշխանավորները նույնպես որոշակի չափով զգուշանային ավերակաց վրա թագավորելու հեռանկարից, ինչն իրենց առումով միանգամայն առավել իրական սպառնալիք է, քան՝ է´ր Արտավազդի համար…



Այնպես որ, եթե կուտակված միջոցները այսօր չծառայեցվեն Երկրի իրական անվտանգության բարձրացման ու պաշտպանունակության ամրապնդման գործին՝ հող ստեղծելով նաև հետագա շենացման համար, ապա մոտ ապագայում իրենց իսկ բազմաթիվ ու տարակերտ դղյակներն անխոս կդառնան լքված Հայրենիք ներթափանցած նորօրյա քոչվորների սեփականությունը: Առավել ևս՝ ձգտողները սակավ չեն: Եվ ուրեմն՝ ո՞վ ավելի կկորցնի, եթե ոչ «ընտրյալ» տիկնայք ու պարոնայք: Նրանց հարկ է հիշել նաև, որ անժողովուրդ Հայրենիքում իրենց «քաջարի» թիկնազորն անգամ ամենևին էլ ի զորու չի լինելու իրենց պաշտպանել:



Այսպիսով, մեկ էլ կրկնենք, որ թեև այնքան էլ մեծ ակնկալիքներ չունենք, թե այդ վերևներում մեր այս «միամիտ» մոտեցմանն ականջալուր կլինեն, որովհետև անդ ամենեքյան կոմսոմոլյան շունչն ու ոգին է գերիշխողը (զորօրինակ՝ «պտիչկա-գալոչկա», «պակազուխա» և էլի համանման լիքը ուրիշ բաներ՝ գործի փոխարեն գործ անելու երևութականություն ստեղծելով), ինչի ամենաուղղակի արդյունքներից է նաև առկա իրողություններին նոցա կողմանե ցուցաբերվող հիրավի ջայլամային մոտեցումները (ասենք՝ երբեմն զորեղների վախից գլուխն ավազների մեջ թաղելու տեսքով, իսկ երբեմն էլ իրենց իրավամբ հակադրվողներին՝ յուրային ժողովրդին, կուրորեն հալածելու և դաժան աքացի հասցնելու գործողությամբ), որք շատ հաճախ լիովին արտահայտվում են նաև ուղտի վրա նստած, բայց կուզեկուզ ման գալու հանգամանքով (որ արդ հիմնավոր սովորույթի է վերածվել), հետևաբար և իրական ու գործուն ինչ-ինչ քայլեր, նույնիսկ ամենամեծ ու անակնկալ ցանկության դեպքում կարծես թե հնարավոր չեն, այնդուհանդերձ չենք զլանա մի վերջին կոչ հղել նրանց (այստեղ էլ մեկնակետ ունենալով, որ գուցե իշխանական վերնախավում թերևս առկա է որոշակիորեն իրատեսական գիտակցում, գոնե թե որոշ անհատների մոտ, որ ներկա հույժ անբարենպաստ իրավիճակը լուրջ վտանգներ է պարունակում ոչ միայն ողջ Երկրի, այլև առավելապես հենց իրենց համար, ինչն էլ նրանց կարող է մղել գործնական քայլերի).



- Եվ ուրեմն, օ˜ն, առա´ջ: Հիրավի´, այլևս քարերը հավաքելու ժամանակն է: Եվ խոսքը (թերևս՝ քայլը) ձերն է, «ընտրյալ» տիկնայք և պարոնայք: Առայժմ: Արդ իսկը ժամանակն է ձեր դատարկ խոսքերից իրական գործի անցնելու, կոնկրետ քայլ կատարելու, ինչն առաջարկվում է ձեզ: Ու թե չեք ուզում հայտնվել հայոց բազմադարյա պատմության գարշահոտ աղբանոցում որպես նորօրյա վեստսարգիսներ ու պետրոսգետադարձներ, մելիքշահնազարներ ու մելիքֆրանգյուլներ, ապա գործեք: Եվ անհապաղ: Առանց տեղի տալու նաև արտաքին ճնշումների առջև. ախր գիտենք, որ այդ առումով էլ եք խիստ խոցելի, այլոց թելադրանքին ենթակա (թերևս չէր խանգարի գեթ մեկ անգամ էլ սեփական ժողովրդի թելադրանքին ենթարկվել, ինչն ամենևին էլ նվաստացուցիչ չէ, ինչպես դուք եք կարծում հավանաբար): Բայց դուք էլ ձեր հերթին գիտցեք, որ այլապես միառժամանակ հետո արդեն ինդուլգենցիայի համար ուշ կլինի: Փոխարենը հավանաբար ի հայտ կգան բոլորովին այլ գործիքակազմեր, և գուցե թե ավելի գործուն գործիքներով (կարծես թե սաղմերն արդեն իսկ նշմարվում են): Ահավասիկ, որպեսզի գործն ի վերջո այլ միջոցների, արմատական այլ քայլերի չհասնի, մի վախեցեք կտրուկ փոփոխություններից, միևնույն է՝ չեք խուսափելու ձեր իսկ ստանձնած պատասխանատվությունից: Որովհետև դուք էլ գիտեք, որ այսպես շարունակել այլևս չի կարելի, հնարավոր չէ, այլևս հրամայական անհրաժեշտություն է հիմնախնդիրներին արմատական լուծումներ տալը՝ լճացման (ավելի ստույգ՝ ճահճացման) գործընթացների շարունակականությունը (դրանից բխող բոլոր բացասական հետեւանքները) կանխելուն ի նպաստ: Ուստի, այդ իսկ տեսլականին հասնելու համար, իրապես առաջ շարժվելու համար առաջին քայլը գիտակցված և կամավոր ֆինանսական ինդուլգենցիան է, որից հետո միայն հնարավոր կլինի ձեռնամուխ լինել իրապես արմատական բարեփոխումների կատարմանը, հետագա տնտեսական ազատականացմանը, առանց ինչի հնարավոր չէ մեզ այնքան անհրաժեշտ տնտեսական աճ ապահովելը, իսկ առանց ինչի էլ միանգամայն անհնար է դուրս գալ շարունակական ճգնաժամից ու երկրի զարգացման մասին մտածել: Մնացած բոլոր ճամարտակությունները (դեկլարատիվ պայքար կոռուպցիայի, մենաշնորհների դեմ և այլն, և այլն) ոտուգլուխ եղած-չեղած ընդամենը ժամավաճառություն են: Որովհետև առանց մենաշնորհների վերացման, առանց առողջ մրցակցության, առանց տնտեսության առողջացման Երկիրը չի կարող պայծառ ապագայի որևէ բարեպատեհության հույսն ունենալ, դույզն իսկ հուսալ, որ տնտեսության մեջ երբևէ գոնե ներքին ներդրումներ կկատարվեն ու զարգացման ուղիներ կուրվագծվեն, իսկ այս պահիս արտաքին ներդրումների մասին երազելն անգամ հիրավի´ անմտություն կլինի: Այնպես որ գիտակցված և կամավոր ֆինանսական ինդուլգենցիային այլընտրանք չկա: Հիշե´ք, անպայման հիշե´ք, որ դուք առաջինները չեք (թերևս կարող եք վերջինները լինել) հայոց նախարարական շարքերից (ընդ որում՝ ազնվական էլ չեք), որք երբեմն էլ մեր բազմաչարչար պատմության մեջ ազգադավ դրսևորում, դեր ու նշանակություն են ունեցել, եկել-անցել են և անհետ կորել պատմության մթամած քառուղիներում: Ձեզնից ավելի հզոր նախարարական տներ են եղել՝ Անձևացիներ և Արծրունիներ, Գնթունիներ ու Գնունիներ, Խորխոռունիներ ու Կամսարականներ, Մամիկոնեից ու Մարդպետունիներ, Ռշտունիներ ու Սլկունիներ, Սյունիներ և այլք, և այլք, իրապես ազնվական: Էլ չասեմ զորընդեղ արքայական գահերը՝ Արշակունինե˜ր, Բագրատունինե˜ր... Ո՞ւր են հիմա: Հազար տարի առաջ հազար ու մի եկեղեցիների Անի ենք ունեցել. պերճաշուք մայրաքաղաք, որով ազգովին միշտ հպարտանում ենք: Որտե՞ղ են այդ եկեղեցիները, ո՞վ կարող է գեթ մի կանգուն (չեմ ասում՝ գործող) եկեղեցի ցույց տալ, այն պարագայում, երբ պերճաշուք Անին ինքն այլևս ոչ ևս է: Իսկ հզորազոր նախարարական տներն ու թագավորական գահերը ցանուցիր եղան, քանի որ իրենց ժամանակին ճիշտ նույն կերպ վարվեցին պետության ու պետականության հետ: Իսկ օրինակ արիազարմ Արծրունիները, որ բազում դարեր շարունակ անձուկ տվայտանքով գահ ու թագ էին տենչում, ի վերջո դրանք ստանալուց հետո ընդամենը մի կարճ ժամանակ անց իրենց տոհմական տիրույթները պարզապես տարածքներ համարելով՝ փոխանակեցին Բյուզանդիայի հետ (ապահով կյանքի դիմաց) ու հետագայում անապատի գետի պես անհետացան պատմության թատերաբեմից: Պատմությունն ուսումնասիրե´ք, «ընտրյալ» տիկնայք և պարոնայք, և այսօր մեզ (նաև ձեզ) մի զրկեք սեփական պետություն կառուցելու և անկախ պետականություն ունենալու հեռանկարի հույսից: Հակառակ պարագայում, երբ մեր ԵՐԿԻՐՆ այլևս չի լինի, ԵՐԿԻՐ չունեցողներին (եթե շարունակեք մեր ԵՐԿՐԻՆ վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվել եք մինչև այժմ ու վերաբերվում եք հիմա), ապա ձեզ (և ոչ թե՝ մեզ) բաժին կմնա լոկ հավերժական աստանդականի… անվայել վայելքն ասե՞մ, թե՞ անպատասխանատու պատասխանատվությունը: Իսկ գուցե դուք չեք զգում, որ մենք բոլորս գտնվում ենք միևնույն ճոճվող նավակի մեջ, դուք հավանաբար այլ հույսեր եք փայփայում, որ առնետավարի կլքեք նավակը, կփախնեք ու կծվարեք բահամներում, կանարներում և էլի այլուր, ըստ այդմ՝ Արծրունիների հանգույն կմտնեք միջազգային ասպարեզ: Գուցե՞, բայց և շատ շուտ դուք էլ կարժնանաք համանման ճակատագրի. անապատի գետի պես (ձեր ժառանգաց հետ մեկտեղ) կանհետանաք պատմության թատերաբեմից: Ու թե Արծրունիները մինչ օրս դեռ հիշվում են, դուք անայլայլ մոռացության եք դատապարտվելու (ձեր սերնդաց հետ հանդերձ): Ու թե դա է ձեր նվիրական տեսլականը, հանց անմահ Օստապ Բենդերը կասեր՝ ձեր մանկության բյուրեղյա երազանքը, ուրեմն մերժե´ք գիտակցված և կամավոր ֆինանսական ինդուլգենցիան՝ ձեր իսկ փրկագնումը ձեր իսկ քառորդդարյա ձախողումների դիմաց, ինչից հետո աշխարհի չորս ծագերը ձեզ համար բաց են: Գնացեք՝ ուր կուզեք, «մաքուր» խղճով ու տռուզ գրպաններով, գնացե´ք և «մուծվե´ք» (նորեն ձեր իսկ բառամթերքով ասած) այլոց՝ աշխարհի «հզորներին»: Այդ պարագայում Երկիրն ավելորդ բեռից (որպես՝ բալաստից) կթեթևանա գոնե: Ու «Բարի ճանապարհ» էլ ձեզ չենք մաղթի, զի վերջիվերջո դժոխքը կլինի ձեր ամենատեղին ու վերջին հանգրվանը...



Իսկ ամենավերջում մեզ թույլ տանք նաև մի-երկու պոչավոր անեկդոտ հրամցնել, որպես թե հավելումն վերոգրյալի. բան է՝ թե իրենց փրկագնման մեր առաջարկած եղանակը գլուխները չմտնի և ուղեղներին չհասնի, գուցե թե իրենց համար հեշտ հասկացվող հումորն իր «սև գործն» անի:



Եվ ուրեմն՝ այսպես.



1. Մի օր ամուսինը տխրամած տուն է վերադառնում, կինը հարցնում է պատճառը, ամուսինը՝ թե բա չես ասի՞, այ կնիկ, էսօր քիչ էր մնում, որ «Վոլգայի» տեր դառնայինք (հին անեկդոտ է, այն ժամանակ «Վոլգան» էր «վերջը»), կինը՝ թե բա՝ ո՞նց, ամուսինը՝ թե առվի ափով անցնում էի, մեկն իր «Վոլգան» էր լվացնում (այն ժամանակ նույնիսկ «ընտրյալները» հաճախ էին լվացնում իրենց մեքենաները), ասացի՝ «Ախպեր, էդ ավտոդ կտա՞ս ինձ, ասաց՝ «Չէ´», ու թե որ «Հա´» էր ասել, կնիկ ջան, «Վոլգան» մերն էր ու մերը:



2. Մեկ այլ դեպքում էլ, ուրեմն, ախպերությունից մեկը երկարատև ազատազրկումից վերադառնում է, և ընկերներն ուզում են ամուսնացնել նրան, այն էլ՝ թաղի երևելի ընտանիքներից մեկի համեստ ու սիրունիկ դստեր հետ: Գնում են խնամախոսության, տուն են մտնում ու հայհոյախառն, ափեղցփեղ ասում իրենց «ասելիքն»՝ ափիբերան թողնելով տան տերերին, ու բնականաբար մերժում են ստանում: Երբ դուրս են գալիս, հիմնական «խնամախոսն» ասում է. «Ախպեր, տեսար էլի, թե ի՞նչ օձի լեզու թափեցի, բայց չտվեցին (աղջիկ)»:



Առակս զինչ կցուցանե. կարծում եմ, որ մեր բառուբանը մեր «ընտրյալներից» շատերի համար կարող է հնչել որպես հայհոյանք, և ուրեմն ըստ այդմ աստ մենք օձի լեզու թափեցինք, ու մեկ էլ տեսար «ընտրյալներն» ասացին՝ «Հա´»... և ինդուլգենցիան (փրկագնումն) անսպասելիորեն իրականություն դարձավ. Ամեն:



Հ. Գ. – Հա´, ի միջի այլոց ասենք, որ Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք մեր այս առաջարկությունն իր հիմնական և ընդհանուր գծերով ներկայացվել էր նրան և, ըստ որոշ վկայությունների (ովքեր տեղ էին հասցրել այն)՝ որոշակիորեն հավանության արժանացել նրա կողմից: Բայց հայտնի է, որ այդ պաշտոնավարումը շատ կարճ տևեց ու, բնականաբար, առաջարկությունը չիրացվեց: Թերևս դժվար է ասել նաև, թե ինչպե՞ս կկիրառվեր այն և դրանով պայմանավորված՝ ի՞նչ արդյունքների կհանգեցներ: Բայց դա չկիրառելու ամենաիրական և ակնհայտ արդյունքն այն եղավ, որ սեփականաթալանն է´լ ավելի լայնատարած, է´լ ավելի համընդգրկուն բնույթ ու դրսևորումներ, ծավալներ ու չափեր ընդունեց: Դրան հավելած նաև «Գույք՝ պարտքի դիմաց» և համանման այլ տխրահռչակ գործարքները: Իսկ տարիներ անց թալանի ետ վերադարձման գաղափարն ու դրա իրականացման տարաբնույթ ձևերի և եղանակների (ամենափափուկ մոտեցումներից՝ մինչև ամենաբռնի դրսևորումների ջատագովությունները)՝ իրենց տարբեր մեկնություններով հանդերձ, լայնորեն տարածում գտան հասարակության տարբեր շերտերում: Այնպես որ սույն առաջարկն ամբողջապես մեկ մարդու չի պատկանում (անգամ՝ եթե այն երբևէ որևէ կոնկրետ մեկ անհատ է «հորինել» ու գրի առել), այլ շատերն են հիմա դրա մասին զանազան պարագաներում այս կամ այն կերպ արտահայտվում: Ուստի և մեծ հաշվով սա մի ընդհանրական առաջարկություն է այլևս, և սխալված չենք լինի, եթե ասենք, որ ի վերջո ժողովրդի հիմնական զանգվածի պահանջն է սա, իսկ մենք պարզապես դրա ձևակերպողն ենք: Ըստ այդմ, եթե մի վերջին անգամ ևս արձանագրենք, որ մեր Երկրի առջև ծառացած ինչպես օրախնդիր, այնպես էլ հեռագնա բազում և այլազան ծանրածանր հիմնախնդիրների լուծման համար աներկբայորեն անհրաժեշտ են համարժեք ծանրակշիռ ֆինանսական միջոցներ, անշուշտ մեծ գյուտ արած չենք լինի: Հետևաբար և ակներևաբար դրան ի նպաստ կլինի հենց գիտակցված և կամավոր ֆինանսական ինդուլգենցիայի շնորհիվ ակնկալվող ծանրակշիռ բյուջեն: Պարզապես կարող է տպավորություն ստեղծվել, որ մենք համոզում ենք «ընտրյալներին»՝ հանց հիվանդոտ ու կամակոր մի մանկիկի՝ իր իսկ բուժմանն ի նպաստ: Այո´, հենց էլ համոզում ենք, զի որքան տկարությունը ծանր է, այնքան էլ ապաքինումն է դժվար, իսկ դրա համար անհրաժեշտ դեղահաբը՝ դառնահամ: Այլապես, եթե ոչ այս կերպ, ուրեմն անխուսափելի կդիտվի վիրահատական միջամտությունը՝ որպես միջանկյալ լուծում...



* Ավետարան՝ ըստ Մատթէոսի, Է, 1-2:
** Առակաց, Գ, 27:
*** Յայտնութիւն, ԺԳ, 9-10:
**** Մովսես Խորենացի, Պատմութիւն Հայոց, 2-րդ, ԿԱ:



Աշոտ Հովսեփյան