Սփյուռքի նախարարությունը 40 հազար դրա՞մ էլ չունի՝ մեկնի Ջավախք

Սփյուռքի նախարարությունը 40 հազար դրա՞մ էլ չունի՝ մեկնի Ջավախք

Օգոստոսի 27-ին Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում, տեղի ունեցավ հայ մեծանուն աշուղ Ջիվանու տուն-թանգարանի բացումը։ Սա կարևոր իրադարձություն էր Ջավախքում, որը նշվեց մեծ տոնակատարությամբ և շուքով։ Հրավիրված էին բազմաթիվ հյուրեր։ Հայաստանի իշխանություններից, սակայն, ներկայացվածությունը շատ աղքատիկ էր, գրեթե չկար։ Ներկա էր միայն մշակույթի փոխնախարարը։ Եվ վերջ։ Այլ պետական պաշտոնյա չկար այնտեղ։ Մինչդեռ ակնկալվում էր, որ Սփյուռքի նախարարությունից ևս պետք է որևէ պաշտոնյա լիներ այնտեղ, եթե ոչ նախարարը, ապա փոխնախարար կամ գոնե համապատասխան հարցերով վարչության պետը։ Բայց նրանցից որևէ մեկը, անգամ` նախարարության պահակը ներկա չէր։ Նախարարությունից բավարարվեցին միայն hayernaysor.am կայքում նախարար Հրանուշ Հակոբյանի բոցաշունչ և հուզառատ ողջույնի խոսքը հրապարակելով։



«Ինչպես չհիանալ, չհպարտանալ ձեզանով, որ այսքան հետևողականորեն Ջավախք աշխարհում մեծերին նվիրված տոնակատարություններ եք անցկացնում և ցնցում Հայկական աշխարհը»,-այսպես է սկսում իր խոսքը տիկին Հակոբյանը՝ ակամա ցույց տալով, թե ինչպես կարելի է չհիանալ ու չհպարտանալ։ Շատ պարզ՝ ուղղակի չգնալով և չմասնակցելով։



Զանգահարեցինք ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանին, ով մինչև 2014 թվականը  ԱՊՀ վարչության Կովկասյան տարածաշրջանի հայ համայքների հետ կապերի բաժնի պետն էր։ Մեր հարցին, թե տեղյա՞կ էին, որ ամսի 27-ին Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի բացումն էր, ասաց՝ իհարկե։ Իսկ իրենց նախարարությունից մարդ եղե՞լ է այնտեղ, պարոն Շագոյանն ասաց՝ ոչ ու անմիջապես սկսեց բացատրել, թե ինչու. «Ոչ, ցավոք, չի եղել, նախարարի ուղերձն ենք ուղարկել, շնորհավորանքն այդ կապակցությամբ, որը դրված է մեր՝ hayernaysor.am կայքում...չի ստացվել ուղղակի մասնակցել»։



Իսկ ինչու՞ չի ստացվել, Շագոյանը մտածեց, մտածեց ու պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել՝ ինչու»։



-Անտարբերությու՞նն էր պատճառը, ֆինանսական միջոցնե՞ր չկային, թե՞ ցանկություն չկար։



-Երևի ֆինանսական միջոցների հետ է կապված, որ չենք կարողացել գնալ։



-Պարոն Շագոյան, Սփյուռքի նախարարությունը հսկայական միջոցներ է ծախսում տարբեր միջոցառումների անցկացման վրա, որոնց արդյունքը դժվարանում եմ ասել՝ որն է։ Արդյոք չէի՞ք կարող, օրինակ, 50-100 հազար դրամ ծախսել՝ գնալ մասնակցել, գալ։



-Ես պատճառները հիմա Ձեզ չեմ կարող ասել, որ հետո զանգեք, կճշտեմ, կիմանամ, կասեմ Ձեզ։ Ես էլ մեծ չարչարանք ունեմ էդ կառույցի բացման հետ կապված, բայց ամեն տարի գնացել եմ, էս տարի ուղղակի չի ստացվել։



-Նախարարությունից վերջին անգամ պաշտոնական կամ աշխատանքային այց Ջավախք ե՞րբ է եղել և ի՞նչ առիթով։



-Անցյալ տարի։ Ամենավերջինը, որ եղել ենք Ջավախքում, Ախալքալաքում «Ջավախքին աջակցություն հիմնադրամի» (ՋԱՀ) մասնաճյուղի բացման առիթով էր։ Այդ ժամանակ նաև ջիվանական օրերն էին, երբ որոշվեց տուն-թանգարանի բացման հարցերը։



-Այո, հիշում եմ, Ջիվանու տուն-թանգարանի կառուցման հիմնարկեքն էր այդ ժամանակ, իսկ այս տարի արդեն բուն թանագարանի բացումն էր, որին Հայաստանից շատ քիչ ներկայացվածություն կար. միայն մշակույթի փոխնախարարն էր ներկա։



-Այո, միայն նա է եղել՝ որպես պաշտոնական անձ։



-Հիմա նախարարությունը հստակ հիմնավոր բացատրություն ունի՞, թե ինչու չի ներկայացել այդ միջոցառմանը։ Ջավախքցիներն էլ, կարելի է ասել, կարոտով են սպասում նման միջոցառումներին Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրերի։



-Դա իմ իրավասության մեջ չի մտնում, իրենք որոշում կայացնում են, ասում են՝ կամ գնում ես, կամ չես գնում։



-Իսկ ի՞նչ իմաստ ուներ այդ դեպքում նախարարի կողմից ուղերձը հղելը կայքում։



-Դե, բոլորս ուրախացել ենք, որ նման կառույց է բացվել, ու շատ լավ է անցել։



-Բա եթե ուրախացել էիք, ճիշտ չէ՞ր լինի գնայիք ու ձեր ուրախությունը տեղում արտահայտեիք։



-Շատ լավ կլիներ, իհարկե, որ գնայինք, մասնակցեինք, բայց չի ստացվել, ուղղակի չի ստացվել։



-Ու, երևի, ֆինանսական միջոցների պատճառո՞վ։ Իսկ գուցե դիմեիք ՋԱՀ-ին, իրե՞նք աջակցեին, հոգային այդ ծախսերը։



-Չէ, ՋԱՀ-ին պետք չէր դիմել, ՋԱՀ-ն առանց այդ էլ կարողացել էր երկու ավտոբուս վերցնել ու առանձին ցանկացողներին՝ մոտ հարյուր հոգի, տեղափոխել Ջավախք։



-Դե, այդ նույն ավտոբուսով կարող էր, օրինակ, նախարարն էլ մեկներ կամ փոխնախարարներից մեկը, եթե ձեր մեքենաներով մեկնելու փող չկար։



-Ես չեմ կարող ասել, իրավասու չեմ այդ հարցերին պատասխանել:



-Փաստորեն, եթե ֆինանսական միջոցներն էին խնդիրը, ուրեմն Մշակույթի նախարարությունն ավելի՞ հարուստ կառույց է, որ կարողանում է իր փոխնախարարին ուղարկել այստեղից Ջավախք։



-Դե, Մշակույթի նախարարությունը, բնականաբար, շատ հարուստ կառույց է։



Հ.Գ. Մեր հաշվարկներով՝ 50 հազար դրամից էլ պակաս գումար էր հարկավոր, որ նախարար Հրանուշ Հակոբյանն, օրինակ, Երևանից իր ծառայողական մեքենայով մեկներ Ջավախքի Կարծախ գյուղ և վերադառնար Երևան։ Երևանից Կարծախ մոտ 250 կմ է։ Հրանուշ Հակոբյանին սպասարկող Honda Accord մակնիշի մեքենայի բենզինի ծախսը գնալ-գալով կկազմեր մոտ 55 լիտր։ 1 լիտր բենզինն արժե 380-410 դրամ։ 55 լիտրը կկազմի մոտ 22 հազար դրամ։ Մի 15-20 հազար էլ (սա հաշվում ենք նախարարական ախորժակով) ճամփին կանգնել, հաց ուտելու, այլ հավելյալ ծախսերի համար, և 40 հազար դրամով կարելի էր գնալ, հասնել Ջավախք, տեղում «հիանալ ու հպարտանալ» և վերադառնալ։ Այդքան գումար կարելի էր անգամ սեփական գրպանից ծախսել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ