Օրվա կադր. DAVID-ը՝ Աբովյան փողոցում

Օրվա կադր. DAVID-ը՝ Աբովյան փողոցում

Հայաստանում այլևս որևէ մեկին չես զարմացնի շքեղ մեքենայով։ Առավելևս շքեղ Mercedes-ով, թեկուզ այն լինի ամենավերջին սերնդի՝ W222 թափքով և ամենահզոր մոդիֆիկացիայով, օրինակ՝ 6-լիտրանոց V12 Biturbo շարժիչով։ Հիմա նույնիսկ գոլդ համարներով ոչ ոքի չես զարմացնի։ Ու քանի որ «զարմանքի առարկաները»՝ մեքենաների մասով, կարծես թե վերջացել են, հայերը որոշել են այլ միջոցների դիմել։ Իսկ այդ այլ միջոցներն ապահովում են արդեն հարևան Վրաստանում։ Այստեղ կարելի է որոշակի գումարի դիմաց համարների փոխարեն ինչ ցանկանում ես՝ գրել տալ։ Ուզում ես անունդ գրիր, ուզում ես` կնոջդ անունը, կարող ես նույնիսկ զոքանչիդ անունը գրել, կամ ուղղակի մի որևէ տառ կամ թիվ։ Ինչպես ասում են՝ փողին մուննաթ, ուզում ես գրել տուր «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։



Hraparak.am-ի տեսախցիկն այսօր առավոտյան Աբովյան փողոցում, Royal Tulip Yerevan հյուրանոցի դիմաց ֆիքսեց թանկարժեք մի Mercedes` վրացական նմուշի անվանական պետհամարանիշով։ Մեքենան W222 թափքով Mercedes S-Class էր՝ թանկարժեք ու հզոր մոդիֆիկացիայով. շարժիչը V12 Biturbo էր, որի հզորությունը 630 ձ/ու է։ Համենայնդեպս այդպիսին էր թվում այդ մեքենան արտաքինից և բեռնախցիկին մակնշված գրություններից։



Բայց ամենատպավորիչը, այս դեպքում, թերևս համարանիշն էր՝ D A V I D, քանզի այս մեքենայից Երևանում շատ կա, նման համարներով՝ առաջին անգամ էինք հանդիպում: Ենթադրաբար մեքենան Դավիդին է պատկանում, ով որոշել է իր անունն անմահացնել մեքենայի վրա։ Դժվար է ասել՝ ինչ հաճույք է պատճառում նման համարներով մեքենայով երթևեկելը, բայց կարևորը՝ տպավորություն գործելն է։ Որքանով տեղեկացանք, Վրաստանում այսօրինակ համարանիշ կարելի է ձեռք բերել 10 հազար լարի վճարելով։ Մեր փողով այն կազմում է մոտ 2 մլն դրամ։ Ի դեպ, Հայաստանում «գոլդ» համարներ կան, որ ավելի թանկ արժեն` մինչև 8 մլն դրամ, օրինակ՝ 88 ZZ 888 կամ նույն թվերով ու տառերով այլ համարներ։ Բայց, վստահաբար, այս չոր ու ցամաք թվերը հաստատ այն էֆեկտը չեն գործի անցորդների վրա, որքան սեփական անունը դաջելը՝ համարների փոխարեն։



Փաստորեն, Վրաստանում ոչ միայն մեքենաներն են էժան, այլև համարները։ Ի դեպ, այս մեքենայի գործարանային գինն էլ մոտ 200 հազար դոլար է շուկայում, թեպետ չես կարող ասել, թե որքանով է գնված կոնկրետ այս Mercedes-ը։ Նկատենք, որ հիմնականում Վրաստանում ապրող մեր հայրենակիցները՝ ջավախքցիներն են սիրում իրենց անվան տառերով կամ ամբողջ անունով պետհամարանիշներ ձեռք բերել։ Հնարավոր է՝ այս մեքենայի տերը ևս ջավախքցի է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ