Հյուսիս-հարավի նշանների անհարմարությունն ու ոստիկանական մեքենայի կոպիտ խախտումը (տեսանյութ)

Հյուսիս-հարավի նշանների անհարմարությունն ու ոստիկանական մեքենայի կոպիտ խախտումը (տեսանյութ)

Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկի հատվածը, եթե չասենք՝ պատուհաս է դարձել, ապա առնվազն անհարմություններ է առաջացնում վարորդների համար։ Բացի այն, որ այնտեղ իրականացվող շինաշխատանքների պատճառով բավականին նեղացել է ճանապարհը, նաև ճանապարհային նշանների փոփոխություն է տեղի ունեցել։ Արդյունքում վարորդները չգիտեն՝ ինչպես երթևեկեն, որ չտուգանվեն։ Հիմնական խնդիրը հետևյալն է. 90 կմ/ժ արագությամբ ընթանալիս հանկարծ հանդիպում ես արագության սահմանափակման, սկզբում՝ 70, իսկ մի քանի մետր անց՝ 50 կմ/ժ, տեղ-տեղ այն դառնում է անգամ 30 կմ/ժ։ Եվ վարորդը պետք է հասցնի այդ մի քանի մետրի վրա արգելակել այնքան, որ իջնի, հասնի 50 կամ 30 կմ/ժ արագության։ Այս նշանների տեղադրումը պայմանավորում են տարածքում շինաշխատանքների իրականացմամբ, որ, իբրև թե, շինհրապարակ է, ու, անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է դանդաղ երթևեկել։ Բայց նկատենք, որ ամբողջ ճանապարհին նախ դժվար է 50 կամ 30 կմ/ժ արագությամբ երթևեկել, մյուս կողմից էլ՝ 90 կմ/ժի դեպքում էլ, այնպես չէ, որ այնքան բարձր է արագությունը, որ վտանգավոր կարող է լինել ճանապարհից դուրս աշխատողների համար։ Վտանգի դեպքում վստահաբար հնարավոր է ղեկավարել մեքենան ու արդյունավետ արգելակել։ Եվ այս ամենը իսկական գլխացավանք է դարձել վարորդների համար, որոնք չեն կարող, օրինակ, Գյումրիից Երևան հասնել կրիայի արագությամբ՝ մեկուկես ժավա փոխարեն մի քանի ժամում։ Բայց նրանց ՃՈ տեսուչները ամեն քայլափոխի կարող են կանգնեցնել ու տուգանել։ Այս ճանապարհին առավել կարևոր են ճանապարհային երթևեկության այլ՝ ավելի լուրջ կանոններ չխախտելը, քան, օրինակ, 50-ի փոխարեն 70 կմ/ժ արագությամբ երթևեկելն է։ Օրինակ՝ հանդիպակաց գոտիով երթևեկելը թերևս շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան մի10-20 կմ/ժ ավել արագությամբ վարելը։



Հատկապես, որ այդ տարածքում, անկախ նշաններից, միևնույնն է, բոլորն էլ միջին արագությամբ են երթևեկում։ Իսկ, ահա, ոստիկանության բարձրաստիճան ծառայողները կարող են իրենց թույլ տալ ոչ միայն սահմանված արագությունը գերազանցել, այլ նաև հատել հոծ գիծը, դուրս գալ հանդիպակաց գոտի և կոպիտ խախտումով երթևեկել՝ վտանգ առաջացնելով այլ մեքենաների համար։



Երեկ Գյումրի-Երևան ճանապարհին Hraparak.am-ը ֆիքսեց, թե ինչպես է 500 II 02 ոստիկանության պետհամարանիշով Hyundai ix35 մակնիշի մեքենան դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և բարձր արագությամբ սլանալով՝ վազանց կատարում մեր և մեր դիմացով ընթացող մյուս մեքենաներին։ Ավելի ուշ, անցնելով այդ մեքենայի կողքով, նկատեցինք, որ ղեկին ոստիկան էր նստած։ Մեքենայի պետհամարանիշից դատելով՝ ենթադարաբար այն բարձրաստիճան որևէ ոստիկանի է սպասարկում, ամենայն հավանականությամբ՝ Երևան քաղաքի վարչության ծառայող ոստիկանի, քանզի համարների սերիան դա է հուշում։ Բարեբախտաբար օրենքի խախտումով վազանցն առանց վթարի ավարտվեց։ Ի դեպ, ոստիկանական այս մեքենան կրկնակի խախտում է կատարում՝ սահմանվածից արագ է երթևեկում և հանդիպակաց գոտի է դուրս գալիս։ Տեսանյութում պարզ երևում է այդ մասը։



Բայց այսօրինակ խախտումները սովորաբար վրիպում են մեր ՃՈ տեսուչների աչքից, նրանք միայն շարքային վարորդներին են կարողանում կանգնեցնել ու տուգանել։ Իսկ երբ ոստիկան է խախտումն անողը կամ այլ գերատեսչության բարձրաստիճան որևէ պաշտոնյա, նրանք դա «ավանդույթի ուժով», սովորաբար, անտեսում են, աչքների առաջ էլ լինի՝ չեն նկատում։ Իհարկե, ոստիկանությունից հնարավոր է՝ այս խախտման համար տան արդեն ծեծված ու չարչրչկված բացատրություն. «օպերատիվ ծառայություն էին» իրականացնում։ Բայց նախ մենք այդ մեքենան մի քանի րոպե անց նկատեցինք արդեն ավելի լայն ճանապարհով հանգիստ երթևեկելիս, և երկրորդ՝ եթե ոստիկանական այդ մեքենան, հանդիպակաց գոտի դուրս գալով, հանկարծ բախվեր որևէ մեքենայի ու մարդ տուժեր դրանից, հազիվ թե որևէ «օպերատիվ» բացատրություն արդարացներ այդ արարքը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ