Ամենատրամաբանականը Բալասանյանի ինքնաբացարկն է

Ամենատրամաբանականը Բալասանյանի ինքնաբացարկն է

Հանրապետության երկրորդ քաղաքում իշխող ՀՀԿ-ն թեկնածու չունի: Սա նոնսենս է: Թե ում է սատարելու, կարծես դժվար չէ կռահել, բայց սատարելը, այն էլ տակից, հարիր չէ ՀՀԿ-ին:



Ինչո՞ւ ՀՀԿ-ն բացահայտ չի հայտարարում, որ Գյումրիում սատարում է գործող քաղաքապետին: Եթե չեմ սխալվում, սա մի պատմություն է, որ ունի ներհհկական լուրջ խորքեր եւ գալիս է դեռեւս 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից, որոնց ժամանակ Սերժ Սարգսյանը, այսպես ասած, նորույթ կիրառեց՝ ՀՀԿ համամասնական ցուցակ խցկելով մերձքաղաքական եւ մերձմշակութային դատարկ դհոլներին: ՀՀԿ-ականները, ինչքան էլ նախագահի ասածն ասած է նրանց համար, մի պահ հայտնվեցին անորոշ կացության մեջ՝ ո՞նց թե, իրենք այսքան տարի «հետույք վտանգեն», որ Բաբուխանյան Հայկը, Գեղամյան Արտաշեսը, Հարությունյան Խոսրովը, Պետրոսյան Շուշանը շրխկալով պատգամավո՞ր դառնան: Հասկանալի է, չէ՞, խոսքն ինչի մասին է: Այո, Սերժ Սարգսյանի «նոու հաուի», որ հետո նաեւ իր զարգացումն ունեցավ Գյումրիում, որտեղ Սերժ Սարգսյանը պաշտպանեց այլեւս ԲՀԿ-ացած Սամվել Բալասանյանի թեկնածությունը, չնայած այն հանգամանքին, որ ԲՀԿ ամենակարող առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ամեն քայլափոխի հայտարարում էր, որ ՀՀԿ-ական նախարարներն իրենց տեղում չեն: Այսպես արհամարհել եւ փչացնել Գյումրու ՀՀԿ-ական կառույցը կարող էր, թերեւս, միայն շախմատիստ Սերժ Սարգսյանը: Վարդան Ղուկասյանի պես տղուն ճզմեցին, «ռագատկի քար Վարդանիկ» դարձրին, որ ի՞նչ անեն: Դրա պատասխանը երեւանյան ՀՀԿ վերնախավն ստացավ, իհարկե՝ հետագա բոլոր ընտրություններում պարտություն պարտության հետեւից կրելով Գյումրիում: Եվ, իրոք, խղճի դեմ բան էր: Վարդան Ղուկասյանը կյանք դնի, միլիցեքի դռներն ընկնի իր ստեղծած կրիմինալ կացութաձեւի պատճառով, որ Երեւաններում կուսակցությունից կուսակցություն թռչկոտող Սամվել Բալասանյա՞նը վայելի:



Եվ ո՞ւմ հույսին է այսօր մնացել Սամվել Բալասանյանը: Մեկ հատիկ ՀՀԿ-ական պատգամավոր չկա, որ նրան պաշտպանի, տեղի ՀՀԿ կառույցը կեսբերան չի հայտարարում, որ իր թեկնածուն Բալասանյանն է: Ո՞վ իմանա, գուցե վախենում են իրենց հայտարարություններով խանգարե՞լ Սերժ Սարգսյանի անձնական թեկնածուին վերընտրվել:



Չի բացառվում, սակայն, որ սա սաբոտաժ է՝ բառի իսկական իմաստով: Դատարկ դհոլների՞ն եք տանում խորհրդարան, դե, դատարկ դհոլներն էլ թող տեր կանգնեն Բալասանյանին: Եվ պատկերացրեք՝ տեր են կանգնել: Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը հայտարարել են Սամվել Բալասանյանին սատարելու մասին՝ վերջնականապես լղոզելով գործող քաղաքապետի իմիջը:



Այն, որ Գյումրու ՀՀԿ կառույցից ոչ ոք թեկնածություն չառաջադրեց, պայմանավորված է նոր ընտրակարգով, որ առաջին անգամ է կիրառվելու մեծ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում: Արդեն իսկ շրջանառության մեջ է դրված «Բալասանյան դաշինք» կոչվող մի ցուցակ, որը ՀՀԿ ցուցակ անվանելը մեղք է, բայց դրանով իսկ փակվել է Գյումրու կարող ՀՀԿ-ականների ճանապարհը, քանզի ՀՀԿ-2 ցուցակ բացել կամ այլ կուսակցությունների ցանկով գնալ՝ թասիբով ՀՀԿ-ականները պարզապես իրենց թույլ չէին տա:



Նախընտրական իրավիճակը Գյումրիում այնքան լարված է, որ Բալասանյանի հնարավոր հաղթանակը կարող է հրաշապատում հեքիաթ լինել: Բալասանյանի դեմ են աշխատելու ողջ ընդդիմությունը, ՀՀԿ-ի մեծ մասը, Վարդան Ղուկասյանի ազգուտակը, հեռուստատեսությունը, մամուլը, վերջապես՝ գյումրեցին, որի մատից փուշ հանել Բալասանյանը չկարողացավ այս տարիների ընթացքում: Թող փորձեն Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը Բալասանյանի որեւէ նախընտրական միտինգի մասնակցել ու կտեսնեն, թե ինչ տեղի կունենա: Գյումրեցիք այնպիսի մի դուդուկ կքաշեն դատարկ դհոլների վրա, որ Գյումրու ճանապարհը կմոռանան: 



Իմ կարծիքով՝ միակ ելքը Գյումրիում ընտրություններին չմիջամտելն է: Հեչ պարտադիր չէ, որ Սամվել Բալասանյանը մնա իր աթոռին, ու սոցիալական լարվածությունը պահպանվի: Դա ոչ ՀՀԿ-ին, ոչ էլ, մանավանդ, ՀՀ իշխանություններին պետք չէ: Թողնենք՝ Գյումրին ընտրի իր քաղաքապետին, առանց երեւանյան ֆոկուսների: Ի վերջո, սա տեղական ինքնակառավարման խնդիր է, եւ այնպես էլ չէ, որ Երեւանի օրինակով ասենք՝ Գյումրին Հայաստանի կեսն է:



 



ՀԳ. Չեմ  կարող ասել, թե ում է սատարելու Արտաշես Գեղամյան-Խոսրով Հարությունյան զույգի երրորդ անբաժանը՝ Հայկ Բաբուխանյանը: Եթե նա էլ է սատարելու Բալասանյանին, ապա Բալասանյանը հանգիստ խղճով կարող է այսօրվանից ինքնաբացարկ հայտարարել:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ