Միրոնովն ազա՞տ արձակվեց, թե՞…

Միրոնովն ազա՞տ արձակվեց, թե՞…

Սերգեյ Միրոնովի դեպքից հետո, կարծում եմ, ՌԴ քաղաքացիները Հայաստան գալուց առաջ նախ մի փոքր կմտածեն՝ գնա՞ն, չգնա՞ն…



ԱՄՆ-ն այս քայլով, ըստ իս՝ ոչ միտումնավոր, կարելի է ասել, մի թեթեւ հոսանքահարեց հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, ինչին այնպես հավատարիմ են հայերը, եւ ինչն այնպես անխիղճ ձեւով է օգտագործվում ռուսների կողմից:



Ռուս-ամերիկյան գզվռտոցը բազում շերտեր ունի՝ ռազմի բնագավառից մինչեւ տիեզերագնացություն: Այդ գզվռտոցի մեջ շատ երկրներ երբեմն-երբեմն ք-ն են ընկնում, ինչպես եղավ, հավանաբար, մեր պարագայում, եթե, իհարկե, Հայաստանը հատուկ չէր ընտրվել այս փոքրիկ ներկայացումը խաղարկելու համար: Մեր որոշ վերլուծաբաններ պնդում են, որ՝ այո, ԱՄՆ-ն ուզեցել է տեսնի, թե ինչպես կպահի Հայաստանն իրեն Ռուսաստանի հանդեպ: Իսկ ինչ է, ԱՄՆ-ն կարծում էր, որ Հայաստանն իրեն այլ կե՞րպ է պահելու: Ոչ, իհարկե: Մեր վերլուծաբանները հաշվի չեն առնում, որ Սերգեյ Միրոնովը ՌԴ միակ քաղաքացին չէ, որին երրորդ երկրներում հետապնդել են ԱՄՆ իրավապահները:



Նման բան պնդելու համար պետք է դեռ հասկանալ՝ այդ ինչպե՞ս էր պատահել, որ աշխարհ տեսած ՌԴ քաղաքացին իր ընտանիքով որոշել էր հանգստանալ Հայաստանում: Ռուսաստանում, որքան գիտենք, աժիոտաժ է թուրքական հանգստավայրեր մեկնելու շուրջ: Իսկ Միրոնովը, որը, ի դեպ, ՏՏ ոլորտի մասնագետ է եւ 2013 թվականին գործուղման մեջ է եղել ԱՄՆ-ում, հանկարծ գալիս է Հայաստան: Փորձեք այս ուղղությամբ աշխատել:



Զարմանալի է ամերիկյան կողմի լռությունն այն բանից հետո, երբ ՀՀ դատարանը, առանց ավելորդ ձեւականությունների, ԱՄՆ պահանջով ձերբակալված Միրոնովին ազատեց դատարանի դահլիճից եւ թույլ տվեց հեռանալ Հայաստանից: Հայաստանում ԱՄՆ դեսպանն առնվազն անհանգստություն պետք է հայտներ, որ իր երկրի կառավարության խնդրանքն այդպես անարձագանք մնաց, բայց… Փոխարենը անհանգստացել են հայ ամերիկասերները, որոնք համոզված պնդում են, որ ԱՄՆ-ն խնայեց Հայաստանին, որպեսզի նա չընկնի Մոսկվայի հարվածի տակ: Լավ, էլի: Հայաստանին խնայող ԱՄՆ-ն կարող էր, չէ՞, Միրոնովին ձերբակալելու խնդրանքով դիմել շենգենի որեւէ երկրի, որտեղ նա ազատ ելումուտ ունի:



Այս օրերին ամենաակտիվը, իհարկե, Ռուսաստանն էր: Բանը հասավ մինչեւ Մեդվեդեւ, որը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշումից հետո լոպպազացավ, թե Ռուսաստանն իր քաղաքացիներին կարող է պաշտպանել աշխարհի բոլոր կողմերում: Բավականին ակտիվ էր նաեւ Սերգեյ Միրոնովի հայ փաստաբանը (անունն էլ չեմ ուզում տալ), որը, թեեւ որեւէ էական ներդրում չունեցավ Միրոնովի ազատ արձակման գործում (հազիվ շնչակտուր թռել էր Երեւան), հասցրեց ռուսական լրատվամիջոցներում տեղը տեղին վատաբանել ՀՀ իրավապահ համակարգն ու դատարանը: Այնպիսի տպավորություն ստեղծեց, թե իբր Ռուսաստանի մատ թափ տալու արդյունքում է, որ Միրոնովն ազատ արձակվեց: Միրոնովի հայ փաստաբանը, սակայն, սխալվում է: Միրոնովն ազատ չարձակվեց, նա հանձնվեց Ռուսաստանի իշխանություններին, որոնք համապատասխան վայրում դեռ մի լավ կզրուցեն նրա հետ, թե ինչու ձերբակալեցին հենց իրեն եւ ինչու հենց Հայաստանում: Կկարողանա՞ Միրոնովը համոզիչ պատասխաններ տալ, թե՞ Մոսկվայում կորոշեն պարզել՝ այդ ինչ փողեր է լվացել նա:



Ինչ վերաբերում է ՀՀ իրավապահներին, ապա պետք է ասել, որ նրանք գործել են ԱՄՆ կառավարության հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակում: Չի բացառվում, որ վաղն իրենք դիմեն ԱՄՆ-ին՝ ադրբեջանցի մի ելուզակի ձերբակալելու խնդրանքով: ԱՄՆ իրավապահները պարտավորված կլինեն դա անել, սակայն ոչ ոք ԱՄՆ դատարանին չի կարող ստիպել Ադրբեջանի քաղաքացուն հանձնել Հայաստանին: ԱՄՆ-ն շատ շատերի է փորձել ստանալ այդ ճանապարհով, բայց առայժմ նրա հաջողությունները մեծ չեն:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ