«Պրովոկացիոն» հարցազրույց վարչապետի թոռնուհու հետ (տեսանյութ, ֆոտոշարք)

«Պրովոկացիոն» հարցազրույց վարչապետի թոռնուհու հետ (տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր «Անանիա Շիրակացի» կրթահամալիր՝ դեպի գիտելիք ուղղված, իր առաջին քայլերն արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի 6-ամյա թոռնուհին՝ Ջուլիետա Աբրահամյանը։ Նրան ուղեկցում էին իր վարչապետ պապիկը, մայրիկը, ով Գագիկ Ծառուկյանի դուստրն է, և տատիկը՝ Ջուլիետա Աբրահամյանը, ում անունն է կրում փոքրիկ Ջուլիետան։ Նա մասնակցեց առաջին դասարանցիների համար նախատեսված հանդեսին, սկզբում՝ դահլիճում, որտեղ ներկայացում էր բեմադրված առաջին դասարանցիների ու ներկա հյուրերի համար, ապա նաև բեմին՝ արդեն որպես մասնակից։ Հանդեսին ներկա էր նաև ինքը՝ վարչապետը։



Hraparak.am-ը փորձեց վարչապետի թոռնուհուն մի քանի մանկական հարցեր ուղղել։ Բայց վարչապետի «ախրաննիկներից» Բագրատը՝ նրա թիկնազորի պետը, որոշեց, որ չի կարելի, քանի որ «միամիտ պրովոկացիոն հարցեր կտանք հանկարծ», համ էլ «երեխան կլացի»։ Իսկական «ախրաննիկի» մտածողություն։ Փաստորեն, նրանց կարծիքով լրագրողները նրա համար են, որ 6 տարեկան երեխային «պրովոկացիոն» հարցեր տան։



Երևի, մտածում էին՝ այս երեխային տնտեսական աճից կամ Ընտրական օրենսգրքից էինք հարցնելու՝ հարցեր, որոնց չպատասխանեց նրա վարչապետ պապիկը։ Այդուհանդերձ, տվեցինք մեր «պրովոկացիոն» հարցերը փոքրիկ Ջուլիետային, օրինակ՝ ի՞նչ է ցանկանում դառնալ, երբ ավարտի դպրոցը։ Վարչապետի թոռնիկն պատասխանեց. «Բժշկուհի, որ մայրիկիս հետ մարդկանց բուժենք»։



Ի դեպ, վարչապետի թոռնուհին շատ անկեղծ, անմիջական, պուպուշ երեխա էր։ Դպրոցից դուրս գալիս նա իր ձեռքը բռնած ուսուցչուհուն պատմում էր, որ ինքը տանը «փոքրիկ շունիկ ունի, էն որ չեն մեծանում, այ էդ շունիկներից»։



Փոքրիկ Ջուլիետայի հետ մեր «շատ պրովոկացիոն» հարցազրույցը՝ տեսանյութում.



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ