«ԴԻՓ ԽԱՓՈՒՄ ԻՆ ՈՒ ԽԱՓՈՒՄ ԻՆ». (ֆոտո)

«ԴԻՓ ԽԱՓՈՒՄ ԻՆ ՈՒ ԽԱՓՈՒՄ ԻՆ». (ֆոտո)

Արմավիրի մարզի Պտղունք համայնքի դպրոցը մի օր փուլ է գալու: Աստված չանի, որ դա տեղի ունենա աշխատանքային ժամերին: Ավերակների կույտ հիշեցնող այս դպրոցում 120 երեխա է սովորում: Այդ թիվը կարող էր ավելի մեծ լինել, եթե վթարայնության պատճառով դպրոցականների արտահոսք տեղի չունենար:



Համայնքի ղեկավարի հաշվարկով, միայն անցած տարի գյուղից 110 երեխա է դուրս եկել, բայց ոչ թե այլ հասցեում մշտական բնակվելու, այլ ուրիշ համայնքների դպրոցներում սովորելու նպատակով: «Հնարավորություն ունեցողներն իրենց երեխաներին Էջմիածնի կամ հարեւան գյուղի դպրոցներն են տանում: Թեեւ դա այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ ծնողները միջոցներ ու ժամանակ են ծախսում, բայց իրենց երեխաների համար դա ավելի անվտանգ են համարում»,-ասաց Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթինյանը:



Դպրոցի ղեկավարությունը շենքի վթարայնության մասին ահազանգ է հնչեցրել դեռեւս 2005 թվականին: Հենց այդ ժամանակ էլ մասնագետների խումբը եկել-տեսել ու չորրորդ կարգի վթարայնություն է արձանագրել: «Դա նշանակում է, որ շենքն իրենից ամենպահյա վտանգ է ներկայացնում»,-ասաց դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանը: Նա բոլորովին էլ չի դատապարտում այն ծնողներին, որոնք իրենց երեխաներին նույնիսկ մայրաքաղաք են տեղափոխում՝ բարեկեցիկ ու հարմարավետ դպրոցներում կրթության տալու համար:



«Ընտիր պայմաններով դպրոցներ են տանում, որտեղ սովորելը հեշտ է՝ գրադարանով, լաբորատորիաներով, տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած: Եթե ունեն նման դպրոցներ տանելու հնարավորություն, ինչո՞ւ պետք է այս քանդվող դպրոցում թողնեն»:



Քանդվող դպրոցը, պարզվում է, նույնիսկ հիմնանորոգել հնարավոր չէ: Նորը պետք է կառուցել: Նոր շենքի համար որպես տարածք է ընտրվել կրթօջախի մարզադաշտը: Շենքի նախագծման աշխատանքների համար 2014 թվականին կառավարությունը միջոցներ է հատկացրել քաղաքաշինության նախարարությանը, որն էլ, գյուղապետի փոխանցմամբ, երկհարկանի, գեղեցիկ ու հարմարավետ դպրոցի նախագիծ է պատրաստել:



«Խոսք տվեցին, որ 2016 թվականի գարնանը շինաշխատանքները կսկսեն, քանի որ սպասում էին, որ ԱԺ-ն հաստատի սեյսմակայունության բարձրացման ծրագիրը: ԱԺ-ն անցած տարվա դեկտեմբերին հաստատեց այդ ծրագիրը, բայց դրանից հետո էլ «սայլը տեղից չշարժվեց»: Ոչ միայն գարունը, այլեւ ամառն էլ անցավ, հիմա էլ աշուն է, բայց դեռ ոչ մի քայլ չեն անում»,-ասաց գյուղապետ Արթինյանը: Նրա փոխանցմամբ, Պտղունքի դպրոցի կառուցման ծրագիրն արժե 700 մլն. դրամ, ինչը, պարզվում է՝ գյուղական մի դպրոցի համար թանկ հաճույք է: «Քաղաքաշինության նախարարությունում ինչ-որ զարգացման գործակալություն կա: Իրենց մասնագետները գտան, որ մեր գյուղի համար 700 մլն. դրամանոց դպրոց ունենալը թանկ է: Հիմա էլ ասում են՝ ոչ թե երկհարկանի, այլ մեկհարկանի դպրոց կսարքենք՝ 100 երեխայի համար: Բա գյուղի մյուս երեխաների՞ն ինչ անենք»-հարցրեց համայնքի ղեկավարը:



Պարոն Արթինյանը թեեւ կտրականապես դեմ է 200-ից ավելի դպրոցահասակ երեխա ունեցող գյուղում 100 երեխայի համար նախատեսված դպրոցական շենքի կառուցմանը, այնուամենայնիվ, դրան էլ չի հավատում: «Ո՞ւր է, թող կառուցեն՝ աչքս տեսնի»,-ասաց:
Ու մինչ հայրենի իշխանավորներն իրենց թանկարժեք զավակների ու թոռների հետ տվայտվում են էլիտար դպրոցների բարեկեցության ծփանքներում, մայրաքաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող գյուղական մի դպրոց հոգեվարք է ապրում՝ ահուսարսափի մեջ պահելով մի ամբողջ համայնք:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ