Ողբերգությունից 15 տարի անց. 9/11 (լուսանկարներ)

Ողբերգությունից 15 տարի անց. 9/11 (լուսանկարներ)

Այսօր լրացավ «Հետ-հետսառըպատերազմյան աշխարհի» (1945-1991 թվականներն ընդունված է համարել սառըպատերտազմյան շրջան, հետսառըպատերազմյան շրջանի սկիզբը համարվում է 1991 թվականը՝ պայմանավորված ԽՍՀՄ փլուզմամբ, իսկ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո քաղաքագիտական շրջանակներում աշխարհն սկսեցին անվանել հետ-հետսառըպատերազմյան) մեկնարկն ազդարարած սահմռկեցուցիչ ահաբեկչության 15-րդ տարելիցը, որն ԱՄՆ-ի ու ողջ աշխարհի հիշողության մեջ մնաց 4 թվանշանի տեսքով՝ 9/11: Մարդկության պատմության մեջ մի նոր փուլ բացած այդ ահաբեկչական գործողությունը մինչ օրս մնացել է որպես բազմաթիվ անհայտներով հավասարում: Գրեթե 3000 մարդու կյանք խլած ողբերգությունը ոչ միայն շրջադարձ էր անհատների՝ հարազատներ կորցրած քաղաքացիների, այլև քաղաքագետների ու քաղաքական գործիչների համար, որովհետև երկնաքերների հետ կործանվեց նաև այն աշխարհը, որտեղ մինչ այդ ապրում էին բոլորը:



Տարելիցի կապակցությամբ թեմային անդրադարձ է կատարել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Հոդվածի առաջադրած առանցքային հարցերը՝ ստորև.



Հաշվված րոպեներ



Ահաբեկչության օրը՝ առավոտյան, ԱՄՆ-ում ոչ մեկ չուներ  որևէ հարցի որևէ պատասխան: Անհասկանալի էր նաև, թե ինչ էր պետք անել: Հարձակումից մի քանի օր անց ամերիկյան հեղինակավոր New York Times թերթում հայտնեց մի հոդված, որում նշված էր՝ նույնիսկ Պենտագոնը չգիտեր՝ ինչ անել: Օդաչուների և վերջիններիս թռիչքները սպասարկող դիսպետչերների խոսակցությունների ձայնագրությունների վերծանումը թույլ է տվել պարզել, որ 8:20 արդեն հայտնի է եղել՝ American Airlines 11 թռիչքուղու ինքնաթիռը գրավված է: Եվ երբ 8:48 լրատվամիջումներում հայտվեցին առաջին տեղեկությունները, թե One World Trade Center հյուսիսային երկնաքերի ուղղությամբ ինքնաթիռ է թռչում և հնարավոր է բախում լինի, դիսպետչերներն արդեն իմացել են՝ որ թռիչքի մասին է խոսքը: Սրանից ընդամենը րոպեներ անց արդեն պարզ է դարձել, որ գրավված են նաև United Airlines 175 ինքնաթիռը, որը թռչում էր One World Trade Center հարավային երկնաքերի ուղղությամբ և American 77 ինքնաթիռը, որը թռչում էր Պենտագոնի արևմտյան թևի ուղղությամբ:



New York Times-ի հոդվածի հեղինակ Մեթյու Ուալդը նշել է, որ ղեկավարության կողմից համապատասխան որոշումը ուշ է տրվել և ռազմական ինքնաթիռները չափից ավելի ուշ են օդ բարձրացվել:



Այսքան տարի անց նույն հոդվածի հեղինակ, արդեն New York Times-ի նախկին թղթակից Ուլադը «ՌԻԱ Նովոստիի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ում պարզապես պատրաստ չէին պատահածին: Պատրաստ չէին, քանի որ կործանիչների օդաչուներին պետք էր հրահանգ տալ կրակ բացել քաղաքացիական ինքնաթիռի վրա: «ԽՍՀՄ-ն արդեն կործանված էր, ՀՕՊ-ը բավականին թուլացվել էր, կործանիչների թիվը՝ նվազեցվել, և պատզապես կանոն չկար՝ ինչպես վարվել մահապարտ ինքնաթիռների հետ: Ինքաթիռը կործանել կնշանակեր սպանել դրանում գտնվող բոլոր քաղաքացիներին ու, նաև սպանել այդ պահին ցամաքում գտնվողներին: Կարիք կար վստահ լինել, որ որոշումը այդ պահի համար լավագույնն է»,-հավելել է Ուալդը:



Պատմության էջերը



Ահաբեկչությունից ուղիղ 442 օր անց ԱՄՆ-ը ստեղծեց 9/11-ի դեպքն ուսումնասիրող հետաքննության կոմիտե: Ամփոփիչ զեկույցը ներկայացվեց 2004-ին: Թերևս ամենակարևոր բացահայտումը, որ հաջողվել էր կոմիտեի անդամներին հետևյալն էր՝ ահաբեկչության իրականացնողները «օգտվել էին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների և կառավարության կառավարման խորքային տապալումներից»:




Այլևս երբեք



Ահաբեկչության հետևանքով որդուն կորցրած Մեյեր Ֆեթչերը ստեղծեց «Սեպտեմբերի 11-ի ձայները» հիմնադրամը: Նա վերոնշյալ հետաքննության կոմիտեի ստեղծման համար ամենահամառ պայքարողներից մեկն էր: «Մենք մինչև սեպտեմբերի 11-ը մտածում էինք, թե ահաբեչական գործողությունները տեղի են ունենում ինչ-որ հեռու մի վայրում, օվկիանոսից այն կողմը: Սա ահազանգ էր, որ անհրաժեշտ է արթնանալ»,-ասում է Ֆեթչերը: Ահաբեկչությունն այսօր ԱՄՆ քաղաքականության մեջ համար մեկ թեմաներից է և ամենաշատն է շահարկվում հարկապես նախագահական ընտրությունների մրցապայքարում: Ֆեթչերը հուսով է, որ այս հարցը հաջորդ նախագահի համար կլինի օրակարգային, և վերջինս կկարողանա համախմբել աշխարհի մյուս ղեկավարներին՝ խնդրի դեմ պայքարի շուրջ:



Հանգիստ չկա



Սեպտեմբերի 11-ի ողբերգությունը խլեց և խեղեց հազարավոր ընտանիքների կյանքեր: Վերջին 15 տարիները ոմանց համար ցավի ու պայքարի շրջան էին: Շատերը պայքարում են գոնե հարազատների մարմինները հողին հանձնելու համար: Սեպտեմբերի 11-ի զոհերի բրոզնե հուշարձանի վրա 2,977 անուն է նշված: Ավելի քան 1000-ի դիակները դեռևս չեն հայտնաբերվել: Վերջիններիս մասունքներն ամփոփված են աղետի զոհերի հիշատակին 2014-ին բացված թանգարանի ստորգետնյա դամբարանում:



Հիշատակի օր



Այս 15 տարիների բարձրությունից բարդ է ասել` իրականում ով, ինչպես և ինչու էր կազմակերպել այդ դաժան հանցագործությունը, սակայն մի բան անքննարկելի է. 2001թ.-ի սեպտեմբերի 11-ն անդառնալիորեն փոխեց աշխարհն ու մարդկության պատմության մեջ ամրագրվեց՝ որպես 21-րդ դարի ամենասարսափելի սպառնալիքներից մեկի՝ ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտության օր: