Հրապարակվել է Ֆրանցիսկոս Պապի` Բաքու կատարելիք այցի գրաֆիկը

Հրապարակվել է Ֆրանցիսկոս Պապի` Բաքու կատարելիք այցի գրաֆիկը

Ինչպես հայտնի է երկու շաբաթից Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Հռոմի Սրբազան Քահանայապետը կմեկնարկի իր Կովկասյան երկրորդ Առաքելական այցելությունը, որի ընթացքում կայցելի Վրաստան եւ Ադրբեջան: Այս առնչությամբ, Սուրբ Աթոռի Մամլո ծառայությունը ներկայացրել է հոկտեմբերի 2-ին Սրբազան Քահանայապետի այցի օրակարգը:



Ըստ այդմ, Նորին Սրբությունը հոկտեմբերի 2-ին, առավոտյան 9:30 կժամանի Բաքվի միջազգային օդանավակայան, որտեղ ողջույնի պաշտոնական արարողությունից հետո կմեկնի Սուրբ Կույսի տաճար, ուր 10:30 կմատուցի Ս. Պատարգ: Ներկա պահին Ս. Պատարագի մասնակցության համար գրանցվել է 600 մարդ, թեեւ ծխական տաճարը 450 անձի համար է նախատեսված:



Պատարագին Պապական շքախմբի անդամներից բացի կմասնակցեն նաեւ այն երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, որոնք կգան հատկապես Պապի հետ հանդիպելու համար: Սպասվում է 40 բարձրաստիճան եկեղեցականի ներկայություն Պատարագին: Պապի անվտանգությունը կապահովեն Ս. Աթոռի Անվտանգության ուժերը, սակայն ոչ շվեյցարական գվարդիան, որը պատասխանատու է Սրբազան Քահանայապետի անվտանգության համար:



Սուրբ Կույսի տաճարում արդեն իսկ մեկնարկել են կոսմետիկ վերանորոգչական աշխատանքները: Չի մանրամասնվում թե Ս. Պատարագի ընթացքում ինչպիսի գինի է օգտագործվելու` իտալական թե ադրբեջանական: 12:45-ին նախատեսված է ճաշ Սրբազան Պապի եւ Սուրբ Կույցի տաճարի ծխականների հետ: Հյուրերը կճաշեն այլ սրահում: Ճաշացանկը եւս չի բարձրաձայնվում, թեեւ հայտնի է, որ Պապը մակարոնեղենի սիրահար է: Հայտնի չէ նաեւ թե ճաշացանկում ադրբեջանական ճաշատեսակներ կներառվեն թե ոչ: Ինչպես գիտենք, Վատիկանի գահակալի ճաշացանկը կազմվում է ըստ Սուրբ Աթոռի արարողակարգի եւ հաշվի է առնվում նաեւ գահակալի նախասիրությունները եւ տարիքը, թե որքանով նա կկարողանա մարսել տվյալ սննդատեսակը:



15:30 Ֆրանցիսկոս Պապը կհանդիպի Իլհամ Ալիեւի հետ եւ մեկ ժամ անց կայցելի Անկախության համար զոհվածների հուշահամալիր: Ուշագրավ է, որ Պապը հրաժարվել է այցելել Խոջալուի, այսպես կոչված, «ցեղասպանության» համալիր: 17:00-ին Հռոմի Պապը կհանդիպի Արդբեջանի գործող իշխանությունների ներկայացուցիչների հետ Հ. Ալիեւի կենտրոնում: 17:45-ին, Հեյդարի մզկիթում տեղի կունենա Ֆրանցիսկոս Պապի եւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեի մասնավոր հանդիպումը:



18:00-ին հանդիպումը կընդլայնվի երկրի կրոնական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ կկրի միջկրոնական բնույթ: 19:00-ին, տեղի կունենա Նորին Սրբության հրաժեշտի եւ ողջերթի պաշտոնական արարողությունը Բաքվի միջազգային օդանավակայանում, որից հետո Սրբազան Քահանայապետը կվերադառնա Սուրբ Աթոռ` ավարտելով իր Կովկասյան երկրորդ Առաքելական այցելությունը:Բաքու այցի ընթացքում Նորին Սրբությանը կսպասարկի KIA մակնիշի ավտոմեքենա: