Գյումրին սատանի մայլա են սարքել

Գյումրին սատանի մայլա են սարքել

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը երկար ժամանակ լուռ էր եւ չէր բացահայտում, թե ում է պաշտպանելու քաղաքապետի ընտրությունների ժամանակ, վերջերս ԶԼՄ-ներով սկսել է գովաբանել գործող քաղաքապետին։ Պարզվում է՝ Մարտուն Գրիգորյանը շատ գոհ է Գյումրու ներկայիս իշխանություններից։ «Ինձ համար կարեւորը քաղաքի պրոբլեմների լուծումն է, կատարված աշխատանքներն են, որոնք այս պահին տեսանելի են»,- հայտարարում է նա։ Հավանաբար, էս գլխից իր տեղն է ջանում ապահովել ԱԺ-ում։ Կարելի՞ է հասկանալ, որ Բալասանյանին եք պաշտպանելու ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ հարցրինք Մարտուն Գրիգորյանին։



Նա խուսափողական պատասխան տվեց. «Ես պատասխանել եմ բոլոր հարցերին, պարզ ասել եմ ամեն ինչ, այնքան, որքան պիտի պատասխանեի»։ Նրան հիշեցրինք, որ վերջերս քաղաքապետարանից իր համար խիստ վնասակար արտահոսք էր եղել՝ հրապարակվել էր, որ Մարտուն Գրիգորյանը եւ նրա հորեղբայրը՝ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ներտնային ծառայության ղեկավար Ռուստամ Գրիգորյանը, հունվարին չնչին գումարներ են վճարել օգտագործված գազի դիմաց։ Մարտուն Գրիգորյանն իր տպավորիչ դղյակը տաքացրել է ընդամենը մոտ 50 հազար դրամով, իսկ հորեղբոր հայրական տանը 11 հազար դրամի գազ են վառել։ «Իրենք Ձեր գազի հաշիվները բացահայտեցին, Դուք իրենց գո՞վքն եք անում» հարցին Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Աաաաաա, դե ասա՝ էլի վատություն արած կուզես, ես էլ գիտեմ նորմալ բան ես հարցնում»։



Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Բալասանյան դաշինքի» ցուցակում 99 մարդ կա, բայց քաղաքով մեկ կախված են միայն Սամվել Բալասանյանի նկարները։ Դաշինքինը չկան։ Բացի Բալասանյանից, Գյումրու փողոցներում, սյուներին փակցված են դաշնակների եւ «Գյումրեցու ոգու» պաստառները»։ «Գործարարը» մի հետաքրքիր հնարք է կիրառել։ Իր գովազդային պաստառների վրա գրել է «6»՝ համարը։ Այդ համարի տակ է լինելու «Գործարարը» քվեաթերթիկներում, եւ հիմա, տեսնելով 6-երի առատությունը, գյումրեցինք կատակում են. «Ոնց որ Գյումրին սատանի մայլա սարքած լինեն»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ