Ինչպես բանակցել Պուտինի հետ

Ինչպես բանակցել Պուտինի հետ

Այս վերնագրով հոդված է հրապարակել inosmi.ru-ն: Հեղինակը նախկինում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի հրամանատար Ջեյմս Ստավրիդիսն է: Նրա կարծիքով՝ պրոֆեսիոնալ դիվանագետները կարող են Ռուսաստանի հետ արդյունավետ աշխատել, եթե առաջնորդվեն մի քանի սկզբունքներով:



Առաջին հերթին հարկ է հասկանալ ռուսական աշխարհընկալումը: «Ռուսներն իրենց տեսնում են հսկայական տարածքով եւ յուրահատուկ կուլտուրայով հզոր կայսրություն, ազգ՝ այդ բառի բոլոր իմաստներով,-գրում է հեղինակը,-նրանք շատ հպարտ են իրենց լեզվով, գրականությամբ եւ գիտության մեջ ներդրումով:



Նրանք հասկանում են, որ պարտվել են սառը պատերազմում, բայց հստակ համոզված են, որ Բեռլինի պատի փլուզումից հետո Արեւմուտքի քայլերը, հատկապես ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արեւելք, արմատապես խախտել են ինչ-որ համաձայնություններ: Վերջին պնդման հավաստիության հարցը թողնենք մի կողմ, բայց ինչ էլ որ լինի, որպեսզի արջի հետ բանակցենք, մենք պարտավոր ենք հասկանալ, թե ինչպես է իրեն տեսնում Ռուսաստանը»:



Ամերիկյան նախկին զորահրամանատարի հայացքով Ռուսաստանը միշտ էլ հավատացել է միանձնյա իշխանությանը, ռուսական հոգեբանությունն էությամբ հիերարխիկ է: «Այժմ երկիրը գլխավորում է Պուտինը, եւ քաղաքական բոլոր հարցերը կախված են նրանից: Ավելի ցածր մակարդակներում շփումները բացարձակապես անիմաստ են: Հարկ է Պուտինի հանդեպ ցուցաբերել որոշակի հարգանք եւ խոստովանել, որ նա խիստ ազդում է ցանկացած որոշման վրա»,- խորհուրդ է տալիս հեղինակը:



«Նախապատրաստվեք երկխոսության: Ինչ մակարդակ էլ որ քննարկումներն ունենան կամ հարցն ինչքան կարեւոր է, միեւնույն է, ռուսների հետ հեշտ չի լինելու: Նրանք պարտնյորներին վերաբերվում են խորին կասկածանքով, նրանց համարում անհուսալի, եւ այդ ցուցակում ԱՄՆ-ն առաջինն է»,- իր փորձն է ներկայացնում Ջեյմս Ստավրիդիսը եւ խորհուրդ տալիս սրել տրամաբանությունը. <<Ռուսները գնահատում են տրամաբանությունը եւ մտքերի ուղղակի փոխանակումը: Ընդ որում, նրանք սիրում են կառուցել հնարամիտ սխեմաներ եւ դիմել խաբուսիկ քայլերի՝ ինչպես շախմատում: Պատահական չէ, որ նրանք աշխարհին կրկնակի շատ շախմատիստներ են տվել, քան Միացյալ Նահանգները, թեեւ Ռուսաստանի բնակչությունը երկու անգամ քիչ է ԱՄՆ-ից»:



Հեղինակի դիտարկմամբ, ռուսները որեւէ հարցի պատասխանելուց առաջ սիրում են մտածել: «Հարցից հետո ընդհատել լռությունը, նշանակում է աննրբանկատ լինել,- բացատրում է նա,- խուսափեք սովորական արեւմտյան համառությունից, մի դրդեք խոսակցության: Դա մանրուք է թվում, բայց ես ականատես եմ եղել, որ այդ պատճառով երկխոսությունը տեղափոխվել է ոչ արդյունավետ հուն»:



Ինչպես կարծում է ամերիկացի նախկին զինվորականը, ռուսների հետ բանակցություններում չպետք է անտեսել անձնական պահը:«Ինձ հաջողվել է շատ բանի հասնել՝ ինչպես իմ զորակայանում, այնպես էլ Մոսկվայում բազմաթիվ հավաքույթների շնորհիվ: Անձնական հարաբերությունները կարող են ռուսների համար շատ բան նշանակել: Ռուսերենում այսպիսի արտահայտություն կա՝ братские отношения: Դա դժվար է թարգմանել, բայց մոտավորապես նշանակում է վստահության բարձր մակարդակ, որը թույլ է տալիս մտքեր եւ տեղեկություներ փոխանակել: Որպեսզի հասնես այդ հարաբերություններին, ժամանակ է պետք: Եւ չի կարելի դրանք գործի դնել միայն ճգնաժամի պահին, այդ հարաբերություններում ներդրում պիտի միշտ արվի»:



«Ի վերջո, մենք պետք է հիշենք Պուտինի խոսքերը. «Միշկային միշտ են տայգայում հալածելու, որպեսզի բռնեն, քաշեն մագիլներն ու ատամները»: Անկյուն քշված արջը շատ վտանգավոր է: Ահա, թե ինչու Միացյալ Նահանգները պետք է մանրամասը մտածի ոչ միայն քաղաքական ուղեգծի, այլեւ՝ բանակցություններին մոտեցման մասին»,- ամփոփում է Ջեյմս Ստավրիդիսը:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ