Ավտոբուսում եղել են նաև ռուսներ. ՌԴ-ում ՀՀ դեսպանատան խոսնակ

Ավտոբուսում եղել են նաև ռուսներ. ՌԴ-ում ՀՀ դեսպանատան խոսնակ

Մոսկվա-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ ավտոբուսում եղել են 52 մարդ, որոնցից 5-ը մահացել են, 32 հոգին վնասվածքներ են ստացել, մոտավորապես 25 հոգի դիմել են բուժօգնության, նրանցից 4-ը երեխաներ են եղել: Մահացածների մեջ երեխաներ չկան: Այս մասին Hraparak.am-ի զրույցում հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանատան խոսնակ Լևոն Թորգոմյանը: Վերջինիս խոսքով՝ մահացածների ինքնությունը դեռ պարզ չէ, ցուցակները ճշտվում են:



Իսկ թե ի՞նչն էր վթարի պատճառը, Թորգոմյանը նշեց, որ այս պահին կդժվարանա պատասխանել, սպասում են Քննչական կոմիտեից տեղեկությունների: «Մեր տեղեկություններով ավտոբուսը եղել է Մոսկվա-Երևան երթուղու: Հիվանդանոցից ստացած տվյալներով՝ ավտոբուսում եղել են նաև ռուսներ, դա լրիվ պետք է ճշտվի, որ կարողանանք հայտնել»: Զոհվածների մեջ է նաեւ վարորդը:



Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ներգրավված է 100 մարդ եւ 27 միավոր տեխնիկա: Տեղում աշխատել են նաև Ներքին գործերի փոխնախարարը, որը հանդիսանում է Քննչական մարմնի գլխավոր ղեկավարը և Արտակարգ իրավիճակների նախարարը:



Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում` Հյուսիսային Օսիայի տարածքում, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել հայերի մասնակցությամբ: Առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում, Վլադիկավկազ քաղաքի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Հայտնի են վթարից զոհվածների եւ վիրավորների անունները: