ՖԲ օգտատեր Արծրուն Հովհաննիսյանի եւ «Հրապարակի» վեճը համազգեստի շուրջ շարունակվում է

ՖԲ օգտատեր Արծրուն Հովհաննիսյանի եւ «Հրապարակի» վեճը համազգեստի շուրջ շարունակվում է

Ժամկետային զինծառայողների համազգեստը խորհրդային ժամանակ կոչվում էր «խեբե», որը ռուսական «хлопчатобумажная ткань» արտահայտության հապավումն էր, այսինքն` բամբակյա գործվածք: Այն համարյա 100 տոկոսով բնական թելերից էր: Մեր ժամկետային զինծառայողների համար ամառային համազգեստը կարում են ընդամենը 35 տոկոս բամբակ պարունակող գործվածքից: Ընդ որում՝ այն շատ արագ կորցնում է գույնը, փայլը, քրտնեցնում, իսկ ցուրտ գոտիներում չի պաշտպանում ցածր ջերմաստիճանից: 



Մեր թերթի հրապարակումն այս թեմայով ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի սրտով չէր: Մենք համազգեստի վերաբերյալ բողոքներ էինք ստացել հայկական բանակի զինվորներից: Մեր տեղեկություններով, ս․թ․ հունիսին ժամկետային զինծառայողներին բաժանել էին ամառային ամենօրյա համազգեստ, որը կարված է ցածրորակ, առողջության համար վնասակար ու էժանագին կտորից, եւ գրել էինք, որ սա ներկայիս գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի նորամուծությունն է, եւ որ նախկինում ամառային համազգեստը կարվում էր գոնե 50 տոկոսով բնական կտորից: Ճշտումների համար դիմել էինք ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, որը, սակայն, հրաժարվել էր մեզ պատասխանել եւ միայն մեր հրապարակումից հետո բարեհաճեց պարզաբանումներ տալ իր ՖԲ էջի ընթերցողներին: «Եթե անգամ որեւէ մեկը նոր է նման համազգեստ ստացել, իսկ անցած տարի այլ է եղել, ապա դա ուղղակի պահեստներում եղած հին համազգեստ է եղել, որի մեջ բամբակն ավելի շատ է եղել,- գրել էր Հովհաննիսյանն իր էջում։- Այսինքն՝ դա գեներալ Մովսես Հակոբյանի հետ որեւէ կապ չունի»: Հետո նաեւ պաշտոնական պատասխան էր տեղադրել դարձյալ իր էջում. «ԶՈւ-ների անձնակազմի համար ամառային դաշտային համազգեստի գործվածքը ձեռք է բերվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, գործվածքի բաղադրությունը կազմում է 35% բամբակ եւ 65% պոլիէսթեր: Դաշտային համազգեստը, սկսած 2011թ.-ից, արտադրվել է նշված բաղադրությամբ գործվածքից: Նշված բաղադրությամբ գործվածքի ընտրությունը պայմանավորված է դրա դիմացկունության եւ հարմարավետության արդյունավետ հատկությունները հաշվի առնելով, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ տվյալ համազգեստը կրում են բամբակյա ներքնաշորերով, եւ մարմնի հետ շփվող մասերում ներսի կողմից կարվում է բամբակյա աստառացու: Որպես օրինակ նշենք, որ աշխարհի առաջատար բանակներում, որպես հիմնական դաշտային համազգեստ, վաղուց չկան 50 տոկոս բամբակյա կտորով համազգեստներ»:



Շնորհակալ ենք պարզաբանումների համար․ վատ չէր լինի, եթե դրանք ժամանակին արվեին: Ինչ վերաբերում է «պոլիէսթերին» եւ աշխարհի առաջատար բանակներին, ի գիտություն Արծրուն Հովհաննիսյանի էջի ընթերցողներին, նշենք, որ հիմա էլ ռուսական բանակում «խեբե»-ն հարգի է ու պահանջված, թեեւ վերջին տարիներին, մասնավորապես 2013-ին, ՌԴ բանակում ամառային համազգեստն սկսել են կարել խառը գործվածքից, որում բամբակը 65 տոկոս է, իսկ 35 տոկոսը սինթետիկն է, նեյլոնը: Ռուսական ԶԼՄ-ներում այս առիթով ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ: Բանակայինները եւ նրանց ծնողները դժգոհում էին այս նորամուծությունից, որն անվանեցին պաշտպանության նախարար Շոյգուի անունով` «форма от Шойгу»: Հիմնական բողոքը սինթետիկ կտորից էր, որը թույլ չի տալիս, որ մարմինը «շնչի»: Այսօրվա ռուս բանակայինների համազգեստն անվանում են «Յուդաշկա», թեեւ հայտնի մոդելյորը ժխտել է իր առնչությունը համազգեստի ստեղծմանը։ Այն նման է ամերիկյան տարբերակին: Ձմեռայինը պոլիէսթերի մեծ պարունակություն ունի, որը պաշտպանում է 40 աստիճան ցրտից, եւ ամրության, ջերմային ու ջրամեկուսիչ էֆեկտ: Եվ ռուսական թանկարժեք համազգեստն ուղղակի ծիծաղելի է համեմատել մեր չինական, գույն տվող ու էժանագին համազգեստի հետ:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ