Մեր հրապարակումներն արդյունք տվեցին. ցմահ դատապարտյալին տեղափոխեցին

Մեր հրապարակումներն արդյունք տվեցին. ցմահ դատապարտյալին տեղափոխեցին

Բազմիցս անդրադարձել էինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Արսեն Գասպարյանի խնդրին: Վերջինիս հարազատները ահազանգում էին՝ Արսենին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու որոշումը կա, բայց նրան չեն տեղափոխում: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից մեզ տեղեկացնում էին՝ Գասպարյանը համարվում է արդեն «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ և տեխնիկական հարցերի պատճառով չեն տեղափոխում, բայց երկար չի տևի դա, քանի որ դատապրտյալը երկար էլ չի կարող մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Սակայն, հարազատների և դատապարտյալի փոխանցմամբ՝ լուրջ կասկածներ կան, թե Արսենին մի օր կտեղափոխե՞ն «Արմավիր» ՔԿՀ, թե՞ ոչ:



Պարզվում է՝ մեր բազմաթիվ հրապարակումները դրական արդյունք տվեցին. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը այսօր Hraparak.am-ի հետ զրույցում ասաց՝ Արսենին երեկ տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ:



Ցմահ դատապարտյալի ընկերը՝ Էռնեստ Ահարոնյանն էլ մեզ հայտնեց, որ ժամանակին հայտարարած ջրադուլն ու հացադուլը Արսենը դադարեցրել է, բերանի կարերն էլ քանդել է. «Առողջական վիճակը նորմալ, լավ ա, էնտեղ ասեցին բժշկությունը լավա, արդեն էնտեղ կնայեն, կստուգեն, բայց նորմալ ա արդեն»:



Հիշեցնենք, որ ըստ Արսենի՝ իրեն մեղադրանք է առաջադրվել մահափորձ կատարելու համար: 2004 թ Մասիս քաղաքում կրակել է մի անձի վրա, սակայն մարդը չի մահացել, նա 4 տարի հետախուզման մեջ է եղել, 2008 թ դեկտեմբերին նրան ձերբակալել են և դատապարտել ցմահ ազատազրկման: