Վիրաբույժների առճակատումը շարունակվում է

Վիրաբույժների առճակատումը շարունակվում է

«Երեւան» բժշկական կենտրոնը մաքրվել է պարտքերից, ընկերության վերաբերյալ քրեական գործը կարճվել է։ Այս մասին մեզ հայտնեց ԲԿ-ի բաժնետեր Տարոն Տոնոյանը։ Հիշեցնենք, որ այս հիվանդանոցը երկու սեփականատերերի անհաշտության պատճառով պարտքեր էր կուտակել պետության հանդեպ, քրեական գործ էր հարուցված «Երեւան» ԲԿ-ի դեմ՝ հարկերից չարամտորեն խուսափելու փաստի առթիվ։ Սեփականատերերը՝ Տարոն Տոնոյանն ու Զորի Բալայանի որդի Հայկ Բալայանը, փոխադարձ անվստահության պայմաններում, երկար ժամանակ չէին կարողանում տնօրեն նշանակել։ Հայկ Բալայանը պնդում է, որ միայն ինքն իրեն է տեսնում տնօրենի պաշտոնում, քանի որ նախկինում տնօրեն է եղել Տոնոյանը եւ իրեն խաբել է՝ հասցնելով այն վիճակի, որ հիվանդանոցը պարտքեր է կուտակել ու կանգնել սնանկության եզրին։ Տարոն Տոնոյանն էլ, որը նաեւ Հայաստանի ամենաշատ վիրահատող վիրաբույժն է, չի ցանկանում տնօրենի պաշտոնում տեսնել փայատիրոջը։ Նա վստահեցնում է, որ մեղավոր չէ պարտքերի հարցում։ Զորի Բալայանը որդու միջոցով ցանկանում է իրենից խլել իր բաժնեմասը։ Նրա որդին ստուգումներ էր հրահրել հարկայինի կողմից, հետո էլ արել ամեն ինչ, որ հիվանդանոցը տնօրեն չունենա, որպեսզի ստուգումների արդյունքում գոյացած չնչին տուգանքը՝ 2 մլն. դրամի չափով, չփոխանցվի, եւ հիվանդանոցը սնանկ ճանաչվի։ Տարոն Տոնոյանը «Հրապարակին» հայտնեց, որ այս ծրագիրը խափանելու համար անձամբ է մուծել հիվանդանոցի բոլոր պարտքերը։ «Թե չէ՝ ԴԱՀԿ-ն էր գալու, գործն ավելի բարդանալու էր»,- ասում է բժիշկը։ Այժմ հիվանդանոցն իրավաբանորեն պարապուրդի մեջ է` չի աշխատում, քանի որ տնօրեն չունի, եւ կողմերը ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս տնօրեն նշանակելու հարցում, սակայն բժիշկները գնում են աշխատանքի։ «Առավոտները բուժանձնակազմը ներկայանում է գործի, բայց բուժական պրոցես չենք կարողանում կազմակերպել։ Եթե նոր հիվանդներ են լինում, տարբեր այլ տեղերում ենք փորձում նրանց օգնել»,- պատմում է Տարոն Տոնոյանը։ Բայց հաշտության մասին խոսք չկա։ Վիրաբույժների առճակատումը շարունակվում է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ