Բոգոյին ազատել են գրավի դիմաց

Բոգոյին ազատել են գրավի դիմաց

ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի «աջ ձեռք» եւ օգնական Բոգոն՝ Ռուբեն Կոստանյանը, ազատության մեջ է։ Ուրբաթ երեկոյան դատարանը բավարարեց քննիչի որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությունը, ապա փոխեց խափանման միջոցը գրավով։ Հիշեցնենք, որ Կոստանյանը մեղադրվում է բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հուլիսի 20-ին նա «555» հացատանը հրազենով կրակել էր «Ֆեռո» ընկերության սեփականատեր Ռոբերտ Ավետիսյանի վրա, որին օբյեկտ էր հրավիրել 10 մլն դրամ պարտքը հետ ստանալու ակնկալիքով։ Այս միջադեպից անմիջապես հետո Ռուբեն Կոստանյանին՝ այն ժամանակ նա հանդես էր գալիս Սիմոնյան ազգանունով, ճանաչեցին տուժող, իսկ Ռ. Ավետիսյանին, որն, ըստ էության, պաշտպանվել էր, մեղադրեցին Բոգոյին ծանր մարմնական վնասվածք պաճառելու համար։ Վերջերս քննությունը փոխեց հունը, և մեղադրյալ ճանաչվեց Բոգոն։ Բայց, ինչպես երևում է, բազմաթիվ քրեական պատմությունների այս հերոսին դատելն այս անգամ էլ հեշտ չի լինելու։ Ըստ չհերքված տվյալների, Բոգոն այլ երկրներում էլ է հասցրել աչքի ընկնել «օրինավոր» վարքով՝ հետախուզվում է Գերմանիայի իրավապահների կողմից։ 



Սյուզան Սիմոնյան