Հայ սպան հայրենիքի «ինադու» գնում է թշնամու ո՞տքը

Հայ սպան հայրենիքի «ինադու» գնում է թշնամու ո՞տքը

36-ամյա Նորայր Մինասյանը՝ զինվորականի որդի, որը տեւական ժամանակ ծառայել է որպես կադրային սպա եւ ավագ լեյտենանտի կոչում ունի, Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել։ Այս մասին երեկ թմբկահարում էին ադրբեջանական կայքերը։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ոչ հերքում են տեղեկությունը, ոչ հաստատում, իսկ Նորայր Մինասյանի մասին մեր բոլոր հարցերին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ պատասխանում էր. «Ուսումնասիրում ենք»։ Ուստի այս պահին ստիպված ենք բավարարվել մեր սպայի վերաբերյալ «թշնամի» ԶԼՄ-ների տեղեկատվությամբ եւ «Հրապարակի» սեփական ու մեր անձնական շփումների հիշողություններով։ 



Եվ այսպես, հաղորդվում է, որ զինվորական ակադեմիայի շրջանավարտ Նորայր Մինասյանը հակատանկային զորքերում վաշտի հրամանատար է եղել, ծառայել է Նախիջեւանի սահմանին։ 2014 թվականին զորամասն ինքնակամ լքելու համար դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, բայց վեց ամիս է անցկացրել կալանավայրում։ Այս պահին Մինասյանը գտնվում է Սոչիում։ Ըստ haqqin.az կայքի, նրա նկատմամբ քրեական հետապնդումների բուն պատճառը գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայիս ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու հետ կոնֆլիկտն է եղել։ Մինասյանը դիմել է այս կայքի սեփական թղթակցին եւ խնդրել օգնել՝ տեղափոխվելու Բաքու, որտեղ մտադիր է մամուլի ասուլիս հրավիրել եւ պատմել «Հայաստանի զինուժում եւ հակամարտության գոտում տիրող վակխանալիայի մասին»։ Սպայի ընտանիքը՝ կինը եւ մանկահասակ երեխան, Երեւանում են։ Այսքանը՝ ըստ թշնամիների։ Իսկ մեր տեսադաշտում Նորայր Մինասյանը հայտնվել է 2014 թվականի ամռանը։ Նա ծնունդով Կապանից է, զինվորականի ընտանիքից։ Հայրը մայորի կոչում ունի, ներկայում զինղեկ է աշխատում Կապանի դպրոցներից մեկում։ Նորայրը մեզ վրա ազնիվ սպայի, փորձառու զինվորականի տպավորություն է թողել, թեև փոքր ինչ տաքարյուն։ Ծառայել է Քելբաջարում, վստահեցնում էր, որ հետախուզական վաշտ է ղեկավարել։ Դատական գործի նյութերում, սակայն, գրված է, որ հրաձգային գումարտակի հակատանկային դասակի հրամանատար է եղել։ Մինասյանը դատվել է երկու անգամ եւ երկու դեպքում էլ՝ նույն հանցանքի համար՝ զորամասը կամ ծառայության վայրը լքելու հոդվածով։ Վերջին դատվածությունը 2014 թվականին էր․ Մինասյանը, «առանց հարգելի պատճառների, 2013թ. դեկտեմբերի 11-ից մեկ ամսից ավելի տեւողությամբ ծառայության վայր չի ներկայացել, իսկ 16.01.2014թ. հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ ՌՈ»: Իր մեղքը նա ընդունել էր եւ զղջացել։ Անկախ դատական «արկածներից», Նորայր Մինասյանը ընդհանուր առմամբ հայրենասեր երիտասարդ է, գրագետ է, հպարտանում է նրանով, որ փոքր տարիքում զինվորականի կարիերա է արել, ծառայել է ղարաբաղյան պատերազմի առաջնագծում։ Ծառայության ընթացքում երեք անգամ պատվոգրերով է պարգեւատրվել, հրամանատարության կողմից դրական է բնութագրվել։ Հայրենասիրական թեմաներով հոդվածների հեղինակ է։ Նորայր Մինասյանը սեր ունի լրագրության նկատմամբ։ Նրա հոդվածները հրապարակվել են պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» թերթում։ Դրանցից մեկը՝ «Կապանի բրիգադի մարտական ուղին», նվիրված է այդ բրիգադի 20-ամյակին եւ պատմում է, թե ինչպես են Կապանում երկրապահ ջոկատներ ստեղծվում։ Ի դեպ, հենց այս հրապարակման մեջ Նորայր Մինասյանը նաեւ հարգալից տոնով գրում է Յուրի Խաչատուրովի մասին. «1992թ. հունիսին Յուրի Խաչատուրովը Լուսակերտի զորամասի անձնակազմով գործուղվեց Գորիսի, Կապանի, Մեղրիի շրջաններ եւ զորամասի ստորաբաժանումներով ամրացնելով դիրքերը` համակարգեց պաշտպանական ուժերի ղեկավարումը»: Այն, որ Խաչատուրովի որդու հետ երիտասարդ սպան կոնֆլիկտ է ունեցել, որեւէ կերպ չի հաստատվում։ 2014 թվականին, «Վարդաշենի» բանտից վերադառնալուց հետո, Նորայր Մինասյանը հիասթափված էր զինվորական ծառայությունից եւ ուզում էր փոխել աշխատանքը՝ փորձեց նույնիսկ տեղավորվել մամուլում։ Մի կարճ «փորձաշրջան» անցավ «Առավոտ» թերթում՝ որպես սրբագրիչ։ Նա այստեղ էլ բանակի մասին փոքր հրապարակումներով հանդես եկավ, ռազմահայրենասիրական ոճի, ՊՆ հաղորդագրությունների ոգուն հարազատ։ Այդ ժամանակ Նորայրն ասում էր, որ հայկական բանակում վիճակն այնքան էլ լավ չէ, որ ինքը հիասթափված է եւ այլեւս չի ցանկանում վերադառնալ համակարգ։ Սակայն չէր մանրամասնում, թե ինչու է հիասթափվել։ Ասում էր, որ չի ցանկանում հայկական բանակի մասին վատ բան ասել, այնպես որ Նորայր Մինասյանին ոչ մի կերպ հնարավոր չէ պատկերացնել դավաճանի եւ դասալիքի կերպարում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ