Սարիթաղցիներն ու մյուսները մենակ են մնացել

Սարիթաղցիներն ու մյուսները մենակ են մնացել

2016 թվականի հուլիսի դեպքերի, «Սասնա ծռերի» ապստամբության շուրջ կրքերը հանդարտվեցին։ Նոր վարչապետի հագուկապն ու նրա անելիքները քննարկող հասարակությունը մոռացավ եւ ՊՊԾ գնդի գրավումը, եւ սարիթաղցիներին։ Իհարկե, բարեգործական համերգներ են կազմակերպվում, որոնք անվանի երգիչները՝ Ռուբեն Հախվերդյանը, Եղիշե Պետրոսյանը, մյուսները, նվիրում են «Սասնա ծռերին», համանուն հիմնադրամ կա, որը փորձում է միջոցներ հավաքել տղաների համար, բայց, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ «Սասնա ծռերն» ու զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող մի քանի սարիթաղցիներն ու նրանց հարազատները մենակ մնացին իրենց նեղ օրերի մեջ։ Հանրությունը սառեց, իսկ իշխանությունը ռեւանշի անցավ։ Մինչեւ օրս անհասկանալի է, թե ինչու են Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին, մեղադրում պատանդ վերցնելու եւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահել եւ փոխադրելու համար, այն դեպքում, երբ նա ընդամենը հաց էր տեղափոխել։ 



Այս հարցին դեռ չպատասխանած, նախաքննության մարմինը նոյեմբերի 24-ին եւս երկու ամսով երկարաձգեց Հաց բերողի կալանքի ժամկետը։ Նրա պաշտպան Տիգրան Եգորյանը միայն մեկ հուսադրող նորություն հայտնեց․ չի բացառվում, որ տեսակցությունների արգելանքը վերացնեն՝ գրեթե անհավանական մեծահոգություն մեր վերին իշխանության կողմից։ «Սասնա ծռերից» Թաթուլ Թամրազյանի կալանքը եւս վերջերս երկարաձգվել է, թեեւ նրա պաշտպան Մոնիկա Մարգարյանը վստահեցնում է, որ վերջին ժամանակներս որեւէ քննչական գործողություն նրա հետ չի տարվել։ «Եթե ժամանակ առ ժամանակ գոնե որոշումների, եզրակացությունների պատճեններն էինք ստանում, հիմա դա էլ չեն անում։ Նոյեմբերի 29-ին կալանքի ժամկետը երկարացրին, ուրբաթ օրը վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, տեսնենք, թե ինչ կլինի»,- ասում է փաստաբանը։ Թաթուլ Թամրազյանի վիճակը բարդ է նրանով, որ նա հայերեն չգիտի, զրկված է որեւէ մարդկային շփումից, բացի փաստաբան Մոնիկա Մարգարյանից, իսկ հարազատների հետ շփումները հեռախոսով կամ ինտերնետով արգելված են։ Սարի թաղի բնակիչների ճակատագիրը եւս անորոշ է։ Նրանցից 9-ն անազատության մեջ է, եւ, բացի այդ, կան մարդիկ, որոնց նկատմամբ հետապնդում է իրականացվում, սակայն դեռ մեղադրանք չի ներկայացվել։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, որը եւս Սարի թաղի բնակիչներից է, պաշտպանում է իր հարեւաններից չորսին՝ Կարեն Վանոյանին, Սարգիս Արաբաջյանին, Էդուարդ Զեյթունյանին եւ Հարություն Թորոսյանին։ Վանոյանի, Արաբաջյանի գործը դատարան հասավ երկու օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, սակայն առաջին նիստը հետաձգվեց, որովհետեւ ներգրավված հանրային պաշտպանը չէր ներկայացել նիստին: Հարազատները, որոնք անհամբեր էին, զայրացան։ Զեյթունյանի եւ Թորոսյանի նիստերը կայանալու են այսօր, ժամը 12-ին։ Նրանց բոլորի մեղադրանքը նույնն է՝ 2016-ի հուլիսի 19-ին Խորենացու փողոցում եւ հարակից տարածքներում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելը եւ մի խումբ անձանց հետ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը: Բայց նրանց գործերը դատարանում առանձին-առանձին են լսվում, տարբեր օրերի։ Ինչ տրամաբանությամբ՝ հայտնի չէ։ «Կիսված է գործը, ես կողմ եմ, որ միացնեն, նորմալ ընթացակարգով գնա։ Թե չէ ստացվում է՝ նույն տուժողը պետք է գա, չորս տեղ ցուցմունք տա»,- ասում է Լիպարիտ Սիմոնյանը։ Հավանաբար, իշխանություններն այսկերպ պատժում են անհնազանդ քաղաքացիներին։ Լիպարիտ Սիմոնյանը վստահեցնում է, որ իր պաշտպանյալներից որեւէ մեկի գործողությունը մեղադրականում նշված չէ, թե ինչ են արել այս մարդիկ, նրանցից որ մեկը ում նկատմամբ է բռնություն կատարել եւ ինչպես, ինչ եղանակով։ «Մեղադրանքը կոնկրետացված չէ»,- ասում է նա։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ