Մանրամասներ «պուտանկաների» անցուդարձից

Մանրամասներ «պուտանկաների» անցուդարձից

«Դատապարտյալների հիվանդանոցում» մարմնավաճառուհիներ բերելու գործով քննության շրջանակն ընդլայնվում է։ Չի բացառվում, որ շուտով նոր անուններ ներգրավվեն։ Այս մասին տեղեկացանք իրավապահ մարմինների մեր աղբյուրից։ Այս գործը վերաբերում է աղմկահարույց մի բացահայտման, որն արվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։ Նոյեմբերի 30-ին ձերբակալվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը եւ տվյալ օրվա հերթապահության պատասխանատուն։ ՀՔԾ քննիչները նրանց մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նրանք դատապարտյալների հիվանդանոցում պահվող երեք անձանց մոտ երեք մարմնավաճառուհիների էին բերել երկարատեւ տեսակցության։ Ընդ որում, դատապարտյալներից մեկը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով էր տառապում, եւ այդ հիվանդությունը նա փոխանցել է նաեւ խեղճ կնոջը։ Ինչպե՞ս է նա եւ մյուս կանայք հայտնվել դատապարտյալների հիվանդանոցում, ինչպե՞ս են ստացել երկարատեւ տեսակցության թույլտվություն, երբ դրա համար առնվազն զագսի վկայական է պետք ներկայացնել։ Մենք որոշ մանրամասներ պարզեցինք։ Գիշերային թիթեռնիկների մուտքը փաստաթղթավորվել է, սակայն չի նշվել, թե հատկապես որ դատապարտյալի մոտ են նրանք գնում։ Այդ տողը թողել են, որ վերջում լրացնեն, աղջիկների դուրս գալուց հետո։ Բայց չնախատեսված ստուգում է իրականացվել, եւ ստուգողները հայտնաբերել են կիսատ լրացրած բլանկը։ Գրանցվել է աշխատանքային կանոնների խախտում, ինչից էլ բացվել է շղթան։ Նյութեր են նախապատրաստվել աշխատանքային կանոնների խախտման վերաբերյալ, ապա պարզվել է, որ կանայք ընդհանրապես իրավունք չեն ունեցել մուտք գործելու հիմնարկի տարածք։ ՔԿ համակարգին ծանոթ անձինք վստահեցնում են, որ մարմնավաճառների միշտ էլ տանում-բերում են։ Անգամ պարուհիների են որոշ հիմնարկների պետեր հրավիրել իրենց աշխատասենյակ։ Իսկ «Դատապարտյալների հիվանդանոցը» մյուս հիմնարկներից ավելի «բաց» է համարվում։ Մուտքն այստեղ ավելի հեշտացված է, ավելի մեղմ է հսկողությունը։ Կարապետ Մկրտչյանի մասին համակարգի աշխատողներն ասում են, որ նա վատ տղա չէ, ուղղակի բախտը չի բերել։