Սլավիկ Ղազարյանը վերադարձել է քաղաքապետարան

Սլավիկ Ղազարյանը վերադարձել է քաղաքապետարան

Ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ Սլավիկ Ղազարյանին ֆորտունան նորից ժպտաց։ Նա կրկին աշխատում է Գյումրու քաղաքապետարանում։ Սակայն ոչ թե բաժնի պետ է, ինչպես նախկինում, այլ՝ մատակարար։ Հիշեցնենք, որ Սլավիկ Ղազարյանի վերջին պաշտոնն անօրինական շինությունների եւ հողազավթումների վերահսկման բաժնի պետի պաշտոնն էր, որին նա հրաժեշտ էր տվել մեկ տարի առաջ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թեթեւ ձեռքով։ Անցյալ տարի Սլավիկ Ղազարյանն անզգուշություն էր ունեցել հայհոյել ոստիկաններին։ Նրա բուռն ելույթն ինչ-որ մեկը թաքուն տեսագրել էր, ու կարճ ժամանակ անց այն հայտնվել էր Շամշյանի կայքում։ Հայհոյանքի խոսքերի փոխարեն «տու-ու-ու» էր լսվում, բայց դա բավարար էր, որպեսզի Շամշյանի հավատարիմ հեռուստադիտող Վլադիմիր Գասպարյանը բարկանար։ Գյումրիում անցկացրած խորհրդակցությունից հետո նա իր կաբինետ էր բերման ենթարկել Սլավիկ Ղազարյանին ու «շան լափ» թափել նրա գլխին։ Ասում են՝ չէր էլ թողել, որ Սլավիկը բացատրի իր արարքը, պատմի, թե ինչու է «նեղացրել» ոստիկաններին, ո՞րն է եղել նրանց մեղքը։ Գյումրու քաղաքապետ Բալասանյանն էլ այնքան էր վախեցել միջադեպից, որ աշխատանքից ազատել էր անօրինական շինությունների բաժնի պետին։ Հիմա նորից ընդունել է աշխատանքի։ Սլավիկ Ղազարյանը հաստատեց այդ լուրը։ Հարցին, թե ինչպես եղավ, որ կրկին վերադարձավ, հարցով պատասխանեց. «Ինչ՞ի պետք է չաշխատեի։ Հանցագո՞րծ եմ, ինչ է»։ Մեզ հետ խոսելու պահին նա գերեզմանատանն էր՝ երկրաշարժի ժամանակ կորցրել է առաջին կնոջն ու որդուն։ Շեշտեց, որ հիմա հասարակ մատակարար է՝ 42 հազար դրամ աշխատավարձով։ Այս աշխատանքին է անցել մոտ երկու ամիս առաջ։ «Ինձ հիմա պաշտոն պետք չէ։ Ես 47 տարվա ոստիկան եմ, տարիքս էլ էն չէ, որ պետ աշխատեմ։ 64 տարեկան եմ, մի տարուց թոշակի եմ գնալու։ Ինձ ոչ պետ կտան, ոչ բաժին կտան։ Ինձ բան չի մնացել, էս գործն էլ լավ է, աշխատում եմ, էլի»։ «Իսկ ո՞վ էր Ձեզ հեռացրել, Բալասանյա՞նը, Ձեր հեռացումը կապ ունե՞ր Վլադիմիր Գասպարյանի բարկության հետ»։ «Ոչ,- պատասխանեց նախկին ոստիկանը,- ես ինքս էի դիմում գրել, հիմա էլ եկել եմ»։ Տղաներին, որոնք իրեն թաքուն նկարահանել էին աշխատասենյակում, Սլավիկ Ղազարյանը չի ճանաչել։ Իսկ ի՞նչ էին արել ոստիկանները, որ հայհոյում էր նրանց։ «Ոչինչ, ես չեմ հայհոյել նրանց»,- պատասխանեց նա։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ