Վարչապետի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը

Վարչապետի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը

Կառավարությունն ստեղծում է նոր մարմին՝ «Հայաստանի իրավազորության ծրագիր»։ Այն ունենալու է կանոնադրություն, հոգաբարձուների խորհուրդ, տնօրեն եւ զբաղվելու է ըստ էության նրանով, ինչի համար գոյություն ունի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, եւ ինչին ավանդաբար ծառայել է էկոնոմիկայի նախարարությունը։ «Ծրագիրը» հարթակ է մշակելու, որը, ինչպես ասաց Կարայանը, «Հայաստանը գրավիչ կդարձնի օտարերկրյա ներդրումների տեսանկյունից եւ կստեղծի խթաններ ու շարժառիթներ՝ ֆինանսական ռեսուրսներ ու մարդկային հոսքեր դեպի Հայաստան ուղղելու համար»։ 



Նախարար Սուրեն Կարայանը թեթեւ կակազելու սովորություն ունի եւ «իրավազորություն» բառը նորաստեղծ մարմնի անվան մեջ արտասանում էր սայթաքելով՝ «ի-իրավա-իրավազոր-զորություն», ինչն ավելի ընդգծեց այդ անվան անհեթեթությունը։ «Ծրագրի իրականացումը Հայաստանը կդարձնի հարմարավետ եւ գրավիչ հանգուցային մեծ շուկաների համար։ Կստեղծվեն ձեռնարկատիրական եւ տնտեսական գործունեություն իրականացնող մարմիններ»,- պատմում էր նախարարը՝ ակամայից հիշեցնելով էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի «պրոյեկտները»։ Վերջինս, օրինակ, «Հայաստան-ԱՄՆ» ներդրումների հարցերով խորհուրդ էր ստեղծել եւ ուղիղ մեկ տարի առաջ միջազգային բիզնես համայնքին առաջարկում էր Հայաստանը դիտարկել որպես «միջազգային գործարար համայնքի շահերի կենտրոն»։ Այդ խորհրդի նիստերի ժամանակ խոսվում էր Հայաստանը գրավիչ դարձնելու, բիզնեսը հեշտացնելու մասին։ Էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ հատուկ դահլիճ բացեց, որն անվանեց բիզնես-կենտրոն, բայց եւ գործարարները, եւ նրանց ՀԿ-ների ղեկավարները բողոքում էին, որ էկոնոմիկայի նախարարության չնվոնիկներն անտարբեր են իրենց նկատմամբ, չեն էլ գալիս իրենց ժողովներին ու ֆորումներին ու ընդամենը հավաքների համար առաջարկում են իրենց բիզնես-կենտրոնի դահլիճը։ Մինչդեռ գործարարները բոլորովին այլ աջակցություն էին սպասում նախարարությունից, եւ/կամ, որ գոնե լսեն իրենց պրոբլեմները, ինչը չեղավ։ Հիմա նոր վարչապետն է մարմիններ ստեղծում՝ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն», «Հայաստանի իրավազորության ծրագիր»։ Անշուշտ, կգտնվեն միջազգային կառույցներ, որոնք կվարկավորեն այս կառույցները՝ նոր պարտքեր դնելով մեր ժողովրդի վզին։ Ի դեպ, Ասիական զարգացման բանկն արդեն հետաքրքրություն է հայտնել ռազմավարական կենտրոնը ֆինանսավորելու հարցում։ Ու ստացվում է, որ մի կողմից մենք կրճատում ենք ավելորդ կառույցները՝ ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երի թիվն ենք հասցնում մինիմալի։ Ի դեպ, երեկ մի ՊՈԱԿ էլ կրճատվեց՝ «Տրանսպորտային փոխադրումներ» անունով, որն 9 աշխատող ուներ եւ 22 մլն. էր ստանում բյուջեից։ Մյուս կողմից նոր մարմիններ ենք ստեղծում, որոնք նոր փողեր ու ծախսեր են պահանջելու հարկատուներից։ Մինչդեռ բոլոր նպատակների համար նրանք արդեն վճարում են ՀՀ կառավարությանը, նախարարներին, չինովնիկներին, եւ վարչապետի բոլոր «բարի» նպատակներն ի վերջո տեղավորվում են այս մարմինների եւ անձանց ծառայողական պարտականություններում։ Իսկ մենք՝ հարկատուներս, նրանց աշխատավարձ ենք տալիս այս պարտականությունները կատարելու համար։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ