Լոքյանը փրկելու է հանրապետությունն աղբից

Լոքյանը փրկելու է հանրապետությունն աղբից

Դավիթ Լոքյանը երեկ կառավարության հաստատմանն էր բերել աղբահանության 20 տարվա հայեցակարգ՝ 2017-2036 թվականների համար։ Նա հիմնավորումները կարդում էր դրանց կարեւորության գիտակցումով, ասես աղբի կառավարման ռազմավարությունն իր կյանքի ամենակարեւոր փաստաթուղթն է։ 



Պարզվում է՝ մինչ այսօր աղբահանության կամ, քաղաքակիրթ լեզվով ասած՝ կոշտ կենցաղային թափոնների կառավաման ոլորտը լիարժեք անտերության էր մատնված։ Չկար հստակ քաղաքականություն, անգամ՝ լիազոր պետական մարմին, որը պատասխանատու կլիներ այս ոլորտի համար։ Մեքենաներն ու սարքավորումները պիտանի չեն, աղբամանները հակահիգիենիկ են ու հիմնականում բաց, ուշ-ուշ են դատարկվում կամ ընդհանրապես բացակայում են։ ՀՀ-ի 450 աղբավայրերը հստակ սահմանագծված չեն, ներդրումներ այս ոլորտում շատ քիչ են արվել, իսկ բնակչությունից հավաքվող գումարները քիչ են, տուգանքներ հիմնականում չեն կիրառվում։ Լոքյանի զեկույցի շնորհիվ իմացանք, որ 896 համայնքների կեսից ավելին իրենց բյուջեում աղբահանության գումար է նախատեսել, բայց այդ ծառայությունից օգտվում է բնակչության 89 տոկոսը, եւ միայն Երեւանը՝ 100 տոկոսով։ Շիրակի համայնքներն ամենակեղտոտն են՝ Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում աղբահանություն կազմակերպված է միայն մեկական համայնքում։ Աղբի կառավարման գլոբալ ռազմավարություն չենք ունեցել, եւ եթե պարոն Լոքյանի ջանքերը չլինեին, մենք շուտով կսուզվեինք աղբակույտերի եւ օրըստօրե աճող, քաղաքներ ու գյուղեր խժռող աղբակույտերում։ Ահա ինչու նա առաջարկում է աղբավայրերի նոր համակարգ հիմնել եւ խոստանում է, որ կհավաքվի աղբի առնվազն 95%-ը: Հին աղբավայրերը կամ կարդիականացվեն եվրաչափանիշներին համապատասխան, կամ կփակվեն, ընդ որում՝ աղբահանության դրույքաչափը չի բարձրացվի, իսկ ոլորտը գրավիչ կդառնա ներդրողների համար, որովհետեւ աղբահանության ծառայությունները կազատվեն ԱԱՀ-ից։Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն այնքան էլ համաձայն չէր՝ վստահեցնելով, որ դրանից կտուժի բյուջեն։ Լոքյանի զեկույցը կիսատ մնաց։ Նա, զգալով, որ երկար է խոսում, հարցրեց վարչապետին՝ շարունակի՞, թե՞ ոչ։ Վերջինս էլ անլրջության մատնեց դահլիճն էլ, աղբահանության ռազմավարությունն էլ, ասելով. «Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում՝ շարունակելո՞ւց, թե՞ չշարունակելուց»։ Այնուամենայնիվ հասկանալի չէ, թե ով է վճարելու նոր համակարգի ներդրման համար։ Եթե բյուջեն չպետք է տուժի, հարկային արտոնություններ չեն սահմանվելու, ապա նորամուծությունների բեռն անխուսափելիորեն ընկնելու է բնակչի վրա։ Ըստ վիճակագրության, ՀՀ մեկ բնակչի համար աղբահանության վարձը կազմում է 400 դրամ։ Այս չափի գումար, որքան էլ զարմանալի է, գանձում են միայն Մեղրիի եւ Ագարակի բնակիչներից։ Մյուս վայրերում աղբահանության գումարն ավելի ցածր է. 200-250 դրամ՝ Երեւանում, 250 դրամ՝ Աբովյանում։ Եվ եթե նոր համակարգը ներդրվի, ապա չի բացառվում, որ աղբի վարձն ամսական 100 դրամից կտրուկ բարձրանա՝ հասնելով 400-ի։ Ստույգ թվերը պարզ կդառնան, երբ գործարկվի առաջին «փորձնական» աղբավայրը՝ Կոտայք-Գեղարքունիք։ Ամեն դեպքում պետք է ընդունել, սակայն, որ մաքուր քաղաքներ ունենալու հաճույքի դիմաց սակագնի թռիչքը մինչեւ 400 դրամ այնքան էլ մեծ գումար չէ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ