Մի քիչ զուսպ եղիր, ՀամազՈՒ՛սպ

Մի քիչ զուսպ եղիր, ՀամազՈՒ՛սպ

Հայտնի ներկայացման հումորային այս տողն իսկը մեր կառավարության ամբիցիաների եւ մեր տնտեսության զրոյական վիճակի մասին է: Ու որքան էլ ամբիցիաներն ինքնին վատ բան չեն, այնուամենայնիվ, «աշխարհը շուռ տվող» ծրագրեր փնտրելուց առաջ չէր խանգարի մի քիչ «համազուսպ» լինել եւ նախ մեզ համար գտնել մի համեստ ծրագիր` վերջապես դուրս գալու տնտեսական պերմանենտ ճգնաժամից: Իրականում որեւէ հստակ ռազմավարություն առայժմ կյանքի կոչել չկարողանալով` ներկայիս կառավարությունը կրնկակոխ հետեւում է իր նախորդներին` տակտիկական պարզունակ քայլերով տալով ընդամենը ընթացիկ լուծումներ, կամ էլ, պարզապես, այդ լուծումներն իրենք իրենց գալիս են, ինչպես նոյեմբերին պղնձի միջազգային գների աճը, որը 4 ամիս շարունակ անկում արձանագրող մեր տնտեսության համար մանանա էր` երկնքից թափված: Արդյունքում, արդյունաբերական արտադրանքի ծավալն այս նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, աճեց 8,8%-ով` ապահովելով տնտեսական ակտիվության ցուցանիշի 2,3%-ով աճ: Մինչդեռ 11 ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 0,6%-ով: Սակայն իրականում սա էլ չէր լինելու, եթե նոյեմբերին պղնձահումքային վերոնշյալ նպաստումը չլիներ: Այլ կերպ, կառավարությունը, եթե մատը մատին էլ չտար, այս չնչին աճն ինքնաբերաբար լինելու էր: Իսկ, ահա, հակառակ գործընթացում, որպիսին գյուղատնտեսական արտադրանքի նվազումն է` առանց ֆորսմաժորային իրավիճակներ ի հայտ գալու, կառավարությունը, իհարկե, ձեռքերը ծալած չպիտի նստեր, ինչը չի նշանակում, որ ինքը եւս պիտի լծվեր վարունգ ու լոլիկ աճեցնելուն, թեեւ գուցե դա ավելի արդյունավետ լիներ: Արդյո՞ք, եթե ժամանակին եւ բավարար չափով ուսումնասիրվեին պարարտանյութերի եւ սերմացուների սուբսիդավորման, գյուղատնտեսական վարկերի տրամադրման արդյունավետության խնդիրները, ինչու ոչ` նաեւ մեր փոքրիկ շուկային արտաքին շուկայից դեմպինգի ենթարկող հանգամանքները, որպիսին, օրինակ, թուրքական լոլիկն է եւ այլն, մեր գյուղատնտեսական համախառն արտադրանքն ընդամենը մեկ տարվա կտրվածքով կարձանագրեր ավելի քան 6% անկում: Մինչդեռ ոչ վաղ անցյալում այն տնտեսական աճի ապահովման շարժիչ ուժ է եղել: Իսկ եթե նախորդ տարիներին այս ոլորտում նկարչություն է արվել` աճ ապահովելու համար, ուրեմն այս մասին եւս պետք է խոսել: 



Ինչ վերաբերում է շինարարության ծավալների նվազմանը, ապա եթե կառավարությունն ինքը չի կարողանում իրականացնել բյուջեով ամրագրված իր ծրագրերը, ի՞նչ կարող է ակնկալել մասնավոր հատվածից, որն ավելի քան անպաշտպան է ներքին եւ արտաքին մարտահրավերներին դեմ հանդիման: Այստեղ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 11%-ի անկում է արձանագրվել:



Եվ դարձյալ ստացվում է, որ մեր կառավարության ամենահուսալի եւ անդավաճան ընկերը երկրի ընդերքն է, որի համար միեւնույն է, թե ով է երկրի քաղաքական ղեկին, ով է վարչապետը, ով` իրեն շահագործողը: Այս դեպքում ի՞նչ տնտեսական ռազմավարության մասին է խոսքը. պղինձ է` արտահանվում է, թանկ կլինի՝ թանկ կվաճառեն, էժան կլինի` ավելի շատ կարտահանեն ու ջրի գնով կվաճառեն, նույնը եւ թանկարժեք մետաղների ու քարերի դեպքում:



Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ