Թոթովենց՝ «Ղանթարում»

Թոթովենց՝ «Ղանթարում»

Ղանթարը՝ Երեւանի շուկայի կենտրոնը, շատ է փոխվել վերջին մի քանի տարիների ընթացքում, բայց նա չի կորցրել ինքնուրույն արեւելյան կոլորիտը: Կրպակները շատացել են, շատացել են, մանավանդ տեղական եւ հարեւան երկրների ապրանքները: Երբ շուկայի վերեւի տրատուարից դիտում ես Ղանթարի հրապարակը, ձմեռվա սպիտակասփյուռ ֆոնի վրա առանձին գրավչություն են ստանում խնձորների բոցավառ կարմիր, չորացած ծիրանների ոսկին՝ նման մեր վերջալույսի արեւներին:



Մի իրարանցում կա, այնտեղ խառնված են իրար բոլոր արհեստները եւ մանր առեւտրի բոլոր տեսակները: Կոոպերացիան մտել է Ղանթար եւ լայնարձակ տարածվել է՝ քշելով մասնավորներին մի քիչ ավելի դենը: Կոոպերացիան սպառնում է նրանց քշել այնքան դենը, որ նրանք դուրս մնան շուկայի շրջագծից: Կոոպերացիայի դերն այստեղ մեծ է, նա սպառնում է գների բարձրացման, եթե ոչ՝ մասնավորները մեզ կգցեն մասնավոր օրի: Ահա մի պարսիկ, փոքրիկ հուրակի վրա մի քանի տժվժիկ է այրում, կողքին՝ մի կողովի մեջ, իր կապիտալն է դարսել արեւելյան կշեռքը, մի կշեռք, որ անգործությունից, անբովանդակությունից հորանջում է: Պարսիկն այնքան է կռացել կրակի վրա, որ մեջքը կորցրել է իր սկզբնական ձեւը, ուղղվելուց հետո դժվար թե նա կարողանա ուղիղ գիծ կազմել:



Կողքիցդ մեկը մեղմիվ խփում է, մի փոքրիկ էշ է, այնքան է միամիտ, որ սիմպատիկ է, աչքերը երազուն, որոշ խորությամբ, ետեւից մի գյուղացի ճիպոտն է բարձրացնում եւ ռիթմիկ խփում: Կարիք չկա խփելու, բայց ռիթմը ներքին է, անդիմադրելի: Գյուղացին մտածմունքների մեջ է, մեքենայաբար հետեւում է իշուկի քայլերին: Նա հաշվում է, թե ինչ ծախեց, ինչ գնեց եւ ինչ է տանելու: Շարունակում եմ իմ քայլերը. մի համբալ՝ թեթեւ շապիկով, փալանը կռնակին, կուչ է եկել, շուկայի մեջտեղը կանգնած, երկու ձեռքերն էլ կոխել է շապիկի թեւնոցների մեջ, աչքերը գետնին: Մրսում է նա, մրսում է ավելի, քան Թոմն «Արքա Լիրում», նրա նման ցնցոտիապատ, բայց համբալը չի խոսում, ամբողջովին տարված է մրսելով, մրսում է նա մինչեւ հոգու խորքը…



Ահա հին շորերի փոթորկոտ վաճառքը. գույների, տարազների, ոճերի, տարիների եւ երկրների հագուստի տեսակների փոթորիկ: Այս շորերը ծախողներն էլ այլազան են, ոմանք՝ այլանդակ: Խնձորի, տանձերի եւ չոր մրգերի վաճառականների նման լռակյաց չեն սրանք, սրանք ագրեսիվ են, քաշում են, դեմդ են կտրում, ստում են, գովաբանում, մանավանդ՝ երդվում: Երդումը մասնավոր է: Ինձ չեն ճանաչում, բայց դա պատճառ չէ, որ բարեկամ չձեւանան.



- Ուրիշների համար 80 մանեթ, քեզ համար՝ 20 մանեթ:



Այս բարեկամությունն է, որ ինձ վախեցնում է, շահագրգռված բարեկամություն, որ վտանգավոր է:



Անցնում է մի պառավ կին, նրա մեջքը փարիզյան փափկասուն տիկինների նրբությունն ունի, բայց դա պատճառ չէ, որ կռնակին չծանրանա ջրի խոշոր կուժը: Սա դառնացած մի պառավ է, այդ դառնությունն արտահայտվում է նրա կիսակոշիկներից եւ բոբիկ ոտներից, բայց ժիր է այս պառավը, կարծես էլ չի մրսում: Համբալը եթե այս պառավին տեսներ, թերեւս ամաչեր: Բայց պառավի արծվային քիթը մատնում է անողոք բողոք ցրտի դեմ, քիթը կապուտցել է, կարծես միս չէ, նման է այն վերջին մսի կտորին, որ մասնավոր մսագործները նետում են կշեռքի մեջ:



Ղանթարը կարծես երանգապնակ է, այնքան գույներ կան, չոր մրգերի խայտաբղետ մի պանորամա, որ ձյան սպիտակով եզերված՝ դառնում են ավելի խոր, ավելի բոցավառ եւ հրապուրիչ:



Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ