«Փոքր Մհերի» սաներին ստիպողաբար հեռացնում են դպրոցից

«Փոքր Մհերի» սաներին ստիպողաբար հեռացնում են դպրոցից

«Փոքր Մհերի» սաներին ստիպողաբար հեռացնում են դպրոցից «Փոքր Մհեր» կրթահամալիրում արտակարգ իրավիճակ է։ Կրթության և գիտության նախարարը հրաման է արձակել դպրոցը փակելու մասին։ Կա կառավարության որոշում։ Կրթական խորհուրդը լուծարել են։ Կրթահամալիրի սաներին, որոնց մի մասը գիշերում էր դպրոցում,
տոներից առաջ ուղարկել են տուն։ Իսկ երեկ տեղեկացրել են, որ բոլորին տեղափոխելու
են այլ հաստատություններ՝ ուզեն, թե չուզեն։ «Մեզ տեղեկացրել են, որ 10, 11 և 12 դասարանների աշակերտներին տեղափոխելու են «Մոնթե Մելքոնյան» վարժարան, իսկ 9-րդ դասարանցիները, քանի որ դեռ չեն կարող գնալ ավագ դպրոց, անցնելու են Նուբարաշենի առաջվա հատուկ դպրոցը», - ասաց մեզ հետ զրույցում կրթահամալիրի սաներից մեկը։



Փոքր Մհերի սաները խնդրեցին իրենց անունները չգրել, քանի որ վախենում են իրենց ապագայի համար և չեն վստահում կրթության նախարարին․«Նա մեզ մի անգամ խաբեց։ Նախարարությունից մեզ հույս տվեցին, որ դպրոցը չի փակվելու, բայց հիմա խաբեցին ու փակում են, իրենք հասցրեցին դրան։ Մենք չենք գնալու «Մոնթե Մելքոնյան», մենք չենք լսելու իրենց, ակցիաներ ենք անելու»։ Տղաները շատ են ուզում մնալ իրենց դպրոցում, որը 15 տարվա պատմություն ունի։ Ասում են․ «Մենք հիմա դպրոցում ենք, ուզում ենք պայքրել, աշխատակազմին ուզում են հեռացնել, մեզ էլ ասում են, որ եթե չենթարկվենք, տեղափոխման թերթիկ չեն տա»։ Նրանք հույսով են, որ մենք կփրկենք դպրոցը, սակայն դա հեշտ չի։



Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կտրուկ դեմ է «Փոքր Մհերի» գոյությանը։ Նախարարության մեր աղբյուրները վկայում են, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը, գալով պաշտոնի,հայտարարել է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնի ռազմական ուսումնական հաստատություններին, նույնիսկ առաջարկել է ՊՆ համակարգի մեջ ներառել «Փոքր Մհերը», փորձելով փրկել դպրոցը։
Բայց Լևոն Մկրտչյանը դեմ է։ Ինչո՞ւ։



Նախարարի մամուլի քարտուղարը հաղորդում է․ «Կառավարության որոշմամբ հստակ ասվում է, որ «Փոքր Մհերի» ավագ դպրոցի կրթական ծրագիրն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» պետական հիմնարկը, իսկ «Փոքր Մհեր» կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղը շարունակում է իր գործունեությունը։ Ինչ վերաբերում է նախարարի դեմ կամ կողմ լինելու, այդպիսի խնդիր չկա և նախարարն իր կարծիքը հայտնել է դեռևս տարեվերջյան ասուլիսին, այն է` որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ իրավական, տնտեսական և մանկավարժական»: «Խնդիրը լուրջ ուսումնասիրել ենք. դպրոցում առկա է բարձր որակ և լավ մանկավարժական կոլեկտիվ: Լուծումը Պաշտպանության նախարարության հետ համատեղ գտել ենք. «Փոքր Մհերի» հիմնական կրթական ծրագիրը, որն իրականացվում է Նուբարաշենում, կառանձնացվի և կբացի, որտեղ կսովորեն նաև աղջիկներ, իսկ ավագ դպրոցը կմիավորվի ՊՆ «Մոնթե Մելքոնյան» վարժարանին»։



Խոսեցինք կրթահամալիրի հիմնադիր, կրթական խորհրդի նախագահ, վարչապետի խորհրդական Գևորգ Մալխասյանի հետ։ Ի՞նչ է կատարվում հիմա ձեր դպրոցում։ «Ես տեղյակ չեմ, ինձ հեռացրեցին խորհրդի նախագահի, և անդամի պաշտոնից, արդեն այդ դպրոցը չկա, քանդվեց», - ասաց նա։ Ավելացրեց, որ դպրոցի ողջ գույքը փոխանցվում է պաշտպանության նախարարությանը։ Գեւորգ Մալխասյանը արդարադատության փոխնախարար աշխատելու տարիներին իր պաշտոնն ու կապերը ծառայեցնում էր հօգուտ իր սաների եւ հասել էր նրան, որ դպրոցին լավ էին նայում: Դպրոցն ազատում էր նրանց երեխաների ամենօրյա խնամքից: Հաճախ այստեղ ապաստանում էին նաեւ ծնողազուրկ երեխաներ կամ նրանք, ում պետությունը փրկում է աղքատությունից եւ սովից: «Մոնթե Մելքոնյան» վարժարան տեղափոխվելը նրանց համար հեշտ չի լինի, քանի որ այս հաստատությունը ուսումնական զորամասի կարգավիճակ ունի։ Ավագ դպրոցում էլ ուսումնական ծրագրերն են խիստ տարբերվում ռազմականացված այս հաստատության ծրագրից։ Այնպես որ Մհերիկներին հիմա բարդ օրեր են սպասում։



Հիշեցնենք, որ վերջին երկու տարիներին դպրոցը ֆինանսական խնդիրեր ուներ։ Տպավորություն էր, որ պետությունը դադարել է ուշադրություն դարձնել այս հաստատությանը։ Իսկ երկու ամիս առաջ «Փոքր Մհեր» կրթահամալիրի բարձր դասարանների սաները անհնազանդության ակցիաներ էին անում՝ հրաժարվել էին հացից, դասասենյակներ չէին մտնում բողոքի երթ էին կատարել հրապարակում: Տղաները պահանջել են տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը, որովհետեւ նա վատ է վերաբերվում իրենց հետ։



Սյուզան Սիմոնյան