Երեւանում ցուրտ է եւ ուրախ։ Ամանորյա խճանկար -2017

Երեւանում ցուրտ է եւ ուրախ։ Ամանորյա խճանկար -2017

Տաք քամիներն այս տարի նեղացան Երեւանից։ Նույնիսկ Սեւանի մայրուղում էր հունվարի առաջին օրերին ավելի տաք, եւ գազալցմանը սպասող վարորդները հանգիստ կարող էին սիգարետ կպցնել եւ վայելել եղանակը։ Իսկ մայրաքաղաքի փողոցներում ոչ կանգնել էր լինում, ոչ քայլել։ Ցուրտն ու մերկասառույցը նույնիսկ աննկուն մարմնավաճառուհիներին էին քշել Ծերեթելու անկյունից։ Դեկտեմբերի 31-ին նրանց տեղում այլ պերսոնաժ էր կանգնել ու ձեռքով էր անում անցնող մեքենաների ապշահար վարորդներին՝ «Երեւան-Սիթիի» վճարովի Ձմեռ պապիկը։ Փողոցում կանգնող Ձմեռ պապիկները ժամը 500 դրամ էին վերցնում, եւ ցրտի պատճառով այնքան էլ ուրախ չէին ժպտում։ «Բոմբոներկայով» մարդիկ էլ փողոցներում քիչ կային, իրար տներ շատ չէին գնում-գալիս։ Առհասարակ, Նոր տարին այս անգամ ալարկոտ էր։ Եվ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառն էլ շատ մարդ չհավաքեց։ Լույսերի միացման հանդիսավոր արարողությունը կրճատել էին եւ 20 մլն դրամ էին տնտեսել։ Թեթեւ սայլուտներ եղան՝ ոչ ավելի։ 



Տոնական տրամադրությունը փչացրեց նաեւ դեկտեմբերի-29-ի դիվեսիան Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք եւ ադրբեջանցիների ներթափանցման ողբերգական հետեւանքը՝ երեք զոհ, մեկ ծանր վիրավոր։ ՀԱՊԿ նախկին Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, մեկնաբանելով դեպքերը, արտասանեց ԼՂՀ անվանվումը, ինչը ադրբեջանցիների հիստերիան առաջացրեց եւ հայերի բուռն ոգեւորությունը։ Երկու կողմերն էլ կասկածեցին, որ սա լեզվի սայթաքում չէր։ Այս իրադարձության աշխույժ քննարկումը համահունչ էր խանութների աժիոտաժին։ Թռիչքային գներ-ծանրակշիռ «բդեր»՝ ամեն տարվա պես։ Տոնական լրահոսը սուղ էր, բայց սոցցանցային քննարկումների սիրահարները պարպվելու թեմա գտան՝ «Մարաշլեան» ստուդիայի արտադրության լուսանկարը՝ հայ կնոջ եւ սեւամորթ տղամարդու, որն այնքան էր գրգռել «հայու գենը», որ այն արթնացավ ու սկսեց հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալ Մարաշլյանների, նկարում պատկերված ընտանիքի եւ անգամ հրաշք երեխայի գլխին։ Սարգիս Հացպանյանն, օրինակ, որին շատերը նորմալ անձնավորություն են համարում, «հայու գենից» արբած, ընդվզեց փոքրիկի դեմ։ «Հին հայկական տարազներով համեմված «ընտանեկան» լուսանկարը խայտառակություն է, էլ չեմ ասում փոքրիկ Տիգրանիկի մասին, որ ըստ իս մեր աննման արքայից արքայի անվան պատիվ չի բերում», գրեց նա։ Խեղճ Տիգրանիկ, խեղճ Տիգրան Մեծ ու խեղճ Մարաշլյան, որը սպառնալիքներից վախեցած, հեռացրեց լուսանկարը համացանցից, ինչն ավելորդ էր․ սեւամորթի, հայուհու եւ Տիգրանիկի պատկերն արդեն հասցրել էին տիրաժավորել ՖԲ ողջ տիրույթով մեկ։ Ոմանք նույնիսկ իրենց գլխավոր նկարն էին փոխել, այս լուսանկարը դրել՝ դրանով ընդդիմանալով «հայու գենին»։



Ներքաղաքական կյանքն էլ աշխուժացրեց «ժառանգության» գզվռտոցը։ Կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ ԱԺ ընտրություններին գնալու է «առավելագույնս լայն դաշինքով», բայց Զարուհի Փոստանջյանը համարեց, որ սա Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունն է, ոչ թե կուսակցության, ու մնաց մենակ, որպես վերջին «ժառանգուհի»։ Իսկ «Համախմբումն» ավելի համախմբվեց, վարչության նիստ հրավիրեց ու ստեղծեց «բանակցող խումբ»։ Սա «Համախմբման» «նոու հաուն» է՝ անորոշությունը լցնելու նոր ձեւ։ Հիմա կարելի է ավելի երկար բանակցել, ծանր ու թեթեւ անել, բարդացնել դաշինք ստեղծելու եւ խնդիրները հարթելու պրոցեսը, մինչդեռ հիմնական խնդիրը ցուցակի առաջին համարի հարցն է, բայց ոչ մի համախմբվող այս մասին չի ուզում խոսել։ «Առաջին» համարի խնդիրը նույն օրը՝ հունվարի 8-ին, ծառացավ նաեւ ՀՀԿ-ի առաջ։ Անսպասելի հրաժարական տվեց Սյունիքի թիվ մեկ ՀՀԿ-ականը՝ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը, Սյունիքի, ղեկը հանձնելով Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին։ Լիսկան ասաց, որ հիվանդ է, բայց ոչ ոք չհավատաց։ Նա մի անգամ էլ էր հրաժարական տվել, բայց տակից կառավարում էր մարզը։



Տարեվերջի արարողակարգային իրադարձությունը նախագահ Սերժ Սարգսյանի հանձնած պարգեւներն էին մի շարք ՀՀԿ-ականների՝ Գալուստ Սահակյան, Կորյուն Նահապետյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Մինասյան, Սուքիաս Ավետիսյան, Գագիկ Մելիքյան։ Տպավորություն էր, թե՝ ում տարին շնորհավորել է, պարգեւատրել է։ Անուշ։ Ի դեպ, ոստիկանապետ Վովա Գասպարյանն էլ գեներալ-գնդապետի կոչում ստացավ, ինչը շատերի զարմանքը հարուցեց, շատ ավելի բնական կլիներ պաշտոնից ազատման հրամանը։ Առաջ գեներալ -լեյտենանտ էր, հիմա ամենաբարձրաստիճան իրավապահն է երկրի։ Չնայած ավտովարորդները նշում են, որ կոչումը «համակարգի» վրա վատ է ազդել՝ այս տարեսկզբին ՃՈ-ն հին ոճով է աշխատել։ Մեր աշխատակիցներից մեկին «գաիշնիկը» կանգնեցրել է ու հարցրել․ «Նոր տարի է, բան չե՞ս ասում»։ Ոչ նկարեցինք, ոչ անունը հարցրեցինք՝ Նոր տարի է։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ