Հնդկական կրքեր՝ հայկական եթերում

Հնդկական կրքեր՝ հայկական եթերում

Արդեն երկու ամիս է՝ Հանրային հեռուստաընկերությունում փոփոխությունների գործընթաց է սկսվել։ Նոր հաղորդումներ են բացվում, հները՝ վերանայվում։ Սրա հետ կապված՝ հեռուստաընկերությունների միջեւ սրվել է մրցակցությունը։ Ռեյտինգային աղյուսակում «բարձրանալու», հեռուստադիտող «փախցնելու» հիմնական միջոցը դարձել է հնդկական սերիալը։ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունն արդեն մի քանի օր է՝ փոխել է Քուշիի եւ Արնավի սիրուն նվիրված «Ի՞նչ կոչել այս սերը» ֆիլմի ժամը՝ 18։00-ից 21։00։ Այսկերպ «Արմենիան» «խփել» է եւ Հ1-ի լուրերին՝ «Օրակարգի» գլխավոր թողարկմանը, որը եթեր է գնում 21։00-ին։ Նաեւ երկրորդ հնդկական սերիալն է մտել՝ «Թռիչքը»։ «Շանթ» հեռուստաընկերությունն իր հերթին ցանցում առաջ է տվել հնդկական «Մերժվածին», եւ արդեն երկու օր է, այն սկսում է ոչ թե 20։30-ին, այլ 21։00-ին՝ լսարան խլելով «Արմենիայից» էլ, Հանրայինից էլ։ Այսպիսով Հ1-ի «Օրակարգը» միաժամանակ երկու հնդկական սերիալների հետ է մրցակցում։ Իսկ հնդկական սերիալի սիրահարները, ցայտնոտի մեջ ընկած, ալիքներ են պտտում, չիմանալով որ մեկը նայել՝ «Մերժվա՞ծը», թե՞ Քուշիին ու Արնավին։ Չնայած, ասում են, այս երկու սերիալներից յուրաքանչյուրն իր երկրպագուներն ունի, ինչպես Պեպսին ու Կոլան։ «Մերժվածի» հերոսուհու՝ Իչայի հավատարիմները «պրիզնատ» չեն գալիս Քուշիին, իսկ «Ինչ կոչել այս սերը» նայողն իրեն թույլ չի տալիս «Մերժված» միացնել։ Ի դեպ, վերջինս հայկական հեռուստատեսության մինչ այժմ ցուցադրված ամենաերկար սերիալն է՝ 1500 մասից բաղկացած, յուրօրինակ «Սանտա Բարբարա»։ Նաեւ ամենաողբերգականն է։ Գլխավոր հերոսուհին՝ Իչան, վերջում մահանում է, իսկ հերոսը մեկնում է արտասահման։ Ինչպես արդեն հասկացանք, կան անհամբերներ, որոնք համացանցի միջոցով այս սերիալը նայել են մինչեւ վերջ։ Կան նաեւ այնպիսիք, որոնք «քաշել» են բոլոր սերիաները հեռախոսների մեջ եւ դրանք հայերեն են նայում։ Սա զարմանալի չէ։ «Մերժվածը» հասկանալու համար լեզու իմանալ պետք չէ։ Այն ոչ այնքան դիալոգների, որքան հայացքների փոխանակման վրա է հիմնված։ Ահա այսպիսի կրքեր։ Ի դեպ, նոյեմբերից հնդկական սերիալ է ցուցադրում նաեւ ATV հեռուստաստուդիան՝ «Կնոջ ուժը»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ