Պետք է նաեւ իշխանությունները հասկանան, որ ծեծված լրագրողը չի կարող ազատ գործել

Պետք է նաեւ իշխանությունները հասկանան, որ ծեծված լրագրողը չի կարող ազատ գործել

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» երեկ ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2016 թվականի իր զեկույցը։ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ 2015-ի համեմատ 2016-ին լրագրողների նկատմամբ բռնություններն աճել են։ «Եթե մենք 2015 թ․ հետ համեմատենք, 2016-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների աճն ավելացել է։ Եվ սա թույլ է տալիս կրկին օգտագործել «աննախադեպ» բառը, որովհետեւ առաջին անգամ նաեւ հատուկ միջոցներ կիրառվեցին լրագրողների նկատմամբ Խորենացու փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած հուլիսյան իրադարձությունների ժամանակ։ 2016-ն առանձնացավ նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների աճով։ Պետք է նշել, որ 2016-ին իշխանությունները փորձում էին նաեւ տարբեր օրենսդրական նախաձեռնություններով զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցների վրա»,-ասաց պարոն Մելիքյանը՝ հիշատակելով նոր Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածում տեղ գտած որոշ խնդրահարույց դրույթներ։



- Բայց 2016-ն աննախադեպ էր նաեւ նրանով, որ Սերժ Սարգսյանը, ով ժամանակին լրագրողներին մեղադրում էր երկրում տիրող գաղջ մթնոլորտի մեջ, առաջին անգամ հրապարակավ ներողություն խնդրեց լրագրողներից՝ խնդրելով մոռանալ իրենց նկատմամբ կիրառված հուլիսյան բռնությունները։



- Ես կարծում եմ՝ դա ուշացած ներողություն էր, շատ ուշացած։ Նախագահը վաղուց պետք է խիստ գնահատական տար։ Ինչ վերաբերում է մոռանալուն, ինքը դրան անդրադարձավ նաեւ լրագրողների հետ ամանորյա ընդունելության ժամանակ, որտեղ համոզմունք հայտնեց, որ գոնե 95 տոկոսն իրեն ճիշտ են հասկացել։ Կարծում եմ՝ ճիշտ հասկանալու համար իր ելույթները գրողին ինքը պետք է հրահանգ տա շեշտադրումներն այնպես դնել, որպեսզի բոլորը հասկանան այնպես, ինչպես որ իրենք են ուզում, որ հասկանան։



- Նա նաեւ ամեն տարի նշում է, որ տարեցտարի Հայաստանում խոսքի ազատությունը մեծանում է, մենք աճ ենք ունենում այդ առումով՝ հակառակ առկա փաստերին։



- Իշխանությունները, որպես կանոն, առիթը բաց չեն թողնում թե՛ տարբեր միջազգային ատյաններում, թե՛ նաեւ Հայաստանում վարդագույն ակնոցներով նայել խոսքի ազատության ոլորտին, համարում են, որ խոսքի ազատությունը կա եւ ապահովվում է Հայաստանում։ Մինչդեռ միջազգային կազմակերպությունների գնահատականով, ասենք՝ նույն ամերիկյան «Ֆրիդոմ հաուս»-ի գնահատականով, հայաստանյան լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ ոչ ազատ են։ Ես կարծում եմ՝ հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում։ Պետք է նաեւ իշխանությունները հասկանան, որ ծեծված լրագրողը չի կարող ազատ գործել։



- Ձեր ներկայացրած զեկույցը քննարկում էիք Ռադիոյի տնօրեն, ՀՀ նախագահի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանի հետ եթերում, որտեղ նա Ձեզ հակադարձում կամ մեղադրում էր այն բանում, որ փաստեր չկան զեկույցում։



- Մեծ հաշվով՝ դա բանավեճ դժվար է անվանել, դա նողկանք առաջացնող մի երեւույթ էր։ Բայց թող ընթերցողն ինքը որոշի՝ փաստեր կա՞ն, թե՞ չէ։ Իրականում՝ մեր զեկույցի առաջին 10-12 էջի վերլուծությունն արված է դրանից հետո հաջորդող մոտ 70 էջ փաստերի հիման վրա։ Այսինքն՝ ովքեր որ համարում են, թե փաստ չկա, ուրեմն մինչեւ վերջ չեն կարդացել։ Կրկնում եմ՝ առաջին 12 էջի վերլուծությունը դրանից հետո հաջորդող հատ-հատ թվարկվող փաստերի հիման վրա է, որոնց աղբյուրներն էլ մենք հերթով նշում ենք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ