էդ ամեն ինչը Արմեն Աշոտյանի քյալլագյոզության արդյունքն էր

էդ ամեն ինչը Արմեն Աշոտյանի քյալլագյոզության արդյունքն էր

Մենք գրել էինք, որ ԱԱԾ-ն բացահայտել է ոչ պետական երեք բուհերում կեղծ դիպլոմներ տալու դեպքեր՝ մեղադրանք առաջադրելով այդ բուհերի ռեկտորներին։ ԱԱԾ-ն, սակայն, չի հրապարակել դրանց անունները, ինչը հարուցել էր որոշ ռեկտորների, այդ թվում՝ ոչ պետական 12 բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ, Երեւանի Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի դժգոհությունն ու զայրույթը։ Նա խոստացել էր գնալ ԱԱԾ եւ պարզել՝ ովքեր են այդ ռեկտորները, բայց ԱԱԾ-ից նրան ոչինչ չէին ասել։ Հակառակ ԱԱԾ-ի տարօրինակ գաղտնապահության, որից շատերը զայրացել էին, քանզի բոլոր ոչ պետական բուհերը կարող են կասկածի տակ ընկնել, մամուլում երեկ գաղտնազերծվեց, թե որոնք են այդ երեք բուհերը։ Մեկը Երեւանում գործող Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանն է, մյուսը Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը, երրորդը՝ Գյումրու «Պրոգրես» համալսարանը։ Երեկ Բորիս Մակիչյանն իր կաբինետում ռեկտորների խորհրդի նիստ էր հրավիրել։ Նիստին, սակայն, շատ քիչ մարդ էր ներկա՝ մի 4-5 հոգի։ Մակիչյանն ասաց, որ ռեկտորները, իմանալով, որ լրատվամիջոցներ էլ են ներկա լինելու նիստին, ըստ երեւույթին, խուսափել են գալ, որ հանկարծ ստիպված չլինեն պատասխանել մեր հարցերին։ Թեպետ նա գոհունակությամբ փաստեց, որ վերոնշյալ երեք բուհերից ոչ մեկն իր ղեկավարած խորհրդի կազմում չկա։ Նիստին ներկա չէին նաեւ մեղադրվող բուհերի ռեկտորները։



Ինչեւէ, անդրադառնալով բուն երեւույթին՝ Մակիչյանը բավականին ուշագրավ դիտարկումներ արեց։ Նա նախ նշեց, որ ոչ պետական բուհերում կաշառակերության երեւույթ գրեթե չկա կամ շատ քիչ կա։ Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ այդ երեք ոչ պետական բուհերում նման երեւույթներ են հայտնաբերվել, Մակիչյանը նշած պատճառների թելերը տարավ դեպի նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյան։ Առհասարակ, նա իր խոսքում դրվատանքի խոսքեր ասաց ներկայիս կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի հասցեին՝ նշելով, որ նա շատ օրինապաշտ նախարար է, եւ հակառակը՝ խիստ քննադատության ենթարկեց նախկին նախարար Արմեն Աշոտյանին։



«Էդ բուհերում էլ չի էդքան տարածված, ուղղակի սրանք արտասահմանյան ուսանողների կրթություն են կազմակերպում, դա էլ Արմեն Աշոտյանի գործունեության հետեւանքն է, որովհետեւ ընդունելությունը կանխեց՝ մասնավոր բուհեր, տարավ միասնական՝ ապօրինի ձեւով, էդ միասնական ընդունելությունն էլ անարդար են կազմակերպում»,-ասաց նա՝ նշելով, որ Աշոտյանն այդպիսով նպաստել է ոչ պետական համակարգում ուսանողների նվազմանը։



Նա նաեւ նշեց, որ Արմեն Աշոտյանն իր գործունեության 7-8 տարիների ընթացքում կազմալուծեց օրենքի գերակայությամբ գործող հավատարմագրված հայկական համալսարանների գործունեությունը։



«Էսօր ոչ պետական բուհերում ինչպիսի անօրինություններ որ կան, ասենք, ուսանողների թվակազմն ավելացնելու, առանց քննության ընդունելու եւ այլն, էդ ամեն ինչը Արմեն Աշոտյանի քյալլագյոզության՝ ես կասեի, կամայականության արդյունքն էր։ Իսկ էսօր միտում կա հատկապես նախարարի կողմից աստիճանաբար իրավահավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ»,-նշեց պարոն Մակիչյանը՝ նշելով, որ ներկայիս նախարար Լեւոն Մկրտչյանն ու նախկինում մեկ այլ դաշնակցական նախարար Սպարտակ Սեյրանյանը «բացառիկ օրինապաշտ մարդիկ են»։ Հետաքրքիր է՝ եթե դեռ Աշոտյանը պաշտոնավարելիս լիներ, նույն կարծիքը կհայտնե՞ր պարոն Մակիչյանը, թե՞ նման օբյեկտիվության միայն նախկին նախարարներն են արժանանում։
Պարոն Մակիչյանը նաեւ նկատեց, որ ոչ պետական բուհերն այսօր ավելի վատ վիճակում են, իսկ պետական բուհերի դեպքում հակառակն է, քանզի, ըստ Մակիչյանի, այսօրվա իշխանավորներից ամեն մեկը մի պետական բուհի տանիք է՝ բարձրացնելով այդ բուհերի հեղինակությունը։ «Ասում են՝ այսինչ բուհում կառավարման խորհրդի նախագահը Հովիկ Աբրահամյանն է, էսինչ տեղը սա է, էլ չեմ ասում՝ պետական համալսարանում էլ պրեզիդենտն է, պարզ չէ՞, որ էդ բուհն ավելի ապահովագրված կլինի»,-ասաց ոչ պետական բուհի ռեկտորը։



Մեր հարցին, թե ինքը կարծում է՝ Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը կամ Գալուստ Սահակյանն այնքան հեղինակություն ունեն հասարակության մեջ, որ կարող են իրենց հեղինակությամբ բարձրացնե՞լ նաեւ բուհերի հեղինակությունը, Բորիս Մակիչյանն այսպես արձագանքեց․ «Կարծում եմ։ Էդ որ նրանք ընտրվում են, բան, ինչ-որ մի տեղ ժողովուրդն ասում է՝ դե, գիտես, իշխանությունը նրանց ձեռքն է, նրանք էդ բուհին կաջակցեն, շրջանավարտներն աշխատանքի կանցնեն»։ Հետաքրքիր է՝ քանի՞ խելացի, գերազանց սովորած շրջանավարտի են աջակցել վերոնշյալ իշխանավորները՝ լինելով տվյալ բուհի կառավարման խորհրդի նախագահն ու տանիքը։ Բացի, իհարկե, իրենց ծառայություններ մատուցած, դեռ ուսանողական նստարանից ՀՀԿ շարքերը համալրած ու իշխանությունների գովքն անող կարիերիստ «գերազանցիկներից»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ