Գևորգ Սաֆարյանի մասով՝ ոչ մի խոսք, իսկ «ՊՊԾ գնդի գրավման» զեկույցը կլինի շուտով

Գևորգ Սաֆարյանի մասով՝ ոչ մի խոսք, իսկ «ՊՊԾ գնդի գրավման» զեկույցը կլինի շուտով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին «տոնածառ տեղադրելու համար» երկու տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ այս պահին ոչինչ չունի ասելու։



«Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է դատարանի կողմից, դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ մտած չէ, ես չեմ կարող որևէ գնահատական տալ, դեռ բողոքարկման փուլում է, օրենքն արգելում է Մարդու իրավունքների պաշտպանին որևէ միջամտություն իրականացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հարցին, թե ինքն, այնուամենայնիվ, որքանո՞վ է իրավաչափ համարում այդ դատավճիռը, թեկուզև բողոքարկման փուլ կա դեռ, Թաթոյանն ասաց․ «Դա կլինի օրենքի կոպիտ խախտում, եթե որևէ գնահատական տամ։ Դեռ դատավճիռը չի մտել օրինական ուժի մեջ։ Ես այս պահին որևէ գնահատական չեմ կարող տալ»։



Հետաքրքրվեցինք նաև, թե «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց լինելու՞ է, թե՞ ոչ, և երբ է հրապարակվելու այն։ Թաթոյանն ասաց, որ զեկույց լինելու է, այն շուտով կհրապարակվի, լինելու է հայերեն և անգլերեն լեզուներով։ «Կարծում եմ՝ շատ փաստարկված, շատ լավ զեկույց է ստացվելու՝ թիրախային գնահատականներով։ Բայց քննության հետ կապված՝ մենք որոշակի տվյալների ճշգրտման անհրաժեշտություն ունենք, ես գրություն եմ ուղարկել քննչական մարմիններին, դա առաջիկայում կստանանք, կամփոփենք ու կհրապարակենք»,-ասաց նա՝ նշելով, որ այդ զեկույցը հիմա իր աշխատանքի առաջնահերթ ու գլխավոր ուղղությունն է, որը երևի թե առաջիկա ամսվա ընթացքում կհրապարակվի։



Թաթոյանը վստահեցրեց, որ զեկույցում բոլոր հարցերին անդրադարձ կլինի, թե՛ ոստիկանների սպանության, թե՛ քաղաքացիների, լրագրողների նկատմամբ բռնություններին։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ