Սյունիքի մարզպետն ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժանձնակազմին

Սյունիքի մարզպետն ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն»  ՓԲԸ բուժանձնակազմին

Այսօր՝ հունվարի 18-ին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժանձնակազմին: Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել է վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Հանդիպման ընթացքում Վահե Հակոբյանը պատասխանել է բժիշկների բարձրացրած հարցերին: Այս մասին հայտնում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը



Նշենք, որ 2017 թվականի հունվարի 17-ին լուծվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի 13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ: Վ. Հակոբյանն իր խոսքում ասել է, որ այսօր ներկայացնելու է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:



Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետարանում  լարված իրավիճակ էր։ Բանն այն է, որ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը կանչել էր Կապանի հիվանդանոցի տնօրեն Սմբատ Օրբելյանին եւ հայտնել, որ վերջինս ազատված է աշխատանքից։ Իսկ երբ հիվանդանոցի տնօրենը խնդրել էր տալ իրեն աշխատանքից ազատման դիմումը, վերջինս հայտարարել էր, որ դիմում չկա։ Դրանից հետո Կապանի հիվանդանոցի հարյուրավոր աշխատակիցներ հավաքվել էին մարզպետարանում։



Սմբատ Օրբելյանը հաստատել է մեր ունեցած տեղեկությունը՝ նշելով, որ երեկ՝ երեկոյան, ժամը 19․30-ին, իրեն կանչել են եւ հայտնել, որ աշխատանքից ազատված է։ Նա նշեց, որ իրեն մեկ շաբաթ առաջ ասել են, որ ազատման դիմում գրի, սակայն վերջինս հրաժարվել է դա անել։ Իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին ոչինչ չգիտի։ Հիվանդանոցի տնօրենը չբացառեց, որ իրեն աշխատանքից հեռացումը հնարավոր է կապված լինի հիվանդանոցում վերջին շրջանում արձանագրված մահվան դեպքերի հետ։ Հիվանդանոցը 20 տարի ղեկավարող Օրբելյանը այժմ իրերն էր հավաքում, իսկ իր կոլեգաների մարզպետարան այցելելու մասին տեղյակ չէր։ «Չի բացառվում, գուցե եւ այցելել են»։



Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում Կապանի հիվանդանոցում մի քանի մահվան դեպք է գրանցվել, ծննդկանի, նորածին երեխայի եւ 10 ամսական մեկ այլ երեխու։ Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերից մինչեւ այսօր այս հիվանդանոցում 5 հոգի է մահացել, մի քանի քրեական գործեր կան հարուցված։ Անգամ լուրեր էին շրջանառվում, թե մահացածների հարազատները բողոքի ցույց են պատրաստվում անել։ Ի դեպ, մեզ տեղեկություններ էին հասել նաեւ, որ մարզպետարանը ստուգումներ է իրակացնում հիվանդանոցում։