Ֆեյսբուքյան ասպետները

Ֆեյսբուքյան ասպետները

2017-ի խորհրդարանական ընտրությունները մի ատրիբուտով էլ են էականորեն տարբերվելու 2012-ի ընտրություններից՝ նախորդ ընտրություններին սոցցանցերն այդքան ակտիվորեն չէին օգտագործվում, եւ ընտրապայքարը վիրտուալ տարածքում չէր ընթանում, ինչպես այսօր։ Այժմ քաղաքական ուժերի մի հսկա թիմ անչափ կարեւորում է ինտերնետ տարածքը եւ հատկապես Ֆեյսբուքը։ Դա մի կողմից ավելի մատչելի է եւ մեծ ֆինանսական միջոցներ չի պահանջում, մյուս կողմից՝ քաղաքական գործիչների մի ահռելի զանգված կարծես կտրվել է իրական կյանքից, մարդուց եւ տեղափոխվել վիրտուալ տարածք, որն ապահով է, անվտանգ ու սթրեսներից զերծ։ Հետաքրքիր է, որ այս հարթակը նախընտրում են ոչ միայն առավել երիտասարդ գործիչները, որոնց համացանցն առավել հարազատ է ու սիրելի, այլեւ առավել տարեց քաղաքական դեմքերը, որոնք խոցելի են անմիջական շփման մեջ, սակայն լսարանի կարիք ունեն։ Եթե անցյալում համացանցային քարոզչության ակտիվիստները համարվում էին «Բարգավաճ Հայաստանի», Հանրապետական միջին խավի ներկայացուցիչները՝ իրենց ֆեյքերով ու անհայտ պրոֆիլներով, ապա այսօր ինտերնետային հարթակում են հայտնվել նաեւ Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի, Նիկոլ Փաշինյանի նման անհատները։



Ուշագրավ է հատկապես Սեյրան Օհանյանի հայտնությունը Ֆեյսբուքում, որը դեկտեմբերի կեսերին էջ բացեց եւ սկսեց հայտարարություններ, ուղերձներ տեղադրել այնտեղ։ Մի տիրույթ, որտեղից սկսվել է նրա «անկումը», քանզի ոմանք նրա անհաջողությունների սկիզբը տեսնում են կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան ֆոտոսեսիաների մեջ։ Ի դեպ, պաշտպանության նախկին նախարարի տիկնոջ ֆեյսբուքյան գործունեությունն ավելի շատ համակիրներ ուներ՝ դատելով նրա ստացած լայքերի ու նրա էջին հետեւողների քանակից, քան նախկին նախարարի էջը, որտեղ «հավանումների» առավելագույն քանակը 500 է, իսկ էջին հետեւողները 3 հազարի չեն հասնում։



Ի տարբերություն Սեյրան Օհանյանի էջի, Րաֆֆի Հովհաննիսյանի էջն ունի 33 հազար հետեւորդ, բայց այն համապատասխան ակտիվությամբ չի թարմացվում։ «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ինչ-որ պարբերականությամբ նյութեր է տարածում, տեղադրվում են Րաֆֆի Հովհաննիսյանի լուսանկարները, բայց դրանց «հավանողները» շատ չեն, եւ նկատելի է, որ այս հարթակը «էջատերը» կամ էջը վարողներն այդքան էլ չեն կարեւորում։



7 հազարից ավելի հետեւող էլ Ֆեյսբուքում ունի Վարդան Օսկանյանի էջը, բայց էջի թարմացման պարբերականությունից դատելով՝ այն լուրջ քարոզչական դեր չի կատարում օգտատիրոջ կյանքում՝ ամիսը 1-2 գրառում, փոքր-ինչ ավելի ակտիվ ամռանը՝ «Սասնա ծռերի» դեպքերի շրջանում։ Իսկ վերջին գրառումը դեկտեմբերի 11-ին է արված, եւ կարելի է ասել՝ ապաքաղաքական է, նվիրված է «Սիվիլնեթ» կայքին, որտեղ Վարդան Օսկանյանը գրեթե ժխտում է իր կապը կայքի հետ եւ գրում․ «Ճիշտ է՝ «Սիվիլնեթն» իմ հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի ծրագրերից մեկն է, բայց ես այսօր իրավական եւ գործնական որեւէ կապ չունեմ ո՛չ հիմնադրամի, ո՛չ էլ «Սիվիլնեթի» հետ»։



Գագիկ Ծառուկյանի էջը Ֆեյսբուքում 40 հազարից ավելի հավանող ունի, իսկ գրառումները մինչեւ երեկ բացառապես սպորտին, բարեգործությանն էին նվիրված։ Երեկ հեռուստատեսությամբ արված հայտարարությունից հետո էջում հայտնվեց այդ հայտարարության տեքստը։ Բայց եթե իրական կյանքում նա շատ պոպուլյար է, եւ փողոց դուրս գալիս առնվազն մեծ թվով ընչազուրկ ու բարեգործության ակնկալիք ունեցող մարդիկ են նրան շրջապատում, ապա Ֆեյսբուքում նրա անունից տեղադրված նյութերի տակ «լայքերի» քանակն անհամեմատ նվազ է։ Անշուշտ, առաջիկայում պատկերը կփոխվի, քանի որ ԲՀԿ-ական ակտիվը Ֆեյսբուքում «աշխատելու» մեծ փորձ ունի, եւ այս հարթակն էլ անտեսված չի լինի նրանց կողմից։ Թեեւ վերլուծաբանները վստահ են, որ իրական ձայների քանակն ու ֆեյսբուքյան ակտիվությունն իրարից խիստ տարբերվող հասկացություններ են։



Վերջում «այցելեցինք» նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի էջը, որը Ֆեյսբուքն օգտագործում է թերեւս ամենամարդկային ձեւով՝ ցավակցություններ ու շնորհավորանքներ է տեղադրում, զավակների հետ լուսանկարները եւ ունի 8 հազարից մի փոքր ավելի հավանող-հետեւող։



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ