«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակվելու է

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակվելու է

Կառավարությունն այսօր հաստատեց քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների արդիականացման հայեցակարգը, որը ներկայացրել էր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ որը մի շարք արմատական փոփոխություններ է մտցնում դատապարտյալ եւ կալանավորված անձանց բուժսպասարկման հարցում։ Հիմնականում երեք կարեւոր բարեփոխում է կատարվելու։ Նախ՝ փակվելու է «Դատապարատյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, բուժսպասարկումը իրականացվելու է քաղաքացիական հիվանդանոցներում։ Այս հիմնարկը վերակազմավորվելու է եւ միայն նեղ մասնագիտական ծառայություններ է տրամադրելու, օրինակ, հոգեբուժական, կամ վերականգնողական խնամքի ծառայություն։



Երկրորդ էական փոփոխությունն այն է, որ քրեակատարողական հիմնարկների բուժօգնություն տրամադրող միավորները, որոնք նախկինում չէին լիցենզավորվում, պարտադիր լիցենզավորվելու են։ Երրորդ էական փոփոխությունը պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններին է վերաբերում։ Դրանց ցանկը ընդլայնվելու է, քրեակատարողական հիմնարկի մշտական հանձնաժողովը այլեւս չի լինելու միջնորդ օղակ, եւ դատապարտյալներն իրենց դիմումները պատժի կրումից ազատելու վերաբերյալ ուղղելու են կամ արդարադատության, կամ առողջապահության նախարարությանը, ոչ թե հիմնարկների հանձնաժողովին։ 



Արփինե Հովհաննիսյանի զեկույցում սուր քննադատություն հնչեց դատապարտյալների եւ կալանավորված անձանց բուժսպասարկման վերաբերյալ, ինչը նշանակում է, որ տասնյակ տարիներ ազատազրկվածների առողջապահության իրավունքը խախտվել է։



Սյուզան Սիմոնյան