ԵԱՀԿ-ն կփորձի պայքարել Ադրբեջանի դեմ

ԵԱՀԿ-ն կփորձի պայքարել Ադրբեջանի դեմ

Գրեթե ամեն օր Ղարաբաղում զինվոր է զոհվում, «դիվերսիա» բառն էլ առաջվա պես տագնապալի չի հնչում մեզանում։ Հատկապես ադրբեջանցիների վերջին ներթափանցումից հետո սպասվում էր, որ միջազգային կառույցները կսթափվեն, գոնե հակամարտության կարգավորման միջնորդներն իրավիճակին ադեկվատ գնահատականներ կտան, ինչ-որ բան կփոխեն իրենց խիստ հավասարակշռված հայտարարություններում։ Բայց սպասելիքները հերթական անգամ չիրականացան։ ԵԱՀԿ Մինսկի խումբը կես ամիս ուշացումով խիստ չեզոք «ռեակցիա» տվեց դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտակայքից կատարված դիվերսիային։ Հայտարարությունն ուղղակի վիրավորական էր հայկական կողմի համար։ Հրադադարի խախտումների անթույլատրելիության մասին մի երկու հերթապահ խոսք ասելով, Մինսկի խումբն արձանագրեց․ «Բաքուն եւ Երեւանը շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի համար, որը հանգեցրեց մարդկային զոհերի»: Գրեթե նույն օրերին Ադրբեջանն իր գործողություններով հասավ ԵԱՀԿ գրասենյակի գործունեության արգելափակման։ Այս կառույցը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռ կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի շուրջ, եւ որ բանակցություններն այս հարցի շուրջ դեռ շարունակվում են։ Պաշտոնական Երեւանի համար ոչ Մինսկի խմբի չեզոքությունն է նորություն, ոչ էլ ԵԱՀԿ գրասենյակի օդում կախվելն էր անսպասելի։ «Մինսկի խմբի հայտարարությունները միշտ էլ այդպիսին են եղել, դա թերի է նրանով, որ եթե չկա հասցեագրում, դա հնարավորություն է տալիս Բաքվին գործել սանձարձակ»,- երեկ կառավարության նիստից հետո հայտարարեց արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակումն էլ մեկնաբանեց այսպես․ «Խնդիրը հետեւյալն է։ Ադրբեջանը բավարար չէ, որ իր մոտ թույլ չտվեց, որ գործի ԵԱՀԿ գրասենյակը, հիմա էլ փորձում է խոչընդոտել Հայաստանի գրասենյակի գործունեությանը։ Ես կարծում եմ, որ այստեղ միջազգային կառույցները մտածելու տեղ ունեն, հենց ԵԱՀԿ-ն։ Որովհետեւ եթե հեշտ ու հանգիստ կուլ տվին այն հանգամանքը, որ Ադրբեջանը փակեց իր մոտ գրասենյակը, ասելով՝ ամեն պետության սուվերեն իրավունքն է գրասենյակ պահել, թե ոչ։ Լավ, քո սուվերեն իրավունքն է քո երկրում, իսկ հիմա դու փորձում ես արգելափակել Հայաստանում գործող գրասենյակը: Խնդիրն այն է, որ բոլոր որոշումները ԵԱՀԿ-ում կայացվում են կոնսենսուսով, ինչը վերաբերում է բյուջեին, իսկ Ադրբեջանն օգտագործում է բացահայտ շանտաժի մեխանիզմը՝ ասելով, որ կարող է արգելափակել բյուջեն, եթե իր ուզածով չի լինում»։ Ի՞նչ է ձեռնարկելու հայկական կողմը՝ իրավական այս թնջուկից դուրս գալու համար, Քոչարյանը չմանրամասնեց․ «Կան այլ լծակներ՝ ներազդելու այն պետության վրա, որն իրեն դուրս է դրել եւ միջազգային իրավունքից, եւ ընդհանուր առմամբ ընդունված խաղի կանոններից»։ 



Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս իրավիճակում։ Հարցն ուղղեցինք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին։ «Հայաստանը շատ բան չի կարող անել, որովհետեւ չկա գործիքակազմ։ Եթե կոնսենսուս չկա, եւ նրանք ասում են՝ չէ, դա հենց «չէ» է նշանակում։ Բայց սրանով Ադրբեջանը խնդիրներ է ստեղծում ինքն իր համար հենց ԵԱՀԿ-ի հետ հարաբերություններում, վնասում է ԵԱՀԿ գործունեությանը տարածաշրջանում։ Հայաստանն այս պարագայում կարող է դա շատ ընդգծված ցույց տալ եւ քարոզչական գործիք դարձնել, փորձել հնարավորինս փչացնել իրենց հարաբերությունները ԵԱՀԿ-ի հետ, ցույց տալ, որ Ադրբեջանի խնդիրը ոչ թե ԵԱՀԿ գրասենյակն է, այլ տարածաշրջանում Հայաստանի նկատմամբ հակահայկական թշնամական քաղաքականություն վարելն է, որը բերում է ժողովրդավարական գործընթացների խաթարման»։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը միակն է մեր տարածաշրջանում։ Որքա՞ն կարող են տեւել ԵԱՀԿ բանակցություններն ադրբեջանցիների հետ։ «Կարծում եմ՝ շատ երկար չեն կարող տեւել, որովհետեւ գրասենյակի գործունեության ժամկետն արդեն սպառվում է, եւ նոր մանդատ պետք է լինի։ Արդեն վերջին օրերն են»։ Քաղաքագետը վստահ է, որ անգամ ծայրահեղ դեպքում՝ ԵԱՀԿ գրասենյակի փակման պարագայում, մենք կարող ենք այս կառույցի հետ համագործակցելու այլ ձեւաչափեր գտնել, երկկողմանի պայմանավորվածություններ ձեռք բերել։ «Սա լավ թեմա է նաեւ այս դեպքը որպես նախադեպ ներկայացնելու եւ Ադրբեջանի ու այլ միջազգային կառույցների միջեւ հարաբերությունները սահմանափակելու համար, ցույց տալու, որ՝ տեսեք, զուտ մեզ վատություն անելու համար ամբողջ կառույցին են վնաս տալիս»։



ՀԳ․ ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակն այս օրերին քննարկվում է։ Դիվանագիտական շրջանակներում վստահ են, որ գրասենյակը ռուսներն են փակել։ «Երեւանի գրասենյակի ղեկավարը միշտ ռուս է եղել, իսկ Ադրբեջանին նրանք օգտագործել են այդ խնդրում: Այնպես որ, Շավարշ Քոչարյանը ճիշտ չի ասում»,- հայտնեց մեր աղբյուրը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ