Բերդերի «բուժմասերը» խայտառակ վիճակում են

Բերդերի «բուժմասերը» խայտառակ վիճակում են

Հայաստանի բերդերում արմատական փոփոխությունների շրջան է։ Կառավարությունը երեկ հաստատեց քրեակատարողական համակարգի բուժծառայությունների արդիականացման հայեցակարգ, որով կտրուկ միջոցներ են նախատեսված։ Նախ՝ փակվելու է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, բուժսպասարկումն իրականացվելու է քաղաքացիական հիվանդանոցներում։ Այս հիմնարկը միայն նեղ մասնագիտական ծառայություններ է տրամադրելու, օրինակ, հոգեբուժական կամ վերականգնողական խնամքի ծառայություն։ Երկրորդ՝ քրեակատարողական հիմնարկների բուժօգնություն տրամադրող միավորները, որոնք նախկինում չէին լիցենզավորվում, պարտադիր լիցենզավորվելու են։ Երրորդ էական փոփոխությունը պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի ընդլայնումն է, պատժի կրումից ազատելու ընթացակարգի հեշտացումը։ Քրեակատարողական հիմնարկների մշտական հանձնաժողովն այլեւս չի լինելու միջնորդ օղակ, եւ դատապարտյալներն իրենց դիմումները պատժի կրումից ազատելու վերաբերյալ ուղղելու են կամ արդարադատության, կամ առողջապահության նախարարությանը, ոչ թե այդ հանձնաժողովին։ 



Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը հայեցակարգի հեղինակն է, այդ փաստաթղթում սուր քննադատության է ենթարկել բերդերում գործող բուժսպասարկման համակարգը, ինչը նշանակում է, որ տարիներ ի վեր Հայաստանում ազատազրկված անձանց առողջապահության իրավունքը ոտնահարվել է։ Նախարարի ներկայացրած փաստաթղթից հետեւում է, որ ազատազրկված անձինք ՔԿՀ-ներում լիակատար անտերության են մատնված։ Իրավական ակտերով սահմանված չեն քրեակատարողական համակարգում անձին տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման կոնկրետ տեսակներն ու ծավալները։ Բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները չեն տարածվում քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումների վրա, քանի որ բուժական ծառայությունները ենթակա չեն լիցենզավորման: Կարգավորված չէ, թե ինչ ծավալի բժշկական ծառայություններ են մատուցվում բուժօգնության ստորաբաժանումների կողմից: Որեւէ իրավական ակտով սահմանված չեն քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումների շենքային պայմաններին ներկայացվող պահանջները: Առկա բուժսարքավորումները գրեթե ամբողջապես ենթակա են փոխարինման, քանի որ մաշվածության հետեւանքով վերջիններիս միջոցով որակյալ բուժօգնություն տրամադրել հնարավոր չէ: Նյութատեխնիկական եւ կադրային խնդիրներով պայմանավորված՝ քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունները չեն համապատասխանում երկրում գործող առողջության առաջնային պահպանման ծառայությունների մակարդակին: Բաժանմունքներում չկան մասնագետներ։ «Մի շարք բժշկական ծառայությունների ապահովումը խնդրահարույց է»,- գրել է նախարարը՝ նկատի ունենալով դատապարտյալների ատամ բուժելու տարրական ծառայությունը։ Հայաստանի ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներում է ապահովված այդ ծառայությունը, ՔԿՀ-ներում չկան ատամնաբույժի հաստիքներ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ