Մշտական տոմս` ԱԺ մտնելու համար

Մշտական տոմս` ԱԺ մտնելու համար

Հայաստանում կան ազգանուններ, որոնք մշտապես ներկայացված են լինում խորհրդարանում: Ազգային ժողովի պատգամավորի մանդատն այդ ազգանունները կրող կլանների համար զուտ ձեւական ատրիբուտ է: Իրականում նրանք ոչ թե պատգամավորներ են, այլ հատուկ ներկայացուցիչներ: Թե հատկապես որ կուսակցությունը կներկայացնի ազգանունը, կարեւոր չէ, էական է, որ տվյալ կուսակցությունն իշխանության կողքին լինի:



Ազգանուններից մեկն Աբրահամյան է: 2000 թվականից Ռուսաստանի հայերի միության նախագահի եղբայրները՝ Գագիկը, Սերգեյն ու Արմենը, տարիներ ի վեր պատգամավոր են եղել երեք իշխանական կուսակցություններից: Հանրապետական Գագիկ Աբրահամյանը՝ «Ջեյ Սի Էյ» ադամանդագործական ընկերության նախագահը (նրա ռեգալիաները շատ են եւ հայտնի), պատգամավոր է եղել 1990-1999, հետո՝ 2007-2012 թվականներին: 2007-2012 թվականներին նա ԱԺ միջանցքներում կարող էր հանդիպել իր մյուս եղբայրներին` ԲՀԿ-ական Արմենին եւ ՕԵԿ-ական Սերգեյին: Երեք եղբայրներն էլ նույն ժամկետի պատգամավորներ էին: ԲՀԿ-ական Արմեն Աբրահամյանն ամենաքչախոսն էր: Մինչեւ պատգամավոր դառնալը հարկայինի աշխատող է եղել, պատգամավորության շրջանում նաեւ Կորեայում պատվո հյուպատոս էր: Որեւէ նրա ելույթ կամ խոսք, գոնե մի փոքր քոմենթ հայտնի չէ: Նա հիշվել է թերեւս միայն նրանով, որ կորեերենը նրա օրոք Բրյուսովի ուսանողներն սկսեցին ուսուցանել որպես երկրորդ օտար լեզու: Ապրիլին Աբրահամյանները պատգամավոր առաջադրվելու մտադրություն չունեն: Այս մասին մեզ հայտնեց Գագիկ Աբրահամյանը: Նա այլեւս չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել: «Իմը բիզնեսն է,- ասում է,- ես ամենամեծ արտահանողն եմ»:



- 15 տարի պատգամավոր եք եղել, ինչո՞ւ չեք շատ ելույթներ ունեցել, օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկել: Ձեզ դուր չի՞ եկել պատգամավորի գործը:



- Ո՞վ ասաց, որ չեմ ունեցել: Եկեք մի օր՝ տեսագրությունները ցույց տամ:



- Պատգամավոր լինել շատ բիզնեսմեններ են ձգտում, կապեր ունենալ եւ այլն:



- Ես չգիտեմ, ես իմ կապերն ունեմ, վերջերս ՌԴ-ից պարգեւատրեցին բարեկամության շքանշանով, գիտեք, երեւի, ես բոլորին էլ ճանաչում եմ, բոլորն էլ իմ ընկերներն են՝ ընդդիմություն, դիմություն՝ բոլորին էլ ճանաչում եմ, ես 5 տարի առաջ գերադասել եմ բիզնես գնալ ու մինչեւ հիմա էլ որոշումս չեմ փոխել:



- Դիմություն, ընդդիմություն, բոլորը խառնվել են, քաղաքական դաշտի մասին ի՞նչ կասեք:



- Ես հիմնականում ստեղ չեմ լինում, չեմ էլ հետեւում:



- Իսկ Սերգեյը, Ձեր եղբայր Արմենը ե՞ւս մտադիր չեն զբաղվել քաղաքականությամբ:



- Չէ, այլ գործեր ունեն:



Արա Աբրահամյանը, որ 2 տարի առաջ հայտարարեց կուսակցություն բացելու մասին, վերջերս փոխել էր քաղաքականություն մտնելու մտադրությունը, պատճառաբանելով «առողջական խնդիրներով»։ Սակայն սա չի նշանակում, որ Աբրահամյանները չեն լինելու քաղաքականության մեջ: Արա Աբրահամյանի քրոջ որդին` Վարդանը, ամուսնացած է Ստեփան Դեմիրճյանի դստեր՝ Լուսինեի հետ: Այնպես որ, եթե Արա Աբրահամյանի քրոջ որդու աներն անցնի ԱԺ, այնտեղ հատուկ ներկայացուցիչ ունենալու ավանդույթը կպահպանվի: Մեծահարուստ ընտանիքի երկրորդ պոտենցիալ ներկայացուցիչը նոր ԱԺ-ում կարող է դառնալ Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Վարդան Օսկանյանի «Համախմբում» եւ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցություններում նա արժեւորվում է իր պրոռուսական մեծահարուստ թիկունքով: Իհարկե, «թիկունքը» դեմ է, որ Դեմոկրատական կուսակցության լիդերը չափից դուրս հեղափոխական լոզունգներով գնա ընտրությունների, օրինակ, իշխանափոխությունը որպես նպատակ գրի իր ծրագրում: Այլ կերպ ասած, ձախ գաղափարախոսությանը դավանող Դեմկուսը, հանուն ռուսական փողերի, 100 աստիճանով փոխում է իր դիմագիծը, եւ Գասպարիչի կողքին անգամ Սեյրան Օհանյանը կարող է «թույն ընդդիմության» տեղ անցնել:



«Ինչպե՞ս եք մեկնաբանում, որ Ձեզ կապում են Ռուսաստանի մեծահարուստ ընտանիքի հետ»․ հարցը նրան զայրացրեց եւ հանեց հունից: Նախ հարցրեց, թե ինչով են մեզ խանգարում իր հարաբերություններն Արա Աբրահամյանի հետ, ապա որոշեց, որ նման հարց տվողն անգրագետ է, քանի որ չգիտի, որ ինքը դուրս է եկել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի պաշտոնից: Իհարկե, հիշում ենք, որ այս կազմակերպության նախագահն Արա Աբրահամյանն է, բայց դուրս գալն ու խռովելը տարբեր բաներ են: Մենք նաեւ հիշում ենք, որ նա Կոմունիստական կուսակցության վերջին քարտուղարն է եղել, մեր կոլեգան` «Պրավդային» ու «Կոմսոմոլսկայա պրավդային» էր ժամանակին թղթակցում: Բնական է, որ նախկին թղթակիցն իր ձախ անցյալի մասին հեռավոր ակնարկից անգամ նեղվում է: Ո՞ւմ մասին գրեին, որ իր իշխանական պահվածքով խայտառակում է Օսկանյան-Սեյրան Օհանյան դաշինքը, որ հունից դուրս չգար:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ