Օլիգարխների համար մի դատարան է գործում, մյուսների համար` այլ

Օլիգարխների համար մի դատարան է գործում, մյուսների համար` այլ

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը եւ նրա որդին հանրության ուշադրության կենտրոնում են անցյալ տարվա մայիսից: Երիտասարդների մասնակցությամբ ծեծուջարդը, գիշերային ակումբներում, սրճարաններում միջադեպերն այնքան հաճախ են պատահում, որ առանձնապես հետաքրքիր չեն հանրությանը, բայց այս դեպքն ուրիշ էր:



Պատգամավորի՝ մեծահարուստ Գուրգեն Արսենյանի նույնանուն որդին էր խուլիգանություն կատարել: Նա ընկերների՝ Արմենի եւ Գուրգենի հետ գնացել էր «Կրիստալ» գիշերային ակումբ՝ զվարճանալու, տղաները գժտվել էին, իրար ծեծել, եւ բոլորին հետաքրքիր էր, թե արդյոք պատգամավորի որդուն կդատե՞ն օրենքի ողջ խստությամբ, ի՞նչ պատիժներ կսահմանեն մյուս տղաների համար, ովքեր չունեն մեծահարուստ ծնողներ, եւ, վերջապես, կպարզվե՞ն արդյոք ծեծկռտուքի այլ մասնակիցների անձերը: Եվ, ահա, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն արագացված դատաքննությունից հետո հրապարակեց դատավճիռը` Արսենյանին եւ Արմեն Ներսիսյանին խուլիգանության համար 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց՝ սահմանելով փորձաշրջան: Արսենյանի որդին ազատության մեջ էր, իսկ Արմենին ազատեցին կալանքից: 



Գուրգեն Գրիգորյանին պահելու են 8 ամիս: Նրա շահերի պաշտպան, փաստաբան Անի Թորոսյանն ասաց, որ պատճառը թերեւս նախկին դատվածություններն են: Եթե դրանք չլինեին, նրան էլ պայմանական կդատապարտեին: «Ըստ էության, իմ պաշտպանյալը մեղքն ընդունել էր, մենք խնդրել էինք, որ մեղմ պատիժ կիրառվի, դժգոհ չենք դատավճռից, ես բողոք չեմ ներկայացնի»,- ասաց փաստաբանը: Ահա այսպիսի բարեհաջող ավարտ են ունենում այն դեպքերը, երբ հանցագործները ճանաչված հայրիկ-մայրիկ են ունենում՝ պատգամավոր կամ բիզնեսմեն: Մյուս դեպքերում արդարադատությունն ուղղակի այլասերվում է, իսկ եթե հանկարծ քաղաքական այլախոհության տարրեր կան, ապա դատական ակտը վերածվում է հաշվեհարդարի:



Գուրգեն Արսենյանի դատավարությանը զուգահեռ ընթանում էր ակտիվիստ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով դատաքննությունը: Նա խուլիգան չէր, ոչ մեկին չէր ծեծել, այլ ընդամենը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում՝ դիմադրելով ոստիկաններին: Եվ դրա համար երիտասարդին դատապարտեցին։ Սաֆարյանի դեմ ցուցմունքներ տվել էին ոստիկանները, նրան դատապարտեցին 2 տարվա ազատազրկման: Նրան անգամ մարդու իրավունքների պաշտպան Թաթոյանը հարկ չհամարեց պաշտպանել՝ լավ ձեւ գտավ քաղաքականությունից հեռու մնալու համար․ ասաց, որ չի կարող մեկնաբանել դատական ակտը, քանի որ այն ուժի մեջ չի մտել, բայց խոստացավ ուսումնասիրել:



«Ժառանգության» նախկին անդամ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հատուկ դիտել է Գեւորգ Սաֆարյանի դեպքի տեսագրությունը՝ ծայրից ծայր: Եվրոպական երկրներում ոստիկանների կամքին հակառակ տոնածառ տեղադրելու համար վատագույն դեպքում կարող էին վարչական տուգանք սահմանել, բայց ոչ երբեք ազատազրկում: «Ամոթ է, որ մեր երկրում նման դատավարություն կարող է լինել»,- ասում է վերլուծաբանը: «Հայաստանում արդարադատությունն անգամ սելեկտիվ չես անվանի: Գեւորգի եւ այդ ձեր հիշատակած անձի, ինչպես նաեւ Սուրիկ Խաչատրյանի, այլ օլիգարխների որդիների դեպքերում, որոնք ցնցեցին բոլորիս, գործում է այլ դատարան, իսկ հասարակ քաղաքացիների համար` այլ: Սա հաշվեհարդար էր ընդդիմադիր քաղաքացու հանդեպ, որը դատավորի թիկնոցի ներքո վավերացվեց պետության անունից»: Սաֆարյանն ասաց, որ կցանկանար տեսնել արդարադատության նախարարի եւ ՄԻՊ-ի գործողությունները՝ որպես իրավաբանների: «Սա կարող է պատահել ձեզ հետ, բոլորիս հետ, այդ մարմինները, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պետք է գնահատական տան, ու մենք կհասկանանք, թե իրենք կարո՞ղ են արդարադատության համակարգ բարեփոխել, թե՞ ոչ»:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ