ՀՀԿ-ն գրում է Գյումրու ռեյտինգային ցուցակը

ՀՀԿ-ն գրում է Գյումրու ռեյտինգային ցուցակը

Գյումրիում նախընտրական եռուզեռ է: Կուսակցությունները ցուցակներ են կազմում, սոցհարցումներ են պատվիրում, երիտասարդ աղջիկներ են բնակիչների դռները թակում, ճշտում են մարդկանց քաղաքական նախասիրությունները, դեմ են տալիս Շիրակի մարզի հայտնի գործիչների անվանացանկ: Այն, հավանաբար, լինելու է ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակի հիմքը, քանի որ ներառում է բացառապես ՀՀԿ-ին մոտ կանգնած անձանց: Լուրեր կան, որ Գյումրու երիտհանրապետականն է սոցհարցումը պատվիրել: Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը հերքեց. «Մենք սոցհարցում չենք պատվիրել: Չգիտեմ, թե ով է պատվիրել, ես առաջին անգամ եմ լսում»: Նա նաեւ հայտնեց, որ ՀՀԿ վարկանիշային ցուցակը դեռ պատրաստ չէ: «Մոտավորապես մեկ շաբաթից պատրաստ կլինի», - ասաց նա: Իսկ առայժմ ունենք ոչ պաշտոնական անվանացանկ: Ջրի, լույսի եւ գազի «մարդիկ» այս անգամ էլ են առաջադրվելու: 



«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանն է լինելու ՀՀԿ վարկանիշային ցուցակում: Այս երիտասարդը քաղաքականության մեջ չի եղել, միայն «գազի» մեջ է եղել: «Ջուրն» ու «լույսն» էլ կան` «Շիրակի ջրմուղ-կոյուղու» տնօրեն Վարդան Մարտիրոսյանը, որին ազատել են արդեն պաշտոնից, բայց ցուցակից դեռ չեն հանել, եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանը: Վերջերս նա Գյումրու Խրիմյան հայրիկ փողոցում մի արքայական օբյեկտ է սարքել` «Իմպերիալ»: Գյումրիում հայտնի է նաեւ նրանով, որ Մոսկվայում մեծահարուստ եղբայր ունի: Հայաստանի ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ գազի, լույսի եւ ջրի համակարգի ղեկավար աշխատողները մարդ բերելու, ճնշում գործադրելու գործում շատ հարմար են: Ահա թե ինչու նրանք միշտ պահանջված են ընտրական հին ու նոր օրենսգրքերի պարագայում:



ԱԺ պատգամավորներից Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանն ու Սուքիաս Ավետիսյանն են, ըստ նախնական տվյալների, Շիրակի մարզի վարկանիշային ցուցակում: Սուքիաս Ավետիսյանը ՀՀԿ նախկին համամասնական ցուցակի 112-րդ տեղում էր եւ պատգամավոր դարձավ զուտ նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի՝ Գեղարքունիքի մարզպետ նշանակվելու շնորհիվ: Այնուհետեւ բուռն կուսակցական ակտիվություն ցուցաբերեց, եւ նրա հավակնությունները, անշուշտ, վարկանիշային ցուցակի մակարդակից բարձր են լինելու: Մարտուն Գրիգորյանն էլ հույս ունի, որ քաղաքապետ Բալասանյանն իրեն է պաշտպանելու ապրիլին, քանի որ ինքը, ըստ Բալասանյանի հետ պայմանավորվածության, չառաջադրվեց քաղաքապետի պաշտոնում: Բայց Բալասանյանը դրժել է խոստումը, ժողովրդի լեզվով ասած` «քցել է Մարտունիկին» եւ ամեն կերպ առաջ է բրթելու իր որդուն` Խաչիկ Բալասանյանին: Բալասանյանների բիզնեսը Չինաստանում Խաչատուր Բալասանյանի հիմնական գործն է, բայց այս անգամ նա, վերադառնալով Չինաստանից, տարբեր գործարար հանդիպումների ժամանակ արված իր լուսանկարները գցեց Ֆեյսբուք եւ անմիջապես քաղաքացիների ընդունելություն նշանակեց Բալասանյանների բարեգործական հիմնադրամում: Գյումրեցիներն ասում են, որ Բալասանյանը խոստացել է անել ամեն ինչ՝ «պստիկ «Բալասին» ԱԺ մտցնելու համար, ասելով. «Տեսեք, ինչքան ձեն պիտի բռնենք, որ հասկանան, որ մենք ստեղ ուժ ենք, Հանրապետականի հենարանն ենք»:



Վարկանիշային ցուցակի անուններից է լինելու Կարեն Գոմցյանը, «Լենտեքս» ՍՊԸ հիմնադիր տնօրենը, որը «նոր հայերի» շարքից է, Շիրակի մարզի առաջին մարզպետ Արարատ Գոմցյանի հորեղբորորդու թոռն է: Գոմցյանը լավ բիզնես հարաբերություններ ունի Բալասանյանների հետ: Միասին վերցրել են քաղաքի կենտրոնական շուկան, կիսելով այն երկու մասի` մեկը Բալասանյաններին, մյուսը` Գոմցյաններին: Վարկանիշայինի կանայք, ըստ կանխատեսումների, Շիրակում լինելու են Վարդիթեր Գասպարյանը` Ախուրիկի գյուղապետը, որը նաեւ 2012 թվականի պատգամավորական ցուցակում կար, բայց չանցավ, Ազատանի մանկապարտեզի տնօրեն Ազգանուշ Մնացյանը եւ Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը՝ կադաստրի նախկին աշխատող: Վերջինիս հարցրինք, թե արդյոք նա ստացե՞լ է առաջարկ ՀՀԿ վարկանիշային ցուցակում ներգրավվելու վերաբերյալ: «Ես պաշտոնական ոչինչ չեմ ստացել»,- ասաց նա: Իսկ «անպաշտո՞ն»: «Իսկ անպաշտոն էլ ինձ չի հետաքրքրել»: Լավ, Դուք նոր եք համայնքապետ ընտրվել ու արդեն կուզեիք պատգամավո՞ր դառնալ: «Ես ոչ մտածել եմ այդ հարցի շուրջ, ոչ էլ դեռեւս ցանկություն ունեմ մտածելու»:



Իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն ՀՀԿ անդամ Վահան Գասպարյանը կարծես մտածում է, թե ում ցուցակով առաջադրվի: Վերջերս գյումրեցիները նրան հաճախ են տեսնում տեղի «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Ասոյանի հետ: «Ասոյանի հետ մենք մտերիմ ընկերներ ենք, մեր մտերմությունը կապ չունի կուսակցական գործերի հետ»,- մեկնաբանեց Վահան Գասպարյանը: Նա ասաց, որ իր առաջադրվելու մասին դեռ խոսք չկա՝ շեշտելով «դեռ» բառը: Ամենայն հավանականությամբ, Վահան Գասպարյանը եւս վարկանիշային ցուցակում կլինի, ի թիվս Շիրակի համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի, որի մասին ասում են, որ Հովիկ Աբրահամյանի մարդն է, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի, փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանի եւ Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանի:
ՀՀԿ նախնական ռեյտինգայինի ամենառեյտինգային թեկնածուն, թերեւս, Շիրակի նախկին մարզպետ, նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն է: «Ես ցանկություն ունեմ առաջադրվելու, բայց դրա վերաբերյալ պետք է որոշում լինի»,- ասաց նա: Գյումրիում լուրջ մրցակցություն է սպասվում, Ձեր շանսերն ինչպիսի՞ն են: Այս հարցին նախկին մարզպետը պատասխանեց. «Ես կանխատեսում չեմ կարող անել, դեռ հայտնի չէ, թե ովքեր են դնելու»: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, դա պարզ կլինի միայն փետրվարի սկզբին:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ