«Աշտարակ կաթի» նոր տերերը ԼՂՀ-ից «քցել» են ՀՀ հարկային մարմիններին

«Աշտարակ կաթի» նոր տերերը ԼՂՀ-ից «քցել» են ՀՀ հարկային մարմիններին

Անցյալ տարվա դեկտեմբերին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանն «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչեց, ինչն այս ընկերությունում վերջերս տիրող իրավիճակի տրամաբանական շարունակությունն էր։ Ընկերությունը պարտքեր էր կուտակում, ամիսներով գյուղացիներին չէր վճարում մթերված արտադրանքի դիմաց, նույնիսկ փորձում էր փողի փոխարեն պանրով «փակվել»։ Հունիսին մեծ սկանդալ եղավ Ճամբարակում, որտեղ «Աշտարակ կաթը» պահեստ ունի։ Այդ պահեստում պահվող մոտ 15 տոննա պանիրը կիլոգրամը 2 հազար դրամով հաշվեցին ու պարտքի դիմաց տվեցին գյուղացիներին։ Փետրվարի կեսերին ընկերության պարտատերերի առաջին ժողովն է նշանակված Արաբկիր դատարանի շենքում, բայց մինչ նրանք կհավաքվեին, «Աշտարակ կաթի» գլխավոր տնօրեն եւ սեփականատեր Աշոտ Ափոյանը վաճառեց ընկերությունը ղարաբաղյան ընկերությանը։



«Աշտարակ կաթը» մնաց շուկայում նույն անունով, բայց այլ տերերով։ Ովքեր են նոր տերերը, ստույգ հայտնի չէ։ Ըստ որոշ լուրերի, նրանք ԼՂՀ-ում ՊՆ կարիքների համար գնումների մշտական մասնակիցներից են։ Թվում էր, թե ղարաբաղյան «Աշտարակ կաթն» իր գործերը դասավորելով, կպահպանի դիրքերը հայկական շուկայում։ Բայց օրերս «Աշտարակ կաթը» դադարեց խանութներին կաթնամթերք մատակարարել։ Հարցուփորձ արեցինք մի շարք խանութներում եւ պարզեցինք, որ 2-3 օր է, ինչ «Աշտարակ կաթի» արտադրանքը չեն ստանում։ Մատակարարները չեն գալիս, եւ մենեջերներն էլ տեղյակ չեն պատճառներից։ Պարզվում է՝ հարկայինը պլոմբել է «Աշտարակ կաթի» պահեստները։ ՊԵԿ լրատվականում չգիտեին, թե բանն ինչում է, ասելով, որ «Աշտարակ կաթով» զբաղվում են ԼՂՀ հարկային մարմինները, քանի որ ընկերությունն այնտեղ է գրանցված։ Ղարաբաղից եւս պատասխան չստացանք, որից հետո ՊԵԿ-ում խոստացան մեր հարցերին պատասխանել մեկ շաբաթից։



Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից, որը հետեւում էր «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրին, հայտնեցին, որ իրենք մշտապես առողջացման ծրագրի պատասխանատուի հետ կապի մեջ են եղել․ «Նորմալ արտադրություն են բաց թողել, պարտքերը մարելով»։ Ճշգրիտ աղբյուրից պարզեցինք, որ «Աշտարակ կաթ» ընկերության նախկին տերը՝ Աշոտ Ափոյանը, ահռելի պարտք ունի պետությանը, որը կուտակվել է երեքուկես տարի, տարեկան 500 մլն․ դրամի չափով։



«Աշտարակ կաթի» նոր տերը, ըստ էության, մեքենայությունների է գնացել՝ պարտավորվել են փակել գործարանը, բայց պարտավորությունը խախտել են։ Գնելով գործարանի գույքը եւ ապրանքանիշը, ընդամենը փոխել են իրավաբանական անվանումը։ Այս պարագայում, օրենքով, ընկերությունն այլեւս նախորդի իրավահաջորդը չի կարող համարվել, հետեւապես նաեւ չի վճարում նրա պարտքերը։ Փաստացի, ղարաբաղյան ընկերությունը «քցել» է Հայաստանին, քանի որ այն գրանցված է ԼՂՀ-ում, զուտ իրավաբանորեն խնդիր ՀՀ հարկային մարմինների հետ չունի, եւ այժմ «Աշտարակ կաթի» հարկային պարտավորությունը մնացել է օդում, ոչ ոք այն պարտավոր չէ մարել։ Հստակ տեղեկություններ ունենք, որ հենց սա է պատճառը, որ «Աշտարակ կաթում» հարկային ստուգումներ են իրականացվում, պահեստները պլոմբված են, մատակարարումները՝ դադարեցված։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ