Իշխանությունը քայլեր է ձեռնարկում ընդդեմ Ծառուկյանի

Իշխանությունը քայլեր է ձեռնարկում ընդդեմ Ծառուկյանի

Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց խարխլվում են իշխանության հիմքերը՝ կուսակցությունը լքում են նախկին, ներկա պաշտոնյաներ, պասիվ, ակտիվ կուսակցականներ։ Հանրապետականի շարքերը նոսրանում են, «նեղացածների» բանակը՝ մեծանում։ Իշխանական դաշտն ընկած «ցեցը» վերջին օրերին պատուհասել է նաեւ ԲՀԿ-ին, մինչդեռ տեղեկություններ կան, որ իշխանության անտեսանելի ձեռքն է հասել ու «կոնտր» քայլեր է ձեռնարկում, որպեսզի ցույց տան, թե միայն իշխանության նավը չեն լքում։ 



Շաբաթ-կիրակի Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն հեռացավ կուսակցությունից , բայց որեւէ պատճառաբանություն չներկայացրեց, նույնը Գրիգորի Գրիգորյանի՝ Շերիֆի դեպքում, նրա հեռանալը պակաս անակնկալ էր, քանի որ 2014թ․ մայիսին Գրիգորյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից, պաշտոնական բացատրությունն առողջական խնդիրներն էին, սակայն մամուլում լուրեր հայտնվեցին ԲՀԿ-ի հետ ֆինանսական խնդիրների մասին, որ Շերիֆը հետ չի ստացել ընտրություններում ծախսած գումարներն ու նեղացել է կուսակցությունից։ Այդուհանդերձ, վերջին ժամանակները Գրիգորյանն ակտիվ շփումներ ու ջերմ հարաբերություններ ուներ ԲՀԿ-ականների հետ, անցած շաբաթ կուսակցական ընկերների հետ նա հյուրընկալվել էր Ապարանում՝ Լյովա Խաչատրյանին, հանդիպումն անմահացրած լուսանկարը հայտնվեց նաեւ համացանցում։ Իսկ երեկվանից Շերիֆի հարազատ մարզում՝ Արարատում խոսում են, որ նրա քայլը պայմանավորված է իշխանությունների ճնշումներով։ Ծաղիկ Ռուբոյի աչքն էլ, ըստ լուրերի, վախեցրել են իրեն պատկանող օբյեկտներից մեկի մասին խայտառակ բացահայտումներով։ Գաղտնիք չէ, որ Գեւորգյանին պատկանող հյուրանոցներից մեկն այլ նպատակներով է օգտագործվում, եւ դրա հետ կապված «հոդված» դնելը բոլորովին բարդ չէր լինի։ Առաջիկայում սպասվում է, որ իշխանությունը ԲՀԿ-ի խոցելի խավի ուղղությամբ՝ գործարարներ, նախկին պաշտոնյաներ, այլ բացահայտումներ էլ կանի, եւ էլի հանձնվողներ կլինեն։ Չի բացառվում, որ ԲՀԿ-ից ոմանք մնան կուսակցությունում, բայց հրաժարվեն ընտրություններին մասնակցելուց։
Ուշագրավ է, որ ԲՀԿ թիրախային թեւում երեկ խորը անորոշության մեջ էին առաջադրվել-չառաջադրվելու հարցում։ Աբրահամ Մանուկյանը հորդորեց սպասել եւս մի քանի օր, վստահեցրեց, որ չի լքի կուսակցությունը։ Մեր տեղեկություններով՝ նա գալիք ընտրություններին էստաֆետը կփոխանցի 35-ամյա որդուն՝ Արթուր Մանուկյանին, որը ռեյտինգային ցուցակով կպայքարի Սամվել Ալեքսանյանի եւ այլոց դեմ՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում։ Իսկ Աբրահամ Մանուկյանը չի մասնակցի ընտրություններին։



Արշակ Մխիթարյանի՝ Բռլյանտի Արշակի մոտ էլ առաջադրման ցանկությունը, ինչպես ինքն ասաց, երեկվա դրությամբ «50/50» է։ «Մեկ շաբաթ բացակայելու եմ երկրից, հիմա ռեգիստրացիայի մեջ եմ, կգամ ու որոշում կկայացնեմ»,- ասաց նա մեզ։ Մխիթարյանը չթաքցրեց, որ Ծառուկյանի կողմից Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրվելու առաջարկ է ստացել, նախկին կուսակցականների հեռանալու պատճառների մասին ասաց, թե տեղյակ չէ, իսկ իր նկատմամբ ճնշում չի կարող լինել։ «Քանի որ դեռ առաջադրման հարց էլ չի եղել,- ասաց Մխիթարյանը՝ վստահեցնելով։- Եթե նույնիսկ չառաջադրվեմ, հաստատ չեմ լքի, ինչի՞ համար»։ Էջմիածինցի Հրանտ Դավթյանն էլ «չի տեսել, չի իմանում», թե ինչու են կուսակիցները լքել ԲՀԿ-ն։ «Իրենց հարցրեք»,- ասում է ԲՀԿ-ականը։ Իր առաջադրման մասին էլ ոչինչ չգիտի․ «Հլը պրոցեսների մեջ ենք, թե ինչ կլինի, կերեւա, կուսակցության խնդիրներ են, հարցեր են, նորմալ կլինի երեւի, լավատես ենք»։ Իսկ եթե իշխանությունը ճնշի՞։ « Չէէ-հա, ո՞վ է ասում, ըտենց բան չկա, չի կարա լինի»։ Երեկ լուրեր կային այն մասին, որ առաջիկայում ԲՀԿ-ն կարող է լքել անգամ Լյովա Խաչատրյանը։ Խնդիրն այն է, որ կուսակցությունում առանձնապես ոգեւորված չեն նրանով, որ ցուցակի առաջին հորիզոնականները Գագիկ Ծառուկյանը որոշել է հատկացնել այլ ուժերի ներկայացուցիչներին։ ԲՀԿ-ականներից ոմանք էլ կարող է հրաժարվեն ռեյտինգային առաջադրումներից՝ խուսափելով խայտառակությունից։ Թեպետ պայմանավորվածությունն այնպիսին է, որ բոլորն անխտիր նաեւ ռեյտինգային ցուցակներում են առաջադրվելու ու խորհրդարան անցնելու ստացած ձայներին համապատասխան, սակայն ԲՀԿ-ականները կասկածներ ունեն, որ այդ մոտեցումը ոչ բոլորի վրա կկիրառվի։ Ասենք՝ Ծառուկյանը, անկախ ընտրություններում ստացած ձայների քանակից, ՀՀՇ վարչության անդամներ Արարատ Զուրաբյանին եւ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանին դուրս չի թողնի խորհրդարանից, եթե նրանք որոշեն ԲՀԿ-ի հետ գնալ ընտրությունների։ Նրանք համամասնական ցուցակի բարձր հորիզոնականներում տեղ կզբաղեցնեն։



Լյովա Խաչատրյանին հարցրինք՝ հնարավո՞ր է որոշ կուսակցականների նման ինքն էլ լքի ԲՀԿ-ն։ «Ես չեմ կարծում, որ նման խնդիրներ կարան առաջանան»,- պատասխանեց նա։ Խաչատրյանը «որքան գիտի»՝ ցուցակ դեռ չի կազմվել, հետեւաբար, ցուցակից նեղացողներ էլ չեն կարող լինել, ցուցակում իր տեղի ակնկալիքների մասին էլ խուսանավեց․ «Ես ցուցակում կունենամ այն տեղը, որտեղ կուսակցությունը կորոշի»։ Լյովա Խաչատրյանը, ով նախորդ ընտրություններին մեծամասնականով առաջադրվել էր Երեւանի Շենգավիթ համայնքից, այս անգամ, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի հարազատ մարզից՝ Արագածոտնից։ Հայրենի Ապարանում նրա մրցակիցները լինելու են իր ոխերիմ հակառակորդ Աղվան Հովսեփյանի հովանավորյալները։ «Դուք արդեն քաղաքական դաշտից դուրս եք գալիս»,- Գառնիկիչի հետ մրցակցության հնարավորությունների հարցից զգաստացավ Լյովա Խաչատրյանը։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ