Բջջային օպերատորները դատարանների հիմնական հաճախորդներն են

Բջջային օպերատորները դատարանների հիմնական հաճախորդներն են

Հայաստանի դատարանները դարձել են փող ստացող։ Ամենաչնչին պարտքերի դեպքում էլ ծառայություններ մատուցող ընկերությունները դիմում են դատարաններին, որը վճարման կարգադրություն է արձակում։ Օրական հարյուրավոր նման փաստաթղթեր են գնում քաղաքացիների հասցեներով, բայց շատերը չգիտեն, թե ինչ անեն այդ փաստաթղթերի հետ։ Իսկ գրավոր առարկություններ դատարանին ներկայացնելու համար իրավական գիտելիք է պետք, որը չունեն։ Հետաքրքիր է, որ չնչին գումարների դեպքում՝ 1000, 5 հազար, 10 հազար, դատարան են դիմում հիմնականում խոշոր ընկերությունները, վստահ լինելով, որ որոշումներն իրենց օգտին են լինելու։



«Արմենթելը», օրինակ, անցյալ տարվա օգոստոսին դիմել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որ մայրաքաղաքի բնակիչ Տիգրան Մ․-ից մոտ 24 հազար դրամ ստանա։ ՀՀ օրենքով, որն ինքնին մարդու իրավունքի կոպիտ խախտում է, քաղաքացուն նման դիմումների դեպքում դատարան չեն կանչում, այլ դնում են փաստի առաջ՝ «վճարման կարգադրություն» կոչվող փաստաթուղթ են ուղարկում դատարանից՝ պարտադրելով, որ կամ փողը տա, կամ էլ երկու շաբաթում գրավոր առարկություն ներկայացնի, որից հետո հայցային վարույթ կարող է սկսվել։ Թղթի վրա ամեն ինչ հարթ է եւ օրինական։ ՀՀ քաղաքացիական դատավարության 204 (6) հոդվածով հստակ սահմանվում է, թե ինչ գործողություններ պետք է կատարի քաղաքացին, որին վերաբերում է վճարման կարգադրությունը․ «Կատարել վճարման պահանջը, եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում, դատարանին առձեռն կամ փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ), ներկայացնել գրավոր առարկություն, եթե պատասխանողը ներկայացված պահանջը դիտում է որպես չհիմնավորված»: Իրականությունը, սակայն, «աշխատում» է քաղաքացու դեմ։ Հանուն արդարության նշենք, որ Տիգրանի պարտքը 17 հազար է եղել, 24 հազար այն կազմել է տոկոսներով։ Նա գնացել է դատարան՝ հասկանալու համար, թե ինչն ինչոց է, բայց դատավորին տեսնել չի կարողացել։ Դատարանի աշխատողները քաղաքացիների հոգսերի վրա հիմնականում թքած ունեն։ Դատարանը խոշոր բիզնեսի հետ իր գործերն անում է։ Միայն դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 27-ը ՀՀ դատարանները վճարման մոտ 5 հազար կարգադրություն են արձակել, եւ բոլորը՝ ի վնաս քաղաքացիների ու առանց նրանց հետ քննարկելու։ Հիմա այս 5 հազար քաղաքացիները պետք է գրավոր առարկություններ ուղարկեն դատարաններ, իհարկե, եթե նրանք կարդացել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, եւ նրանց իրավական գիտելիքները բավարար են դրանք ձեւակերպելու համար։ Եթե ոչ՝ կորած են, եւ բացի այն, որ պարտադրված են լինելու կասկածելի եղանակներով հաշվարկված, տոկոսներով բազմապատկված չստուգված թվեր մուծել բջջային օպերատորներին, այլեւ դատապարտված են հայտնվել «սեւ ցուցակում», ինչպես մեր պատմության հերոսը։ Իսկ «սեւ ցուցակը» մի այնպիսի տեղ է, որից դուրս գալը դժվար է, ինչպես բանտից։ Միջին վիճակագրական հայերը դա գիտեն։ Մինչդեռ քաղաքացու փաստարկները կարող են առարկայական լինել, ինչպես, օրինակ, Տիգրան Մ․-ինը, որը 2001 թվականից «Արմենթելի» հավատարիմ հաճախորդն է եղել, իսկ 2015-2016 թվականներին նկատել է, որ ընկերության կապի որակը շեշտակի ընկել է։ Բայց իր առարկությունները հայտնել «Արմենթելին» երկու տարի շարունակ չի կարողացել։ Խնդիրների դեպքում ուղղակի հնարավոր չէ միանալ օպերատոր կոչվածին, համարների վերծանման համար գումարներ են պահանջում, պաշտոնական կայքում «Արմենթելի» որեւէ շնչավորի մասին՝ տնօրենի, վարչության կամ բաժնի աշխատողի, տվյալ չկա։ «Պրոցեդուրան պահպանելու համար 2 անգամ այցելել եմ գլխամաս, ամենախոշոր պատասխանատու անձը, ում կարողացել եմ տեսնել, դա պահակն էր,- ասում է Տիգրանը,- ցանկանում եմ այս մասին իմանա միայն «Բիլայնի» հիմնադիրը՝ Պրյախինը, քանի որ վարձու աշխատողների համար, հավանաբար, միեւնույն է»։ Քաղաքացիական գործերով փաստաբան Նորայր Նորիկյանը վճարման կարգադրության արձակումը ողջամիտ գործընթաց է համարում։ «Այլ հարց է, որ ոչ բոլոր դեպքերում է մատչելի, քանի որ քաղաքացիների իրավագիտակցության աստիճանը ցածր է։ Դատարանը, վճարման կարգադրություն արձակելով, ըստ էության, ոչ թե վճիռ է կայացնում՝ առանց նրա կարծիքը հաշվի առնելու, այլ առաջարկում է կատարել որոշակի գործողություն, որը չկատարելու դեպքում նոր միայն այն ստանում է օրինական ուժ։ Իսկ տվյալ դեպքում ես ամբողջովին կիսում եմ այդ մտահոգությունը, որ քաղաքացիներն իրազեկ չեն, չգիտեն, թե ինչպես իրացնեն իրենց իրավունքները»,- ասում է փաստաբանը։



Ոչ Պրյախինը, ոչ հասարակ աշխատողները Տիգրան Մ․-ին չեն լսել, բայց նրա անունը «սեւ ցուցակ» գցել են։ Դատարանի միջոցով առավել հաճախ փող ստացողները «Յուքոմը», «Արմենթելը», «Ղ-Տելեկոմն» են։ Վերջինս անգամ 500 դրամի դեպքում է դատարան դիմում։ Տխուր պատկեր, որից հետեւում է, որ, նախ, Հայաստանի օրենքներն ու դատարաններն ուժեղի կողմն են եւ չեն պաշտպանում թույլի իրավունքը, եւ երկրորդ՝ մեզանում տարրական ծառայությունները, ինչպիսին է, օրինակ, բջջային կապը, հասանելի չէ բնակչությանը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ