Հովիկ Շահինյանը կառաջադրվի Արաբկիրում

Հովիկ Շահինյանը կառաջադրվի Արաբկիրում

Գագիկ Ծառուկյանի դաշինքը մեծ ձգողական ուժ է դարձել իշխանությունից «աբիժնիկների» համար։ Էլ Գյումրիի Վարդան Ղուկասյան, էլ Ճոյտ Հակոբ Հակոբյան, էլ նախկին պաշտոնյաներ։ Երեկ տեղեկացանք, որ այստեղ է նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ, երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը։ Նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արաբկիրում՝ «Միասնություն» շարժման կողմից, որի անդամ է նաեւ ինքը։ Հովհաննես Շահինյանի քաղաքական եւ կրիմինալ արկածների մասին մամուլի հրապարակումներից կարելի է հատորյակներ կազմել։ 2005թ. նա նշանակվել է Արաբկիր համայնքի ղեկավար, մեկ տարի անց անդամագրվել է Հանրապետականին, դարձել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։ 2008-ի նախագահական ընտրությունների օրը, ըստ մամուլի, անձամբ է կառավարել այն հրոսակախմբին, որը հարձակվեց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց վրա ու ոստիկանության աչքի առաջ ծեծի ենթարկեց նրանց։ Բայց դրա համար նա պատասխանատվության չենթարկվեց։ Առհասարակ, նա բազում հերոսական դրվագներով է աչքի ընկել, հատկապես ընտրությունների շրջանում։ Իսկ երբ արդեն հայտնվել էր իշխանության սեւ ցուցակում, հեռացավ երկրից, բայց դրսից նույնպես չէին դադարում նրա տարբեր հերոսությունների մասին լուրերը։ Անգամ դատախազությանն ուղղված բողոքներ էին ստացվում հայ համայնքից։



2008-ի ընտրություններից հետո պարզվել էր, որ Արաբկիր համայնքում ընտրակաշառքի բաշխման պրոցեսում մոտ 400 միլիոն դրամի պակասորդ է հայտնաբերվել, իսկ ընտրությունների պատասխանատվությունը կրում էր Հ. Շահինյանը։ 2010-ին Շահինյանն իր ուժերը կրկին փորձեց Արաբկիրի թաղապետի ընտրությունների ժամանակ, սակայն ՀՀԿ-ից աջակցություն չստանալով՝ պարտվեց Ալբերտ Երիցյանին։ 2011-ին Արաբկիրում կատարված աղմկահարույց սպանության ժամանակ էլ հայտնի դարձավ, որ Շահինյանը 100 հազար դոլար պարտք է Հովհաննես Թամամյանին, թեեւ Շահինյանն անձամբ հայտարարեց, թե պարտք ու պահանջ չունի որեւէ մեկի հետ։



2012-ի ԱԺ խորհրդարանական ընտրություններից առաջ էլ Շահինյանը դուրս եկավ ՀՀԿ-ից եւ զբաղվում էր նախկին կնոջ` Սաթիկ Սեյրանյանի նախընտրական քարոզչությամբ: Լուրեր կային, որ ինքն էլ ԲՀԿ ցուցակում էր ուզում հանգրվանել, բայց չստացվեց։ Դրանից հետո նա անդամակցեց Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկրին», նրա հետ մասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին։ Հիմա հերթը ԲՀԿ-ի հետ համագործակցությանն է։



Երեկ Հովհաննես Շահինյանից հետաքրքրվեցինք՝ փակե՞լ է պարտքերը եւ կարո՞ղ է վերադառնալ ու մասնակցել ընտրություններին։ Շահինյանը զարմացավ. «Իսկ ո՞ւմ եմ պարտք։ Ես ոչ մեկին էլ պարտք չեմ»։ Նա պատասխանեց մեր մի քանի հարցերին եւս։



- Այո, ես առաջադրվելու եմ ռեյտինգային ցուցակով, «Միասնություն» շարժման խորհուրդը որոշում է կայացրել, որ մասնակցենք «Ծառուկյան դաշինքով», ես էլ կառաջադրվեմ թիվ 2 ընտրատարածքում։



- Իսկ պարտք ու պահանջի խնդիր այլեւս չկա՞, իշխանության հետ խնդիրներ չե՞ն առաջանա, այդ խնդիրներին մամուլը բազմիցս է անդրադարձել։



- Ի՞նչ խնդիր, ոչ մի խնդիր էլ չկա։ Պարտք ու պահանջ էլ։ Ոչ մի պարտք էլ չկա ոչ մեկին, ես առաջին անգամն եմ լսում։



- Բայց Դուք անգամ երկրում էլ չէիք, չէ՞, կարծես թե փախուստի էիք դիմել։



- Երկրում չլինելն ի՞նչ կապ ունի, գիշերն էլ եմ գնալու, 3-ին թռիչք ունեմ Կրասնոդար։



- Իսկ ինչո՞ւ խզվեց Ձեր եւ իշխանության, ՀՀԿ-ի կապը։



- Դա իմ որոշումն էր, ես 2012-ին դիմում եմ գրել ու դուրս եկել։



- Այսինքն՝ Դուք կարծում եք, որ հիմա այնքան անխոցելի վիճակում եք, որ իշխանության ձեռքը Ձեզ չի՞ հասնի, չե՞ն ճնշի, անցյալի պատմություններ եւ այլն...



- Ուրեմն իմացեք, ես այնպիսի տարիքում չեմ, որ սպասեմ... Ինձ վրա երբեւէ որեւիցե ճնշում, որեւիցե ձեռք չի կարա լինի, ես ազատ մարդ եմ, իմ գործերն ինքս եմ պլանավորում։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ