Նաջարյանը փոշմանել է

Նաջարյանը փոշմանել է

ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը որոշել է վերանայել իր որոշումը լայն դաշինքի հարցում։ Հիշեցնենք, որ հունվարին իր վերադարձի մասին ազդարարած Ծառուկյանն ակտիվ բանակցություններ էր վարում տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ՝ լայն դաշինք ձեւավորելու շուրջ։ Ըստ այդմ՝ դաշինքը պետք է ձեւավորվեր չորս կուսակցություններից եւ մեկ շարժումից՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Հայոց համազգային շարժում, «Բարգավաճ Հայաստան» եւ Ռամկավար ազատական կուսակցություններն ու Արման Վարդանյանի ղեկավարած «Միասնություն» շարժումը։



Իսկ ուրբաթ օրը լուրեր տարածվեցին, որ կազմակերպչական վերջին աշխատանքներն են ընթանում, Արման Վարդանյանն էլ լրագրողներին հայտարարեց, որ դաշինքի համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 5-ին, այսինքն՝ կիրակի օրը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, եւ անգամ հրավերներ էին ուղարկվել։ Պատահական չէր, որ վերածնված ՀՀՇ-ն շաբաթ օրը վարչության փակ նիստ հրավիրեց, որից հետո հայտարարեց «Ծառուկյան դաշինքին» միանալու մասին։ Հայտարարվեց, որ ռեյտինգային ցուցակով Կենտրոնից կառաջադրվի Արարատ Զուրաբյանը։ Սակայն շաբաթ օրը պլանները փոխվել են, եւ վերը նշված առնվազն երկու ուժերին չենք տեսնի դաշինքում։ Խոսքը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմ Նարեկ Գալստյանի՝ հնչակների, ու Հակոբ Ավետիքյանի ՌԱԿ-ի մասին է, որոնց հետ երեկ կապվել չհաջողվեց։ Սակայն Ավետիքյանը երեկ անհայտ պատճառներով հրաժարվել էր նախապես պլանավորված ասուլիսին մասնակցելուց։ Իսկ մինչ այդ հայտարարություններով էին հանդես եկել ռամկավարների տարբեր ճյուղերն ու կառույցները՝ ոմանք դատապարտելով, մյուսները ողջունելով «Ծառուկյան դաշինքին» մաս կազմելու որոշումը։



Իրականում, մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ ԲՀԿ-ականները «նստել» են Ծառուկյանի ականջին ու նրան խնդրել-աղաչել են վերանայել իր որոշումը, քանի որ այդ «մանր-մունր» կուսակցությունները, ըստ նրանց, ոչ թե հեղինակություն են բերելու դաշինքին, այլ՝ հակառակը։ Օրինակ՝ Նարեկ Գալստյանի դեպքում հիշեցրել են Տիգրան Սարգսյանի նկատմամբ Ծառուկյանի վերաբերմունքը՝ ասելով, որ ընդունելով նախկին վարչապետի հովանավորյալին, կհայտնվի քննադատությունների թիրախում։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ Արման Վարդանյանն է նաեւ անհարմար դրության մեջ հայտնվել, քանզի հենց նա է բանակցություններ վարել այս ուժերի հետ։



ԲՀԿ-ականները համոզել են, որ առանց որեւէ ուժի ու դաշինքի ԲՀԿ-ն կարող է միայնակ ավելի հուժկու հանդես գալ ընտրություններին եւ մանդատներն էլ օտարներին չտալ, այլ՝ յուրայիններին։ Հիշեցրել են, թե ինչպես էր ժամանակին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում, թե ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը դաշինք կկազմի միայն իր «քաշի» ուժերի հետ ու չի պատրաստվում թեթեւ քաշայիններին կցելով իրեն՝ խորհրդարան տանել։



Փետրվարի 10-ին, որոշ տեղեկություններով, նշանակված է ԲՀԿ արտահերթ համագումարը, որի ժամանակ, հավանաբար, Ծառուկյանը կստանձնի կուսակցության նախագահի պաշտոնը։ Թերեւս դրանից հետո էլ Ծառուկյանը վերջնական որոշում կկայացնի։ Ուշագրավ է, որ երեկ ԲՀԿ-ականներից մի քանիսը կտրականապես մերժում էին մեզ հետ զրուցել դաշինքի ստորագրման եւ նման այլ հարցերի մասին։ Միքայել Մելքումյանը մեզ հորդորեց մի քանի օր էլ սպասել, եւ ամեն ինչ պարզ կդառնա։
ՀԳ․ Երեկոյան Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց․ «Ինչպես գիտեք, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականության փակված էջը բացելու եւ ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին՝ ընդգծելով, որ պատրաստ է ձեւավորել լայն դաշինք քաղաքական տարբեր կառույցների եւ կուսակցությունների հետ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման եւ բարօրության: Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է՝ Հայաստանի եւ Սփյուռքի ավանդական կուսակցությունների համախմբման միջոցով ստեղծել երկրի խնդիրներով մտահոգ եւ դրանց լուծման պատրաստակամությամբ զինված քաղաքական ուժերի եւ անհատների լայն դաշինք, որպեսզի խորհրդարանում հնարավոր լինի բարձրաձայնել նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները: Պարոն Ծառուկյանի կոչին մինչեւ այս պահն արձագանքել եւ համագործակցության ցանկություն են հայտնել բազմաթիվ կուսակցություններ, այդ թվում՝ նաեւ Ռամկավար ազատական կուսակցության հայաստանյան կառույցը՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: Սակայն այս հայտարարությունից հետո ՌԱԿ-ի տարբեր թեւեր եւ սփուռքյան կառույցներ սկսեցին հանդես գալ իրարամերժ հայտարարություններով, առ այն, որ չեն կիսում ՀՌԱԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու ցանկությունն ու որոշումը: Բացարձակ ցանկություն չունենալով ներքաշվել ՌԱԿ ներկուսակցական ինտրիգների եւ պառակտումների մեջ՝ Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից: Հույս ունենք, որ ՌԱԿ հայաստանյան եւ Սփյուռքի կառույցները կհարթեն իրենց միջեւ առկա տարաձայնությունները: Գագիկ Ծառուկյանը շարունակում է կարեւոր համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը եւ այդ գործում թե՛ հայաստանյան եւ թե՛ Սփյուռքի կուսակցությունների ակտիվ ներգրավվածությունը»:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ